«Նոյեմբերի 9-ի՝ 44-օրյա պատերազմի ռազմական գործողությունների դադարեցման և եռակողմ հայտարարության ստորագրումից անցել է վեց տարի։ Այս վեց տարիների ընթացքում արցախահայության և ընդհանրապես հայ ժողովրդի կյանքում բազմաթիվ ցավալի ու ողբերգական իրադարձություններ են տեղի ունեցել։ Պետք է առանձնացնենք 2022 թվականի Պրահայի քառակողմ հայտարարությունը, որով Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, որ դա ներառում է նաև իր լեզվով ասած՝ Ղարաբաղը՝ Արցախը։ Դրան հաջորդեց Արցախի ամբողջական շրջափակումը։ Ինը ամիս շրջափակումից հետո վերսկսվեցին պատերազմական գործողությունները, և մենք ականատես եղանք Արցախի ցեղասպանությանը, էթնիկ զտմանը և ամբողջական հայաթափմանը։
Մենք խոնարհվում ենք 44-օրյա պատերազմի և սեպտեմբերի 19-ի մեկօրյա պատերազմի զոհերի հիշատակի առաջ։ Միաժամանակ ուզում ենք ընդգծել, որ չենք հրաժարվել արցախցիների իրավունքներից, այդ թվում՝ վերադարձի և հավաքական անվտանգ վերադարձի իրավունքից։ Պահանջում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությունից և միջազգային հանրությունից՝ թե՛ հավաքական և ոչ հավաքական Արևմուտքից, որը մարդու իրավունքների պաշտպանության դրոշակակիրն է, թե՛ Ռուսաստանի Դաշնությունից, որը եռակողմ հայտարարության կողմ է, վերականգնել արդարությունը։ Մենք չենք կարող տարբեր ժամանակներում աշխարհաքաղաքական իրավիճակների սրացումների մշտական զոհը դառնալ։ Մենք ունենք մեր իրավունքները և պատրաստվում ենք ամեն գնով պաշտպանել դրանք, տեր կանգնել մեր իրավունքներին և հավաքականորեն, անվտանգ ու ապահով վերադառնալ մեր հայրենիք»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի հանրային խորհրդի անդամ Նարե Սիմոնյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։





