Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է․ «Ադրբեջանին՝ առանց Անկախության մասին Հռչակագրի Սահմանադրություն պետք չէ իրավական հարթությամբ իբր տարածքային հավակնությունները բացառելու համար։ Հիմար չեն և լավ հասկանում են, որ օրինակ՝ Արցախի ազատագրման պայքարն սկիզբ առավ բացառապես ազգային ոգու և արժանապատվության շնորհիվ, ոչ թե սովետական սահմանադրական նորմերի դրդմամբ։ Երբ Արցախը հայաթափելու պահը հասունացավ, իրենք ոչ թե Արցախի Սահմանադրությունը հիշեցին, այլ շրջանառության մեջ դրեցին միջազգային հանրության շրջանում արժեքավոր այնպիսի աշխատող կեղծ թեզ, ինչպիսին էր «Արցախում իբր ծրագրավորվել էր միջազգային լայնածավալ ահաբեկչություն, ինչն անհրաժեշտ էր անհապաղ կանխել»։ Դե Հայաստանի պարագայում էլ հասունացնում են «ռևանշիստների» թեզը, թեպետ՝ միջազգային ահաբեկչությունից էլ չեն հրաժարվի, քանզի հենց դրա համար բեմադրեցին մի ողջ կեղծ դատավարություն՝ գերեվարելով քաղաքական հայտնի գործիչներին։
Նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք է՝
— որպես խաղաղության համաձայնագիրը անվերջ ձգձգելու և առանց ջանքեր գործադրելու էական զիջումներ կորզելու պատրվակ,
— Հայաստանի ներքաղաքական կյանքը խիստ լարված պահելու, երկպառակություններ սերմանելու և պատերազմի սպառնալիքի աղբյուրը սահուն կերպով Հայաստան տեղափոխելու նպատակով,
— հայի արժանապատվությունը և ինքնությունը լրացուցիչ խոցելի դարձնելու նկատառումով և այլն։
Այսօր, քան երբևէ խիստ արժեքավորվել է այս ամենը գիտակցելու և ջլատված ուժերը համախմբելու հրամայականը։ Բացարձակապես պետք չէ տրվել իրավագիտական անպտուղ բանավեճերին, դրա ժամանակը չէ, քանզի հենց այդ կեղծ օրակարգով ենք մղվում դեպի ներազգային պառակտումների, թշնամիներ փնտրում միայն մեր մեջ։ Աստված պահապան մեր Երկրին…»։






