76 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի կինոգործիչների և թատերական գործիչների միությունների, Հայաստանի Ազգային կինոակադեմիայի անդամ, չորս տասնյակից ավելի ֆիլմերի հեղինակ, բազմաթիվ մրցանակների դափնեկիր, վավերագրող, կինոռեժիսոր Հրանտ Հակոբյանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի կինոգործիչների միությունը։
Հրանտ Հակոբյանը ծնվել է 1950 թվականին Երևանում։ 1974 թվականին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետը (Լ. Վաղարշյանի արվեստանոցը)։ Ավարտելուց հետո 1974-1979 թվականներին աշխատել է որպես ռեժիսոր Իջևանի թատրոնում, այնուհետև՝ որպես ռեժիսորի ասիստենտ և երկրորդ ռեժիսոր «Հայֆիլմ» կինոստուդիայում։ 1982 թվականին վերաորակավորում է անցել Մ. Գորկու անվան ստուդիայում։ 1987 թվականից աշխատել է որպես ռեժիսոր «Հայկ» ստուդիայում։
Նկարահանել է «Բաղոյաններ», «Մարսը մեր կողքին է», «Շրջափակում», «Խաղաղ դեսանտ», «Մոնթե», «Հաղթանակի օրը», «Մեծ քաղաքի փոքրիկ մարդը», «Համահայկական խաղեր», «Արամ Խաչատրյան», «Դիմակայում» և մի շարք այլ ֆիլմեր։





