Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հետևանքների մասին զեկույցի պատրաստումը նորություն չէ, քանի որ դրա վերաբերյալ հանձնարարականը Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի առաջնորդներն ընդունել են դեռևս այս տարվա մայիսին։
Հոկտեմբերի 28-ի ճեպազրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Զախարովան Հայաստանի ղեկավարության արձագանքն անվանել է հապճեպ և ագրեսիվ՝ նշելով, որ Մոսկվայի հասցեին հնչեցված մեղադրանքներին չեն հաջորդել կառուցողական առաջարկներ։ Նա նաև հարց է բարձրացրել, թե ի վերջո դեպի ուր է ինտեգրվում Հայաստանը։
Զախարովան քննադատել է Ռուսաստանին «մետրոպոլիա» և գաղութատիրական քաղաքականություն վարող երկիր ներկայացնելու մոտեցումը՝ պնդելով, որ նման հռետորաբանությունը մոլորեցնում է հայ հասարակությանը և շեղում ուշադրությունը տնտեսական ու անվտանգության խնդիրներից։
Նրա խոսքով՝ Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ուղեգիծը հակասում է ԵԱՏՄ շրջանակում ձևավորված տնտեսական կապերին, իսկ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է հաշվի առնել Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջնորդների մայիսի 29-ի համատեղ հայտարարությունը։






