«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նոյեմբերյանի բնակիչ Մխիթար Խաչիկյանը կգլխավորի նոյեմբերի 29-ին կայանալիք Նոյեմբերյան համայնքի ավագանու համամասնական ընտրություններում «Քաղպայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը։
ՔՊ համայնքապետի թեկնածուն ՖԲ-ում հրապարակած ուղերձում նշել է, որ ուսանել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսահաշվային ֆակուլտետում եւ Ճարտարապետության ու շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քաղաքային տնտեսության ֆակուլտետի մագիստրատուրայում, Դովեղի միջնակարգ դպրոցում 5 տարի դասավանդել է մաթեմատիկա եւ կիրառական տնտեսագիտություն։ Այնուհետ հիմնել ու ղեկավարել է ձեռնարկատիրական ընկերություն, 8 տարի եղել է Նոյեմբերյանի ավագանու անդամ, 2016-ից ղեկավարում է «Տրանսգազ» ՍՊԸ-ի Դիլիջանի գծային շահագործման մասնաճյուղը։
Հավելենք, որ Մխիթար Խաչիկյանի հայրը երկար տարիներ եղել է գազի ծառայության Նոյեմբերյանի տեղամասի տնօրեն, նրանց ընտանիքը Նոյեմբերյան համայնքում մի քանի ԱԳԼՃԿ ունի։ Նաեւ Նոյեմբերյանում տեղակայված թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արկադի Հարությունյանի աներձագն է։ Իր ուղերձում Մ․ Խաչիկյանը խոստացել է ընտրողներին․ «Ինձ համար համայնքի ղեկավար լինելը նշանակում է լսել մարդկանց եւ լինել նրանց կողքին ոչ միայն ընտրություններից առաջ, այլեւ ամենօրյա աշխատանքում։ Նշանակում է ձեր բարձրացրած հարցերը հասցնել ՀՀ կառավարություն եւ հետեւողական լինել, որ չմնան խոսակցության մակարդակում, այլ ստանան լուծումներ»։





