«Սահմանը դեռևս փակ է, սակայն կարծում եմ՝ գործընթացն արդեն զգալիորեն հասունացել է, և միանգամայն հնարավոր է, որ վաղն առավոտյան արթնանանք ու լրահոսում տեսնենք հետևյալ վերնագիրը՝ «Հայաստան–Թուրքիա սահմանը բաց է», Վարշավայում ֆորումի ժամանակ հայտարարում է Հայաստանի ԱԳ նախարարը։ Այս մասին գրում է քաղաքագետ Հակոբ Բադալյանը:
Ի՞նչ պետք է մտածի լսարանը, այս հայտարարությանը ծանոթանալիս։ Լսարանը թերեւս կմտածի, որ Արարատ Միրզոյանն ինքը թերթերից է ծանոթանալու հայ–թուրքական սահմանի բացման մասին տեղեկությանը։ Իհարկե նախարարը այդպիսի բան չի ասում, սակայն ասում է մի բան, որը կարող է բնորոշ լինել ոչ թե պրոցեսի մասնակից սուբյեկտի, այլ՝ օբյեկտի։
Արարատ Միրզոյանը փաստորեն ազդարարում է, որ Հայաստանը այդ պրոցեսում օբյեկտ է։
Խնդիրն այն է, որ, եթե «թարգմանենք» նրա հայտարարությունը, ապա նշանակում է հետեւյալը՝ Թուրքիան ուզի՝ կբացի, չի ուզի՝ չի բացի։ Այլապես, մասնակից սուբյեկտը արտահայտում է իրավիճակի որեւէ քաղաքական բովանդակություն, նկարագրում է որեւէ փուլ, խոսում է հարցի վերաբերյալ քննարկման որեւէ օրակարգի մասին։ Արարատ Միրզոյանի խոսքում այդ ամենը չկա, կա միայն շատ թափանցիկ տողատակը՝ «մենք ինչ իմանանք, թե երբ կբացի սահմանը Թուրքիան»։




