«Հրապարակ»-ը գրում է, որ ադրբեջանցու կրակոցներից տուժած սյունեցի 38-ամյա կնոջ վիճակը բավականին ծանր է, իսկ պատկան գերատեսչություններն ու «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրինությունը դրա վերաբերյալ միտումնավոր լռում են։ Կինն արդեն մի քանի օր է այս հիվանդանոցում, նրան երեկ վիրահատել են, եւս մի քանի վիրահատություն է սպասվում՝ ոտքը անդամահատումից փրկելու համար։
Թերթը նշում է, որ իշխանությունը նախ թաքցրել է ադրբեջանցի զինյալի ներթափանցումը եւ այժմ ներկայացնում է, թե կնոջ կյանքին վտանգ չի սպառնում։ Երեկվա դրությամբ պլանավորված էին երեք վիրահատություն, Անիի ոտքը մինչեւ ծունկը փշրված է, հեռացվել են մեծ քանակությամբ ոսկրային փշուրներ, քննարկվել է ոտքի ոսկրի իմպլանտ տեղադրելու հարցը։


