Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, հայտնի դարձավ, որ ադրբեջանցի զինծառայող Նասիմ Մուսաևը ապօրինի հատել է ՀՀ սահմանը, հասել Սյունիքի մարզի Շաքի բնակավայր, շրջել գյուղում, տներ մտել, գիշերել տներից մեկում, և երբ առավոտյան տան տիկինը՝ 3 անչափահաս երեխաների հետ, վերադարձել է տուն ու իր տանը հայտնաբերել ադրբեջանցուն, վերջինս կրակել է 38-ամյա կնոջ ոտքին։ Վիրավորում է ստացել նաև անչափահաս երեխան։
Yerevan.Today-ի աղբյուրները նոր մանրամասներ են հայտնել ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստանի տարածքում հայտնվելու հանգամանքների վերաբերյալ։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ սեպտեմբերի 25-ին Սյունիքի ուղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից մեկում վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել։ Դրա հետևանքով երկու ադրբեջանցի զինծառայող վիրավորվել է, ևս երկուսը՝ փախուստի դիմել։
Ադրբեջանական ՊՆ-ն և ԱԱԾ-ն զինծառայողների փախուստի մասին իմացել են սեպտեմբերի 26-ին, հայկական կողմին հայտնել են սեպտեմբերի 29-ին։
Մեր տեղեկություններով՝ հենց այդ միջադեպի հետևանքով փախուստի դիմած զինծառայողներից մեկը՝ Նասիմ Մուսաևն է հատել ՀՀ սահմանը և հասել Շաքի գյուղ։
Ենթադրվում է, որ ադրբեջանցի զինծառայողը Հայաստանի տարածքում գտնվել է ավելի քան 5 օր, բայց թե ինչու ՀՀ իրավապահ մարմիններին չի հաջողվել հայտնաբերել զինծառայողին և կանխել միջադեպը, մնում է անհասկանալի։
Նշենք նաև, որ Ադրբեջանում բողոքի ակցիա է իրականացվել՝ պահանջելով վերադարձնել ՀՀ սահմանը հատած Նասիմ Մուսաևին։
Ուշագրավ է, որ ադրբեջանական մամուլում որևէ տեղեկություն չի հրապարակվել ո՛չ սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած միջադեպի, ո՛չ էլ փախուստի դիմած մյուս զինծառայողի մասին։
Չպետք է բացառել հավանականությունը, որ փախուստի դիմած մյուս զինծառայողը ևս կարող է ապօրինի հատած լինել Հայաստանի սահմանը։ Տարբեր տեղեկություններով՝ ադրբեջանցու Հայաստանում գտնվելու լուրերը մի քանի օր Սյունիքում շրջանառվել է քաղաքացիների շրջանում, իսկ ԱԱԾ-ն թաքցրել է և հայտնել միայն լրատվամիջոցների հրապարակումներից հետո։
Yerevan.Today-ը փորձեց կապ հաստատել ԱԱԾ-ի հետ՝ հասկանալու համար, թե արդյո՞ք նրանք որևէ տեղեկություն ունեն ադրբեջանցի 2-րդ զինծառայողի Հայաստան հնարավոր ներթափանցման վերաբերյալ։
ԱԱԾ-ից մեզ ուղղորդեցին թեժ գիծ, թեժ գիծը՝ մամուլի բաժին, իսկ մամուլի բաժինը զանգերը թողեց անպատասխան։
Կապ հաստատելու և մանրամասներ ստանալուն պես՝ հավելյալ կտեղեկացնենք։






