Եթե տվյալներ ունեցել են, որ ադրբեջանցին մեր երկրի տարածք է մտել, ուրեմն ԱԱԾ-ն իր ծառայությունը խստացրել է. բնակիչների շրջանում իրազեկում արել են, թե չեն արել, չեմ կարող ասել, բայց վստահ եմ՝ ոստիկանությանն են ներգրավել, սահմանապահ զորքերի ծառայողներին, որոնողական, փնտրողական աշխատանքներ իրականացրած կլինեն։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը՝ անդրադառնալով Սյունիքում ադրբեջանցի զինծառայողի սահմանը հատելու և Շաքիի բնակչի ոտքին կրակելու դեպքին:
Դիտարկմանը, որ նա, փաստորեն, երկու օր թաքնվել է և ԱԱԾ–ականների կողմից հայտնաբերվել է միայն կրակոցի դեպքից հետո, նա ասաց. «Իրավիճակային պետք է նայել. կարող է այնպես է թաքնվել, որ չեն կարողացել գտնել։ Իհարկե, լավ կլիներ, որ ավելի շուտ հայտնաբերեին, որ այդ դեպքն էլ տեղի չունենար։ Դետալացված պետք է հասկանալ՝ փնտրողական, որոնողական աշխատանքները արդյոք ճիշտ են կազմակերպվել, արվե՞լ է այն ամենը, ինչ պետք է արվեր, թե ոչ։ Հաստատված պլաններ գոյություն ունեն, որոնց շրջանակներում էլ այդ ամենն իրականացվում է, ճանապարհներ են փակվում, բնակչությունն է իրազեկվում։ Եթե բնակիչները տեղյակ չեն եղել, եթե տեսանելի որոնողական աշխատանքներ չեն իրականացվել, ուրեմն թերացել են»։
ԱԱԾ նախկին տնօրենը նաև նկատեց, որ ԱԱԾ–ի ոչ մի աշխատող չի կարող փակ տունը բացել, մտնել. «Դու չես կարող բացել, նայել՝ տանը մարդ կա, թե չկա, եթե դու չունես տվյալ, որ այնտեղ մարդ կա թաքնված։ Պատկերացրեք, փակ տուն է, արտաքինից չի երևում, որ ներխուժում է եղել, ինքն էլ այդտեղ ծվարել է, կարող են չէ՞ չտեսնել»։






