Ի դեպ, Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարին՝ Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ 14 զինծառայողների զոհվելուց հետո։
Աշխարհում ձևավորված պրակտիկա է որևէ երկրում ողբերգությունից հետո քաղաքական պատասխանատվության ստանձնումը։
Սակայն ի՞նչ ենք տեսնում այստեղ՝ Հայաստանում։
Հայաստանի Պաշտպանության ներկայիս նախարար Սուրեն Պապիկյանի պաշտոնավարման ընթացքում՝ Ադրբեջանը լայնածավալ հարձակում է իրականացրել Հայաստանի Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղությամբ։ Ագրեսիայի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, հայկական կողմն ունեցել է 200-ից ավել զոհ, ավելի քան 20 գերեվարված և մոտ 300 վիրավոր։ Հայկական կողմը կորցրել է նաև տարածքներ, որոնք մինչև հիմա օկուպացված են թշնամու կողմից։
Բացի այդ 2023 թվականի հունվարի 19-ին Ազատ գյուղի տարածքում գտնվող Զինված ուժերի կացարանում հրդեհի հետևանքով զոհվեց 15 զինծառայող։
Իսկ թե ինչ բարոյահոգեբանական իրավիճակ է տիրում այսօր բանակում, արտացոլվում է լրահոսում։ Մշտապես խաղաղ պայմաններում ունենում ենք զոհեր, ինքնասպանություններ, ծեծկռտուք, զինվորների նկատմամբ դաժան վերաբերմունք և այլն։
Բայց Պապիկյանն ասում է․
«Բանակում մահերի համար Պաշտպանության նախարարին մեղադրելը նորություն է»։
Դե իսկ մինչ Սուրեն Պապիկյանը հարմարվում է նորություններին, մեզ մոտ հարց է առաջանում․ եթե պաշտպանության նախարարն իր ղեկավարած ոլորտում տեղի ունեցածի համար քաղաքական պատասխանատվություն չի կրում, ապա ո՞վ պետք է կրի այդ պատասխանատվությունը։






