Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը։ Այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը։
Նա ծնունդով Շիրակի մարզից է, մասնակցել է արցախյան առաջին պատերազմին, 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի Գյումրիի շտաբի պատասխանատուն:
Այս պաշտոնն է զբաղեցնում 2020 թվականից: Այս 6 տարիներին մի քանի անգամ լուրեր տարածվեցին, որ նա հեռանում է, սակայն մնաց: Նա ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախկին նախագահ Անդրանիկ Քոչարյանի ընկերն է:
Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով բանակում մահվան դեպքերին նշել էր․ «Ես որոշումը կայացրել եմ արդեն, Ռազմական ոստիկանությունում փոփոխություն կունենանք, բարոյահոգեբանական ապահովման վարչությունում փոփոխություն կունենանք, նաև մանրամասն կվերլուծենք, թե ինչու այդ ուղղությամբ մեր գործադրած ջանքերը մեզ համար ցանկալի արդյունքներ չեն տալիս, և հետևությունների կգանք»։




