Պաշտոնական Թեհրանը հերքել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, թե ԱՄՆ-ն և Իրանը բանակցություններ են իրականացնելու իրար հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Իրանը բանակցում է միայն Օմանի հետ։
«Այս պահին մենք որևէ բանակցություն չունենք ԱՄՆ-ի հետ։ Այժմ բանակցություններ են ընթանում Օմանի հետ՝ Հորմուզի նեղուցով անվտանգ նավարկություն ապահովող երթուղու վերաբերյալ համաձայնության հասնելու նպատակով», – մամուլի ասուլիսի ընթացքում նշել է Բաղային։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը օգոստոսի 3-ին խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ կունենան՝ առանց մանրամասնելու, թե որտեղ են դրանք անցկացվելու և ովքեր են լինելու բանակցային սեղանի շուրջ։
Բացի այդ, Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել էր, որ համաձայնել է չեղարկել Իրանի դեմ նախատեսված հզոր հարվածը՝ Թեհրանի հետ համաձայնության հասնելու նպատակով։





