ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի ելույթը․
«Սիրելի հայրենակիցներ,
Իններորդ գումարման խորհրդարանի աշխատանքային երկրորդ օրն է, և մենք քննարկում ենք Ազգային ժողովի նախագահի ընտրության հարցը։
Պարոն Ռուբինյան, անկեղծ պետք է խոստովանեմ՝ երեկ զարմացած էի Ձեր ելույթից, բովանդակությունից, հանգստությունից, հանդարտությունից, որովհետև, երբ տիկին Մանավազյանը ներկայացնում էր Ձեր կենսագրությունը և ընդգծում էր Ձեր հավասարակշիռ լինելը, անկեղծ ասած՝ գործընկերների հետ հիշում էինք վերջին մեկ-երկու տարվա ընթացքում։ Կներեք, բայց ոչ այդքան հավասարակշիռ պահվածքը։
Ես հիշում եմ՝ ՔՊ-ի մասին մի բան այստեղ ասում էինք, այնտեղից արագ-արագ գալիս էիք։ Ուրախ եմ, բայց չեմ կարծում, որ այդ հանգստությունը Դուք, պարոն Ալեքսանյանը, պարոն Կոնջորյանը պահպանելու եք, երբ որ հայտնվեք այստեղ։
Հիմա այդ ծանր բեռը ուսերին է պարոն Հասանովի, և, վստահաբար, երբ որ այդ քաղաքական պատասխանատվությունն այլևս Ձեր ուսերին լինի, էն հանդարտությունը, էն համեստությունը, որ ցուցաբերելու եք, վստահաբար չի լինելու։
Սիրելի հայրենակիցներ, ինչպես ասում են, երեք բանի անվերջ կարելի է նայել՝ հոսող ջրին, վառվող կրակին, մեկ էլ՝ թե ոնց է ՔՊ-ն օրեր շարունակ փորձում ապացուցել, որ ինքը ժողովրդավար է, որ ինքը ընտրություններ չի կեղծել։
Երեկ բանը հասավ այնտեղ, որ ՔՊ-ական պատգամավորը ասում է՝ ով որ ընտրություն է կեղծել, շան տղա է։
Ժողովուրդ ջան, սուս մնացեք, սուս մնացեք։ Ժողովուրդ ջան, դուք օրը ցերեկով 60 հազար քաղաքացու ձայն գողացել եք։ Օրը ցերեկով եք գողացել։ Հա, քվեաթերթիկներդ չեք տարել, չգիտեմ՝ որտեղ պահել, չգիտեմ՝ ինչեր չեք արել։
Պարոն Արայիկ Հարությունյան, շատ ուրախ եմ, որ այստեղ եք։ Ես վստահ եմ, որ մենք դեռ բազմաթիվ առիթներ ենք ունենալու տարատեսակ հարցերի շուրջ երկխոսություն ունենալու։ Շատ ուրախ եմ դրա համար։
Այո՛, դուք մեկ քլիքով գողացել եք 60 հազար քաղաքացու ձայն։ Դուք մանդատագողեր եք։ Փորձեք առերեսվել այդ իրականության հետ։ Դուք ժողովրդավարության հետ կապ չունեք այլևս։
Դուք ժողովրդավարության հետ կապ ունեք այնքան, որքան ընդդիմության վրա հարձակվող կարմիր բերետավորները՝ դիվանագիտական արվեստի։ Դուք այդքան կապ ունեք ժողովրդավարության հետ։ Դուք ի՞նչ կապ ունեք ժողովրդավարության հետ։
Բայց մանդատները գողանալով միայն չեք բավարարվել։ Դուք այդ մարդուն հիմա ունեզրկում եք։
Ես երբեք չեմ կիսել Գագիկ Ծառուկյանի քաղաքական ճաշակը։ Երբեք չեմ կիսել։ Բայց դուք այդ մարդու ձայները գողացել եք, մանդատները գողացել եք, հիմա էլ ոտնձգություն եք իրականացնում իր ունեցվածքի նկատմամբ։
Գործընկերներ ջան, նկատե՞լ եք՝ այդ մարդը «Արարատ» անունով ինչ ունի։ Հիմա վերցնում են։ Ֆիքսե՞լ եք դա։
Ես վստահ եմ՝ անգամ ունեցվածքը չէ հարցը, այդ ցուցանակներն է հարցը։ «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի ցուցանակը հանելն է, երևի, հարցը։ «Արարատ ցեմենտ» գործարանի ցուցանակը հանելն է խնդիրը։ Դարպասներն էլ չի, ոնց որ վստահեցնում են։ Ես վստահ եմ, որ խնդիրը դա է։
Կամ, պարոն Ալեքսանյան, «Մուլտիվելնեսը», եթե չեմ սխալվում, այնտեղ եք, չէ՞, մարզվում։ Մարզվելու ընթացքում էիք հասկացել, որ ապօրինի շինարարություն է, ու պետք է քաղաքապետարանը խլի՞։
Որ պարզ է, գործընկերներ ջան, մերօրյա Հայաստանում, իրական Հայաստանում, ինչպես պնդում է իշխանությունը, փոխում ես՝ դառնում է օրինական։ «Մուլտիվելնեսն» այլևս օրինական է, որովհետև այս իշխանությունները խլել են, իրենց ցուցանակը փակցրել են։
Ես ուրախ եմ, պարոն Ալեքսանյան, որ Դուք հիմա օրինական մարզասրահում եք։ Այլևս ֆիզիկական հաջողություններ եք արձանագրելու։
Դուք կատակը մի կողմ, ժողովրդավարության բաստիոն էիք, չէ՞, խոստանում։ Ոչ թե բաստիոն։ Մի ամբողջ թագավորություն եք կառուցել, պարոն Ռուբինյան։ Մի ամբողջ թագավորություն՝ ստի, կեղծիքի, ապօրինությունների, անօրինականությունների, բռնաճնշումների։ Դուք այ՛դ թագավորությունն եք կառուցել։
Պարոն Ռուբինյան, Դուք երեկ ասում եք, որ քաղաքական ճնշումներ չկան։ Դուք մի իշխանություն եք, որը քաղաքացուն՝ կլինի բլոգեր, շարքային քաղաքացի, գրառման համար ոստիկանություն եք պառկեցնում։ Ոստիկանությունը՝ Ձեզ ծառայող ուժային համակարգը, ամբողջ իրավապահ համակարգը գործեր է հարուցում։
Մարդասպանին, էթիկայի բոլոր նորմերը հարգելով, բերման եք ենթարկում։ Դուք պետական ծառայողին ժողովուրդ ջան, լայքի համար գործից հանում եք։ Լայքի համար գործից հանում եք, ու դուք խոսում եք քաղաքական ճնշումների մասին։
Ազգային անվտանգության ծառայության խցիկից օդանավակայանի տեսանյութ է տարածվում։ Պարոն Ալեքսանյանն այնտեղից ասում է, հարցազրույց է տալիս լրագրողներին՝ «Ես ի՞նչ, որտեղի՞ց է դուրս եկել»։ Խցիկից է դուրս եկել այդ տեսանյութը, հասկանո՞ւմ եք։
Հետո Նիկոլ Փաշինյանը ուղիղ տեքստով ասում է՝ լավ ենք անում։
Դուք այդ իշխանությունն եք։ Դուք այլևս ձև չեք թափում անգամ փաթեթավորելու համար Ձեր ընտրակեղծիքները, Ձեր ապօրինությունները, Ձեր բռնաճնշումները։
Վերջում, պարոն Ռուբինյան, երեկ, անկեղծ ասած, Ձեր ելույթից, որը, անկեղծորեն ասած, հիացրեց ինձ, այո՛, բայց կեղծ էր։ Կեղծ էր, վստահաբար կեղծ էր։ Ժամանակ եք շահում հիմա, որ այստեղ իրավիճակը չլարվի։ Բոլորս ամեն ինչ շատ լավ հասկանում ենք։
Ինչևէ, Դուք անգամ փորձեցիք այսպես դրամատիզացնել իրավիճակը։ Ասացիք, որ այդ քաղաքական բռնաճնշումները այն ժամանակ էին, երբ որ Ձեր 18-ամյակն էր, Ձեր հորը բերման էին ենթարկել, և Ձեր 18-ամյակը Դուք առանց հայրիկի եք դիմավորել։
Ես ցավում եմ իսկապես դրա համար։ Ես վստահ եմ, որ Դուք ցավ եք ապրել դրա համար։ Բայց ես նաև վստահ եմ, որ ամենամեծ ցավը, որը որ Դուք հիմա չեք գիտակցում, Ձեզ հետ կատարվել է 18 տարի հետո։
Որովհետև հիմա, օրինակ, կա 13 տարեկան աղջիկ, երեխա, ով իր մայրիկին տեսնելու, խոսելու հնարավորություն պարզապես չունի։ Տաթևի տղան՝ 10 տարեկան տղա երեխա, ի դեպ, իր ծնունդը նախանցած տարի էլի դիմավորել է առանց մայրիկի՝ Ձեր իշխանության օրոք, պարոն Ռուբինյան։
Այդ ցավը այն է, որ Դուք հիմա ամեն ինչ անում եք արդարացնելու համար այն բոլոր ապօրինությունները և բռնաճնշումները, որոնք Դուք ասում եք, որ Ձեր մաշկի վրա զգացել եք։
Հիմա ավելի վատ տարբերակները… Ես չեմ ուզում անդրադառնալ նախկինին։ Ավելի վատ դրսևորումները Դուք արդարացնում եք։
Բայց անկախ ամեն ինչից, գիտե՞ք, երբ որ Դուք ասում էիք, որ 18-ամյակս առանց հայրիկի եմ դիմավորել, նստած գիտե՞ք՝ ինչ էի մտածում։
Նախ՝ մի՛ բերեք էլ այսօր այդ օրինակը։ Գիտե՞ք՝ ինչու։ Որովհետև Դուք հավակնում եք Ազգային ժողովի նախագահի պաշտոնին՝ բարձր պաշտոնի, բայց Դուք մի իշխանության ներկայացուցիչ եք, որի օրոք, որի պատճառով բազմաթիվ տղաներ այդպես էլ մնացին 18 տարեկան։
Մի՛ բերեք այդ օրինակը այլևս»։
Մանրամասն՝ տեսանյութում։


