Ինչպես դիմել քոլեջ. հաստատվել է մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունելության նոր կարգը. ԿԳՄՍՆ

6 Հուլիսի, 2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունելության նոր կարգը:

Կատարված հիմնական փոփոխությամբ՝ կատարելագործվել է կրթության տարբեր մակարդակների տեղեկատվական բազաների փոխկապակցման համակարգը։ Քոլեջների ընդունելության գործընթացը թվայնացվել է՝ դիմորդների տվյալները և անհրաժեշտ փաստաթղթերը ներբեռնվելու են ինքնաշխատ եղանակով, միասնական թվային հարթակում  ներկայացվելու են առաջարկվող կրթական ծառայությունները, միջին մասնագիտական և արհեստագործական կրթական ծրագրերը,  որակավորումները, ուսուցման ժամկետները, ուսուցման կազմակերպման մեթոդաբանությունը, աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևերի  կիրառումը, ընդունելության պայմանները, ինչպես նաև դիմորդի հետ կնքվելիք պայմանագրի պայմանները և այլն։

Ինչպես դիմել քոլեջ

Մասնագիտական ուսումնական հաստատության՝ քոլեջի դիմորդը dimord.emis.am  համակարգում էլեկտրոնային եղանակով լրացնում է դիմում-հայտը, որը ներառում է անձնական տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար) և հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ), ինչպես նաև լուսանկար, կրթության վկայական։

Դիմորդը կարող է դիմել մեկ հաստատություն՝ մեկ մասնագիտության համար՝ անվճար և վճարովի ուսուցման հիմունքով: Քոլեջ դիմելու ուղեցույցը՝ ըստ քայլերի հաջորդականության, կհրապարակվի առաջիկայում։

Միասնական մոտեցում

Մասնագիտական կրթության ոլորտում սահմանվել է նաև ընդունելության միասնական կարգավորում՝ անկախ հիմնադրից և կազմակերպաիրավական ձևից՝ բոլոր դիմորդների հայտերը կներկայացվեն նույն համակարգում, ինչը հնարավորություն կտա դիմորդներին մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (ՄԿԿՏՀ) հայտադիմում ներկայացնելիս տեսնել տարբեր ՄՈՒՀ-երի ծառայություններն ու առաջարկվող որակավորումները և ունենալ այլընտրանք։

Կարգով սահմանվել է նաև, որ հեռակա ուսուցման ձևն աստիճանաբար կփոխարինվի լրիվ կամ մասնակի բեռնվածության ուսումնառությամբ:

Ընդունելության ժամկետներ

Մրցույթին մասնակցելու համար դիմորդի դիմում-հայտը և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ընդունվում են համակարգ՝ ոչ ուշ, քան հուլիսի 10-ը.

ոչ ոլորտային մասնագիտություններով` մինչև օգոստոսի 10-ը՝ ժամը 18:00-ն,

ոլորտային մասնագիտություններով` մինչև հուլիսի 24-ը՝ ժամը 18:00-ն:

Քննություններն անցկացվում են հուլիսի 25-ից օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում։

Հեռակա ուսուցմամբ ընդունելությունը, համաձայն նախարարի հրամանի, կարող է կազմակերպվել գործող կարգին համապատասխան՝ մինչև լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ կրթության կազմակերպման կարգի ընդունումը։

Ընդունելության պայմաններ

Ընդունելությունն իրականացվում է առանց քննությունների՝ բացառությամբ արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթության մակարդակում մշակույթի, սպորտի, բժշկության ոլորտների և լիազոր մարմնի սահմանած այլ ոլորտային մասնագիտությունների։

Սպորտի բնագավառի մարզաձևերով Եվրոպայի և աշխարհի մրցանակակիր դիմորդները նույն մարզաձևի ուղղվածությամբ ընդունելության հայտ ներկայացնելու դեպքում օգտվում են առանց քննության և մրցույթի ընդունվելու իրավունքից։ Ոստիկանության, պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող այլ գերակա ոլորտներում կրթական ծրագրեր իրականացնող ՄՈՒՀ-երի ընդունելությունն իրականացվում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարի  հրամանով սահմանված կարգով։

Մշակույթի և սպորտի ոլորտների ուղղվածությամբ ընդունելություն իրականացնող քոլեջները ոչ ուշ, քան մեկ տարի առաջ հրապարակում են ընդունելության համար անհրաժեշտ մասնագիտական քննությունները և դրանց անցկացման պայմանները։

Ընդունելության մրցույթն անցկացվում է տվյալ որակավորման (ուղղվածության) կամ մասնագիտության մուտքային պահանջի համար սահմանված միավորների հաշվարկմամբ՝ հիմք ընդունելով հիմնական կամ միջնակարգ կրթության ավարտական փաստաթղթի միավորները, այդ թվում՝ ավարտական և պետական ամփոփիչ քննության միավորները։

Արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրով որակավորված և միջնակարգ կրթության ավարտական փաստաթուղթ չունեցող դիմորդների համար հիմք են ընդունվում հիմնական կրթության և արհեստագործական  կամ  միջին մասնագիտական կրթության մակարդակի ավարտական փաստաթղթի՝ դիպլոմի ներդիրի համապատասխան առարկաների գնահատականները։ Միասնական քննություն հանձնած դիմորդը կարող է որպես միավորների հաշվարկման հիմք ներկայացնել նաև իր քննական միավորը։

Մանրամասները՝ այստեղ:

Նմանատիպ նյութեր

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը դատական հայցեր են ներկայացրել ընդդեմ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ)՝ պահանջելով չեղարկել իրենց աշխատանքից ազատելու մասին որոշումները։ Այս մասին տեղեկությունները հայտնի են դառնում Datalex դատական տեղեկատվական...

«Որտե՞ղ են ռիսկերի գնահատումները»․ Արեգա Հովսեփյանը՝ ԱԳՆ եզրակացության մասին

«Քննարկվում է կարևոր հարց, իսկ մեզ ուղարկված ԱԳՆ եզրակացությունը ընդամենը մեկուկես էջ է կազմում։ Տեղեկանքը երեք պարբերությունից է բաղկացած։ Ընդ որում՝ եզրակացության մեջ, եթե չեմ սխալվում, մյուս գերատեսչությունների մոտեցումները գրեթե...

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

75 տարեկանում կյանքից հեռացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ֆեյսբուքյան...

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի տնտեսական համագործակցության վերականգնմանը, ինչպես նաև Իրանի շուրջ...