Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում

20 Հունիսի, 2026

«Գեղարդ» վերլուծականը հոդված է հրապարակել.

Ի պատասխան հունիսի 18-ին Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարության՝ թե «հայերը մզկիթներում պահել են տարբեր կենդանիներ և ոչնչացրել են շուրջ 65 մզկիթ»։

Ասվածը, մեղմ ասած, բացարձակ չի համապատասխանում իրականությանը, ավելին՝ նախագահ Իլհամ Ալիևը երևի «մոռանում է» բարձրաձայնել հենց Ադրբեջանի տարածքում մզկիթների անմխիթար վիճակի մասին, որոնց մամուլի անազատության պայմաններում անգամ անդրադարձել են ադրբեջանցի մասնագետներն ու իրավապաշտպանները։

Ոչ վաղ անցյալում՝ 2020 թվականի օգոստոսին, «Ադրբեջանի Ժողովրդավարության և մարդու իրավունքների ինստիտուտի» ղեկավար Ահմադ Շահիդովն ահազանգել էր, որ «Ադրբեջանի բազմաթիվ գյուղերում մզկիթներն օգտագործվում են որպես անասնագոմեր և պահեստներ: Իսլամական երկրում այս մոտեցումը ոչ այլ ինչ է, քան անաստվածություն»։ Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ Ադրբեջանում կան բազմաթիվ մզկիթներ, որոնք գտնվում են սարսափելի վիճակում։ «Մենք ունենք պատմական շատ հուշարձաններ Իլիսուում, Սարըբաշում և այլ գյուղերում: Պատմական այդ հուշարձաններն անուշադրության ու անփութության հետևանքով տարիներ շարունակ ավերվում և հողին են հավասարեցվում»,-ասել է Շահիդովը։ Վերջինիս պնդմամբ՝ Գախի շրջանում պատմական հուշարձանների ոչնչացման համար մեղավոր են պատասխանատու կառույցները․ «մեղավոր են թե՛ Գախի շրջանի գործադիր իշխանությունը, և թե՛ պատմամշակութային հուշարձանները վերահսկող կառույցները: Նրանք ընդհանրապես չեն կատարում իրենց առջև դրած պարտականությունները: Ահա թե ինչու է իրավիճակն այսքան աղետալի: Հազարամյա պատմություն ունեցող հուշարձանները, արգելոցները և ամրոցները պարզապես ոչնչանում են»:

Ծանոթանալով Ադրբեջանի տարածքում գտնվող մզկիթների պահպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ կարող ենք ասել, որ դրանք չեն համապատասխանում միջազգային չափանիշներին:

Ադրբեջանը տարիներ շարունակ տարբեր հարթակներում մեղադրանքներ է հնչեցնում, թե հայերը «ոչնչացրել են» Արցախի տարածքում գտնվող մզկիթները։ Չնայած այդ մշակութային արժեքներն իրականում որևէ աղերս չունեն այսպես կոչված «ադրբեջանական մշակույթ»-ի հետ, այնուամենայնիվ պատմական փաստերը խեղաթյուրելով ու հայերի մասին թյուր կարծիք ձևավորելով՝ ադրբեջանական կողմը փորձում է «հրավիրել» միջազգային հանրության ուշադրությունը։

Փաստերը վկայում են, որ ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվող «մշակութային քաղաքականություն» կոչվածը ուղիղ սպառնալիք է իսլամական պատմամշակութային արժեքների պահպանության համար: Ադրբեջանի տարածքում վտանգված են թե՛ քրիստոնեական, թե՛ մուսուլմանական պատմամշակութային հուշարձանները։

«Գեղարդ» հիմնադրամն ավելի վաղ անդրադարձել է Ադրբեջանում գտնվող պատմական հուշարձանների անմխիթար վիճակին, մզկիթների և համամների պահպանության խնդիրներին՝ շարունակելով ուսումնասիրությունների շարքը:

Խաչմազի շրջանի Խուդաթ քաղաքում գտնվող Ջումա մզկիթը ենթակա է փլուզման։ Պատկան մարմինները, տեղյակ լինելով մզկիթի անմխիթար վիճակի մասին, որևէ միջացառում չեն ձեռնարկել այն վերականգնելու ուղղությամբ: Մզկիթը կառուցվել է Իսլամական ժառանգության վերածննդի քուվեյթական ընկերության կողմից 1993-1995 թվականներին: Մուսուլմանական մշակութային ժառանգության այս մասնիկը, որը հայտնի է նաև Շեյխ Մահամմադ Յարագլը անունով, չի գործում դեռևս 2001 թվականից։ Տեղի բնակիչներից մեկի խոսքով՝ մզկիթը վերածվել է թմրամոլների ապաստարանի․ «Խուդաթում մզկիթը փակել են, իսկ դրան կից բակը՝ վաճառել: Մշակութային հուշարձանն ամբողջությամբ վերածվել է աղբանոցի: Մզկիթի ներսում կարելի է տեսնել գարեջրի շշեր և ներարկիչներ»:

Վտանգված է նաև Գախի շրջանի Չինարլը գյուղի մզկիթը: 17-րդ դարում կառուցված մզկիթը վերջին անգամ վերանորոգվել է խորհրդային տարիներին և այսօր ավերակ է: Մզկիթի պատերն ամբողջությամբ ճաքճքված են, իսկ տանիքը՝ խարխլված: Բնակիչները փաստում են, որ չնայած համապատասխան մարմիններին ուղղված բազմաթիվ դիմումներին՝ մինչև օրս որևէ քայլ չի ձեռնարկվել մշակութային այս ժառանգությունը պահպանելու ուղղությամբ: Հարցի մասին բարձրաձայնել են նաև տեղական հեռուստաալիքները՝ դիմելով Մշակույթի նախարարությանը, որը պնդել է, թե որևէ դիմում չեն ստացել ոչ՛ գյուղի բնակիչներից, ո՛չ էլ այլ կառույցներից: Փաստացի, այս գործելաոճով ադրբեջանական իշխանությունները նպատակաուղղված անուշադրության են մատնում առկա խնդիրները։

17-րդ դարասկզբին կառուցված Շահ Աբբաս մզկիթը ևս պատմական արժեքավոր հուշարձան է (գտնվում է Թովուզի շրջանի Յանըգլը գյուղում) և պետության անփութության հետևանքով ենթակա է փլուզման: Իր շինարարական ոճով այն նման է Գանձակի (Գյանջա) Շահ Աբբաս մզկիթին: 2014 թվականին մզկիթի գմբեթն ամբողջությամբ փլուզվել է: Չնայած որ 2022 թվականին հայտարարվել էր մզկիթի վերականգնման աշխատանքների անհրաժեշտության մասին՝ այնուամենայնիվ գործնական որևէ քայլ չի իրականացվել այդ ուղղությամբ: 2024 թվականին տեղի բնակիչներից մեկի հրապարակած տեսանյութի համաձայն՝ մզկիթը վերածված է ավերակների: «Մենք մեղադրում ենք հայկական կողմին, ասելով թե հայերը մեր մզկիթներն ավերել են, բայց տեսեք, թե ինչ վիճակում է գտնվում այս մզկիթը: Ես չգիտեմ, թե որտե՞ղ է համապատասխան կառույցների ուշադրությունը, և ընդհանրապես ի՞նչ է կատարվում այս երկրում»:

Մզկիթի պահպանման խնդրի վերաբերյալ հերթական արձագանքը եղավ 2026 թվականին: «Ինչու՞ չի վերականգնվում ավելի քան երեքդարյա պատմություն ունեցող մզկիթը»- ահա այս հարցի պատասխանն է հուզում պատմամշակութային այս կառույցի ճակատագրով հետաքրքրվողներին:

Նույն ճակատագրին է արժանացել նաև 19-րդ դարում Ղուբայի շրջանի Մոհուջ գյուղում կառուցված մզկիթը: Թեև 2022 թվականին մզկիթի վերականգնման նախագիծը հաստատվել էր Պատմության ինստիտուտի կողմից, սակայն նախագծի իրականացումը չի թույլատրվել:

2025 թվականի մարտին Ադրբեջանի Մշակութային ժառանգության պահպանման, զարգացման և վերականգնման պետական ծառայությունը հայտնել է, որ «կիսավեր լինելու պատճառով պատմական հուշարձանը գտնվում է վերահսկողության տակ և մոտ օրերս նախատեսվում է ստուգումներ իրականացնել»: Այնուամենայնիվ՝ 2026 թվականին սոցիալական ցանցերում մզկիթի վերաբերյալ տարածված տեսանյութն այլ բան է փաստում։ «Մոհուջի պատմական հուշարձանը ոչնչանում է: Մզկիթի քանդվող պատերն անփութության և անտարբերության հետևանք են»: Նշենք, որ տեսանյութը հեռացվել է համացանցից:

19-րդ դարի սկզբին կառուցված մեկ այլ մզկիթ Ղուբայի շրջանի Բիրինջի Նուգադի գյուղում է։ Երկհարկանի շենքը կիսավեր է․ շինության պատերին կան խոշոր ճաքեր, խարխլված է առաստաղը։ Տեղումների ժամանակ մզկիթի առաջին հարկը ողողվում է ջրով։ Ելք փորձում են գտնել տեղի բնակիչները՝ ծածկելով տանիքը։ Դադարեցվել է նաև երկրորդ հարկի օգտագործումը՝ հաշվի առնելով դրա վտանգավոր վիճակը: «Մենք վախը սրտներումս ենք աղոթում»-նշել է տեղի բնակչներից մեկը:

Ադրբեջանի Մշակույթի նախարարությանը կից Մշակութային ժառանգության պահպանման, զարգացման և վերականգնման պետական ծառայությունը դեռևս 2020 թվականին հայտնել էր, որ ավարտական փուլում են գտնվում պատմամշակութային մի շարք ժառանգությունների վերականգնման աշխատանքները, այդ թվում՝ Բիրինջի Նուգադի մզկիթի։ Սակայն 2025 թվականին հրապարակված տեսանյութը փաստում է, որ այս մզկիթում վերականգնողական որևէ աշխատանք չի իրականացվել, և այսօր էլ մուսուլմանական մշակութային ժառանգության այս մասնիկը շարունակում է վտանգված մնալ:

Նույնպիսի պատկեր է Աղստաֆայի շրջանում: Գրախ Քասամա և Աշաղը Քասամա գյուղերի՝ 200 տարվա պատմություն ունեցող հնագույն շինությունները ոչնչացման եզրին են։

«Տեսեք, ինչ վիճակում է մեր պաշտամունքի վայրը. այս ամենը ցավալի է»- ասել է բնակիչներից մեկը։

Ավերակների է վերածված նաև Աղստաֆայի շրջանի Գարահասանլը գյուղի՝ 19-րդ դարի սկզբին կառուցված մզկիթը։ «Դժվար է այն մզկիթ անվանել, քանի որ այստեղ մզկիթ հիշեցնող ոչինչ չի մնացել»- փաստում են ականատեսները: Կիսաավեր այդ մզկիթի երկու գմբեթներն ամբողջությամբ փլուզված են, իսկ դռներն ու պատուհանները՝ խարխլված:

Այսպիսով՝ ադրբեջանական կողմը փաստացի պատերազմ է հայտարարել նաև իսլամական քաղաքակրթությանը՝ համակարգված ոչնչացնելով իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում պատմական տարբեր ժամանակաշրջաններում ու տարբեր ժողովուրդների կողմից ստեղծված մշակութային ու կրոնական ժառանգությունը: «Բազմամշակութային» Ադրբեջանը 21-րդ դարում վերածվել է ուղիղ սպառնալիքի տարածաշրջանի բնիկ ժողովուրդների համար. վերջիններիս կողմից ստեղծված մշակութային և պատմական արժեքները նպատակաուղղված կերպով ոչնչացվում կամ յուրացվում են՝ ծառայեցվելով ադրբեջանական «ինքնութենական ինժեներիայի սրբազան գործին»: Պետք է փաստել, որ երկրում գտնվող մզկիթների հանդեպ ադրբեջանական իշխանությունների անտարբեր վերաբերմունքը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ վերոնշյալ մշակութային արժեքները որևէ կապ չունեն Ադրբեջան պետության ու «ադրբեջանական մշակույթի» հետ:

Նմանատիպ նյութեր

Հիմա ավելի սարսափելի տեղ ենք հասել. ՊՆ-ն զինծառայողի մահը չի հաղորդում. Գեղամ Մանուկյան

  «Ահավոր բան է կատարվում. շատ խոսվեց զոհվածների ցանկերի հետ կապված:  «Զինապահում» չկան 44-օրյա պատերազմում մեր նահատակների, զոհվածների բոլորի անունները: Հրապարակված չեն 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով...

Խաղաղությունը պարտադրվում է․ Բարի կամքով երկու երկիր իրար հետ խաղաղություն չեն կնքում․ Արթուր Խաչատրյան 

«Աշխարհը փոխվել է, հազար տարի հետ է ընկել։ Գործում է «խաղաղություն ուժի միջոցով» այդ սկզբունքը, և դրա մասին հայտարարվել է հստակ։ Միացյալ Նահանգները իր հարցերը տարածաշրջանում փորձում է լուծել ուժի միջոցով՝ դրա մասին հստակ հայտարարելով, որ...

Թոշակառուների համար անվճար մուտք սահմանելը պետության վրա զրո դրամի լրացուցիչ ծախս է ավելացնում․ Հրայր Կամենդատյան

Թոշակառուների համար անվճար մուտք սահմանելը պետության վրա զրո դրամի լրացուցիչ ծախս է ավելացնում․ Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անվճար մուտք թոշակառուներին. Հայաստանի թանգարաններում տիրող իրավիճակը վառ ապացույցն է այն բանի, թե ինչպես է անարդյունավետ բյուրոկրատիան սպանում թե՛ մշակութային կյանքը, թե՛ տնտեսական տրամաբանությունը։ 1. Դատարկ...

Նախորդ խորհրդարանը հայ հասարակության մեջ ամենաբացասական ընկալվող խորհրդարանն է եղել․ Կարապետյան 

«Ֆինանսավարկային հանձնաժողովը։ Մեր պետական բյուջեի դեֆիցիտը կատաստրոֆիկ մասշտաբների է հասել՝ 1,4 միլիարդ դոլար այս տարի։ Եվ մենք պետք է կարողանանք վերահսկել այդ ծախսերը՝ տարեկան, ամսական 120 միլիոն դոլարից ավել մենք վարկ ենք վերցնում, որ...

2026-ի յոթ ամիսների ընթացքում ոչ մարտական պայմաններում ունեցել ենք 8 մահ․ Աննա Գրիգորյանը՝ Վիլեն Գաբրիելյանին

  «Պարո՛ն Գաբրիելյան, միայն 2026 թվականի յոթ ամիսների ընթացքում ոչ մարտական պայմաններում ունեցել ենք ութ մահ: Սա ուղղակի խայտառակություն է: Ես ուզում եմ, որ դուք ձեր պատկերացումները ներկայացնեք, թե այս ողբերգական իրավիճակը ոնց կարելի...