Եկեղեցու սպասավորները այսօր ևս ՀՀ իշխանությունների կողմից անհիմն մեղադրանքներով ենթարկվում են հետապնդումների. Գարեգին Բ

24 Մայիսի, 2026

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ տեղի է ունեցլ Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

«Մայիսի 24-ին Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի տեղի ունեցավ եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում: Ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի եպիսկոպոսության աստիճանի արժանացան Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Իսահակ վարդապետ Պողոսյանը, Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Հոգեշնորհ Տ․ Անանիա վարդապետ Ծատուրյանը և Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։

Սրբազան արարողությունների առիթով Սուրբ Էջմիածին էին ժամանել Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռի բարերարներ, հասարակական գործիչներ, ուխտավորներ Հայաստանի տարբեր թեմերից։

Նախորդ օրը երեկոյան Մայր Տաճարում` Իջման Սուրբ Սեղանի առջև, կատարվեց ուխտադրման արարողությունը: Եպիսկոպոսացու վարդապետները, ծնրադիր վերահաստատելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Հայրապետին հավատարմության ուխտը, եկեղեցականների ներկայությամբ ստորագրեցին իրենց երդմնագրերը:

Սուրբ Պատարագը սկսվեց Հայրապետական հանդիսավոր թափորով, որով ամպհովանիի ներքո Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջնորդվեց դեպի Միածնաէջ Մայր Տաճար։

Մինչ Սրբազան Խորհուրդը Մայր Տաճարի Սուրբ Ստեփանոս Նախասարկավագի խորանին կատարվեց ընծայացուների հավատքի ուղղափառության քննությունը։ Վարդապետների արժանավորության մասին Ամենայն Հայոց Կաթողիկոսի առջև վկայեցին Հայ Եկեղեցու ներկայացուցիչներ՝ դպիրներ, կիսասարկավագներ, սարկավագներ, քահանաներ, եպիսկոպոսներ, ինչպես նաև հավատավոր ժողովուրդը ներկայացնող աշխարհականներ, որից հետո Սուրբ Պատարագը շարունակվեց Մայր Տաճարի Ավագ Խորանին:

Վեհափառ Հայրապետին որպես առընթերականեր սպասավորում էին Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։ Ընծայացուների խարտավիլակն էր Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը։

Պատարագի սրբազան արարողության ընթացքում, «Աստվածային և երկնային շնորհ» շարականի երգեցողության ներքո, վարդապետները, ծնկի գալով և ձեռքերը վեր բարձրացնելով, վերստին ուխտեցին իրենց անձերը ընծայաբերել Առաքելական Սուրբ Եկեղեցու սպասավորությանը՝ անշեղորեն հետևելով տերունավանդ պատգամներին և Եկեղեցու սրբազան կանոններին։

Այնուհետև Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Նարեկ եպիսկոպոս Ավագյանը հանդիսավոր թափորով Սուրբ Խորան բարձրացրեց Սրբալույս Մյուռոնը, որով Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, եպիսկոպոսության կոչելով Իսահակ, Ռուբեն, Անանիա և Զաքարիա վարդապետներին, օծեց նրանց ճակատներն ու աջ ձեռքերի բութ մատները: Արարողության ավարտին նորաօծ եպիսկոպոսներին հանձնվեցին նաև իրենց եպիսկոպոսական իշխանության խորհրդանիշերը` եպիսկոպոսական գավազանն ու մատանին:

Հիշարժան այս օրվա առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական պատգամը հղեց նորաօծ եպիսկոպոսներին և հավատավոր ժողովրդին՝ փառք ու գոհություն մատուցելով Աստծուն, որ եպիսկոպոսական ձեռնադրության և օծման սրբազան արարողությունը կատարվում է Հոգեգալստյան օրհնաբեր տոնին, երբ Եկեղեցին և հավատացյալները վերստին հաղորդ են դառնում Սուրբ Հոգու արփիափայլ շնորհների հեղման խորհրդին, որով սկիզբ դրվեց Քրիստոսի Եկեղեցու հաղթական առաքելությանը։

«Սիրելիներ, այսօր կրկնակի է ամենքիս ուրախությունը, քանզի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի չորս նվիրյալ, բանիմաց և ջանասեր միաբաններ երկնային շնորհների հեղումով եպիսկոպոսական ձեռնադրության և օծման արժանացան։

․․․Դարեր շարունակ ձեռնադրության սրբազան խորհրդով արժանավոր մշակներ են կարգվել Հայոց Եկեղեցու անդաստանում, որպեսզի սուրբգրային պատգամներով լուսավորեն իրենց հանձնված հավատավոր հոտը և առաջնորդեն դեպի Քրիստոսապարգև փրկություն», — ասաց Վեհափառ Հայրապետը՝ հավելելով, որ եպիսկոպոսները առաքելական հաջորդականության կրողներն ու փոխանցողներն են և տերունավանդ իշխանությամբ հավատքի անաղարտության, Եկեղեցու կարգուկանոնի պահապանները, հոգիների խնամատարը, Եկեղեցու և հավատացյալների իրավունքների պաշտպանը։

Անդրադառնալով պատմության ընթացքում մեր երկրի դեմ ասպատակությունների հորձանուտներում, ինչպես և Ցեղասպանության ու ստալինյան բռնապետության տարիներին եկեղեցականների հանդեպ իրականացված բռնաճնշումներին և հալածանքներին՝ Նորին Սրբությունը նշեց, որ կրելով բազում նեղություններ, հոգևորականները հաստատուն են մնացել առ Քրիստոս հավատարմության ու սիրո մեջ և, Աստծուն ապավինած, դիմակայել բոլոր դժվարություններին:

«Ցավով ենք անդրադառնում, որ Հայոց Եկեղեցու սպասավորները այսօր ևս Հայաստանում իշխանությունների կողմից անհիմն մեղադրանքներով ենթարկվում են հետապնդումների, ինչպես նաև ազատազրկման», — ընդգծեց Հայոց Հայրապետը՝ գոհություն հայտնելով Աստծուն, որ հոգևորականներն ի Հայաստան և ի սփյուռս աննկուն են ոգով, անխախտ են առ Սուրբ Էջմիածինը հավատարմության մեջ և, անդավաճան իրենց ուխտին ու կոչմանը, նախանձախնդրությամբ շարունակում են տերունապատվեր առաքելությունը՝ իրականություն դարձնելու տեսիլքները հոգևոր կյանքի պայծառության, պետականության ամրապնդման, հայրենիքի շինության ու հզորության։

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ներկայացնելով եպիսկոպոսության արժանացած եկեղեցականներին և անդրադառնալով նրանց տարիների եկեղեցանվեր ու ազգասեր ծառայությանը, եպիսկոպոսական ձեռնադրության առիթով իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց վերջիններիս։

«Եպիսկոպոսական կոչումը՝ որպես նվիրապետության բարձր աստիճան, ենթադրում է առավել մեծ հանձնառություն և պատասխանատվություն Քրիստոսի Եկեղեցու մեջ։ Եպիսկոպոսությունը ինքնին ծառայական խաչ է, որը Տիրոջ մշակը ստանձնում է Իջման Սուրբ Սեղանի առջև ծնրադիր ուխտով՝ իր կյանքը անմնացորդ ընծայելու անձնվեր ծառայության», — նշեց Վեհափառ Հայրապետը։

«Այս բարդ ժամանակաշրջանում շարունակեք քաջալերել մեր ժողովրդի զավակներին ամուր մնալու աստվածսիրության ու հայրենասիրության մեջ։ Եղեք համարձակ պահապանը հոգևոր և ազգային մեր արժեքների ու սրբությունների, մեր երկրի ու ժողովրդի և մեր Սուրբ Եկեղեցու արդար իրավունքների։ Ձեր խնամքին հանձնված հավատացյալներին առաջնորդեք աստվածահաճո ուղիներով, նրանց սրտերում զորացրեք հավատքը, աննկուն կամքն ու արիության ոգին՝ դուրս բերելու մեր երկիրը վտանգներով ու փորձություններով լի այս դժվարին իրավիճակից և կերտելու հայրենիքի բարօր ու պայծառ ապագան։ Ձեր բարձր առաքելությամբ ամենուր տարածեք տերունավանդ սեր, ազնվություն, բարություն ու արդարություն», — պատգամեց Նորին Սրբությունը՝ հայցելով, որ Տերն Իր Սուրբ Աջով մշտապես զորացնի նորաօծներին ու նորանոր հաջողություններ պարգևի՝ ի փառս Աստծո, ի սեր ազգի, ի շինություն և ի պայծառություն Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու։

Ապա «Ողջույնի» ժամանակ ներկա եկեղեցականները բարձրացան Սուրբ խորան և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ շնորհավորեցին նորաօծներին՝ համբուրելով նրանց մյուռոնադրոշմ աջը:

Սուրբ Պատարագի ավարտին նորաօծ Սրբազաններին եպիսկոպոսության կոչվելու առիթով շնորհավորեց նաև հավատավոր ժողովուրդը:

Առաջիկա օրերին նորաօծ եպիսկոպոսները Մայր Տաճարում կմատուցեն ուխտի պատարագներ:

Նմանատիպ նյութեր

Վայքում բախվել են «Mercedes»-ը և բեռնատարը․ վերջինը բախվել է մեկ այլ բեռնատարի․ կա 3 վիրավոր

Վայքում բախվել են «Mercedes»-ը և բեռնատարը․ վերջինը բախվել է մեկ այլ բեռնատարի․ կա 3 վիրավոր

Այսօր՝ մայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 153 կմ հատվածում, Վայք քաղաքի վարչական տարածքում բախվել են «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարը և «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով...

Առգրավել են Արցախի նախագահի հեռախոսը․ փաստաբան

Առգրավել են Արցախի նախագահի հեռախոսը․ փաստաբան

Առգրավել են Արցախի նախագահի հեռախոսը։ Ըստ զինվորական քննչական գլխավոր վարչության՝ հետաքրքրությունը 2023 թվականի սեպտեմբերի 24-ին բենզալցակայանի պայթյունի հետ կապված իրադարձություններն են, մինչդեռ հեռախոսը 2025 թվականի արտադրության է. գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։...

Իշխանությունը, որ խոսում է խաղաղությունից, թող նախ ինքը խաղաղվի. Հայր Հովհաննես

Իշխանությունը, որ խոսում է խաղաղությունից, թող նախ ինքը խաղաղվի. Հայր Հովհաննես

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյանը «Խաղաղության քարոզարշավ՝ փողոցային բառապաշարով» վերտառությամբ հրապարակում է արել։ Հայր Սուրբն ընդգծել է՝ նախընտրական շրջանը, ըստ էության, պիտի լիներ ծրագրերի, գաղափարների, երկրի ապագայի շուրջ ազնիվ...

8 միլիարդ դոլարով չեն իրականացրել գոնե մեկ խոշոր ծրագիր Երևանում․ գետինը չե՞ք մտնում․ Ռոբերտ Քոչարյան

«Ժողովուրդ ջան, ես կառաջարկեի մի փոքր մտավոր վարժանք կատարել և պատկերացնել, թե մենք 2021 թվականի մայիս ամսում ենք գտնվում։ Գնում է քարոզարշավ, և Նիկոլ Փաշինյանն ասում է հետևյալը․ «Ժողովուրդ ջան, ձեզ սիրում եմ, սրտիկներ աջ ու ձախ։ Ես անելու...

Արտահանող ձեռնարկությունները պետք է ստանան էական աջակցություն․ Արթուր Խաչատրյան 

Եթե հրաշքով Արգիշտին ևս մեկ անգամ այս կողմերով անցներ, կասեր՝ բա ես սե՞նց պետության հիմք դրեցի, այս ո՞ւմ այս երկիրը վստահեցիք, որ հիմա վեր ա կենում ու ասում՝ մոռացեք անցյալը, մոռացեք պատմությունը, բան չասեք, որ թուրքերի դուրը չգա, վիզներդ...