Եթե հայ քաղաքացիների պաշտպանությունը ՀՀ օմբուդսմենի մանդատի մեջ չի մտնում, ապա ո՞ւմ մանդատն է սա. Ռուբեն Վարդանյան

7 Մայիսի, 2026

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը տարածել է նրա հայտարարությունը  ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անաիտ Մանասյանի պատասխանի առնչությամբ
«Ինձ հաջողվեց ծանոթանալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի՝ իմ դիմում- խնդրանքի պատասխանին: Հրապարակայնորեն չեմ գնահատի նրա այդ դիրքորոշումը։ Թողնում եմ նրա խղճին։ Պարզապես կասեմ՝ անկեղծորեն ցավում եմ։ Աստված ձեզ դատավոր։
Բայց այս պատասխանից հետո կոնկրետ հարցեր են առաջանում ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի, այլև Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ կապված։
Եթե Ադրբեջանի բանտերում գտնվող հայ քաղաքացիների պաշտպանությունը ՀՀ օմբուդսմենի մանդատի մեջ չի մտնում, ապա ո՞ւմ մանդատն է սա։ Մեր երկրում ո՞վ է պատասխանատու այս հարցի համար։ Ե՞րբ է նշանակվել այդ անձը։ Ինչո՞ւ դրա մասին ոչ ոք չգիտի՝ ո՛չ բանտարկյալների ընտանիքները, ո՛չ հասարակությունը։
Կան մարդիկ, ովքեր Բաքվի բանտերում պահվում են արդեն վեց տարի։ Այս ընթացքում Հայաստանի կառավարությունն այդպես էլ չկարողացավ նրանց հետ կայուն և հասկանալի կապի մեխանիզմ կազմակերպել ՝ ո՛չ երրորդ կողմի` Բաքվում այլ պետությունների դեսպանատների, ո՛չ միջազգային կազմակերպությունների միջոցով։
Ինչո՞ւ։
Ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանի ներկայացուցիչները կարող են Ադրբեջան մեկնել առևտրային, տնտեսական և այլ հարցեր քննարկելու նպատակով, բայց չեն կարողանում կազմակերպել այց հայ գերիների կյանքի, առողջության և իրավական կարգավիճակի հարցերով։ Արդյո՞ք մարդկանց ճակատագիրն առևտրային բանակցություններից առավել կարևոր չէ։
Ինչո՞ւ մինչ օրս բանտարկյալներին ամենաանհրաժեշտ իրերը փոխանցելու նորմալ մեխանիզմ կազմակերպված չէ։ Մի շարք անձինք արդեն ավելի քան մեկ տարի ոչինչ չեն ստանում։ Շատերը նորմալ հագուստ չունեն. հնարավորություն չկա ստանալ այն, ինչ իրականում անհրաժեշտ է՝ հաշվի առնելով նրանց տարիքը, առողջական վիճակը և պահման կենցաղային պայմանները։
Փոխարենը, եթե օգնություն ընդհանրապես հասնում է, այն կազմակերպվում է ոչ պաշտոնական, ոչ թափանցիկ եղանակով՝ առանց հաշվի առնելու բանտարկյալների իրական կարիքները։ Մարդիկ ստանում են ոչ թե այն, ինչ իրենց անհրաժեշտ է, այլ այն, ինչ որոշվել է փոխանցել նրանց ինչ-որ մեկի կողմից. սա օգնություն չէ, այլ ողորմություն:
Այստեղ պահվողների շարքում կան տարեց՝ 70 տարեկանից բարձր մարդիկ, առողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդիկ։ Եթե ատամ չունեցող մարդուն չորամիրգ են տալիս, դա օգնություն չէ։ Դա նվաստացում է։
Արդյո՞ք այս ամենը հայտնի է վարչապետին: Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան
Ո՞վ է անձամբ պատասխանատու այս գործընթացի կազմակերպման համար։ Ինչպիսի՞ն է հաստատված կարգը։ Ինչո՞ւ այն չի պահպանվում։ Չե՞ք ամաչում:
Ամոթ չէ՞ ստանալ խաղաղության մրցանակ, խաղաղության մասին խոսել և ծափահարություններ ընդունել, երբ Հայաստանի քաղաքացիները շարունակում են Բաքվի բանտերում մնալ՝ առանց պատշաճ պաշտպանության, առանց սեփական պետության կողմից համակարգային աջակցության, օգնության ու վերահսկողության։
Հայտարարե՛ք պատասխանատու անձին։ Հրապարակե՛ք աշխատանքի մեխանիզմը։ Բացատրե՛ք՝ վերջին վեց տարիների ընթացքում ի՞նչ է արվել։
Կամ էլ ազնվորեն խոստովանեք, որ այդպիսի պատասխանատու գոյություն չունի, և գերիների՝ իրենց պետությունից օգնություն ակնկալելը անիմաստ է»:

Նմանատիպ նյութեր

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը 2026 թվականի հոկտեմբերի 21-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի...

Իշխանությունն ու իրավապահ համակարգը «պասերով» են աշխատում․ Ռուբեն Մխիթարյան

  «Իշխանությունն ու իրավապահ համակարգը, իրար հետ, այսպես ասած, «պասերով» են աշխատում: Միանշանակ այստեղ մութ է, թե ինչ գումարների մասին է խոսքը, որովհետև ես հիպոթետիկ եմ ասում. մինչև փաստաբանների պաշտոնական տեղեկատվությունը՝ դա կարող է...

ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները կխափանեին Հաբարդի ազատ արձակումը․ Թրամփ

ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները կխափանեին Հաբարդի ազատ արձակումը․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը կտապալեր ռուսական բանտում ավելի քան չորս տարի անցկացրած ամերիկացի Սթիվեն Հաբարդի ազատ արձակման շուրջ բանակցությունները։ Թրամփի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը...

Նիկոլ Փաշինյանի օրոք ստիպված ենք լինում կյանքի մեծ մասն անցկացնել դատարանի առջև․ Անուշ Միրզոյան

  «Ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք մենք ստիպված ենք լինում մեր կյանքի, այսպես ասած, մեծ մասն անցկացնել դատարանի առջև, որովհետև տեղի են ունենում ոչ թե իրավական գործընթացներ, այլ քաղաքական հետապնդումներ քաղաքական...

Նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ

Նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ

Հակոռուպցիոն կոմիտեն նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Տնային կալանքում գտնվող Ղուկասյանին այսօր տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նրան ներկայացվել է նոր մեղադրանքը՝...