ԶՈՒ-ում ահազանգող պատկեր է․ կարգապահական խնդիրները՝ խորացել. «Ժողովուրդ»

6 Մայիսի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը բացում է զինված ուժերի ներսում կուտակված լուրջ խնդիրների հերթական շերտը։ Թեև առանձին ցուցանիշներով արձանագրվել է որոշակի նվազում, ընդհանուր պատկերը շարունակում է մնալ խիստ մտահոգիչ։

2025 թվականին զինված ուժերում և զորամասերում արձանագրվել է 2248 դեպք՝ նախորդ տարվա 2093-ի դիմաց։ Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում դեպքերն աճել են 155-ով կամ 7.4 տոկոսով։

Ամենաաղմկահարույց աճը վերաբերում է պատահարներին։ Եթե 2024 թվականին արձանագրվել էր 762 պատահար, ապա 2025-ին այդ թիվը հասել է 1027-ի։ Սա նշանակում է 265 դեպքով կամ 34.8 տոկոսով կտրուկ աճ՝ փաստ, որը դժվար է բացատրել պատահականությամբ։

Թեև ընդհանուր հանցագործությունների թիվը որոշ չափով նվազել է՝ 1331-ից դառնալով 1221, դա իրավիճակը դրական ներկայացնելու հիմք չի տալիս։ Այո, նվազել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները՝ 217-ից հասնելով 143-ի, բայց միաժամանակ պահպանվում է բարձր քրեական ֆոնը, իսկ մի շարք ուղղություններով վիճակը նույնիսկ վատթարացել է։

Մասնավորապես, աճել են զինվորական ենթակայության և կանոնակարգային հարաբերությունների դեմ ուղղված հանցագործությունները՝ հասնելով 351 դեպքի։ Զգալի աճ կա նաև ռազմական գույքի օգտագործման և պահպանման կանոնների խախտումների մասով՝ 47 տոկոս։ Իսկ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները աճել են գրեթե պայթյունավտանգ տեմպով՝ 164-ից հասնելով 235-ի, այսինքն՝ 43.3 տոկոսով։

Առանձին մտահոգություն է առաջացնում բացահայտման մակարդակի անկումը։ 2025 թվականին արձանագրված 1221 հանցագործությունից 100-ի դեպքում մեղավոր անձինք չեն հայտնաբերվել։ Արդյունքում բացահայտման մակարդակը նվազել է՝ 93.6 տոկոսից հասնելով 91.8 տոկոսի։

Կարգապահական ճգնաժամի մասին խոսում են նաև ծառայությունից խուսափելու տվյալները։ Թեև պարտադիր ծառայությունից խուսափելու դեպքերը նվազել են՝ կազմելով 1164, փոխարենը վարժական հավաքներից խուսափելու դեպքերը կտրուկ աճել են՝ հասնելով 532-ի, ինչը 75.6 տոկոսի աճ է։

Միակ հարաբերականորեն դրական ցուցանիշը մահվան դեպքերի նվազումն է։ 2025 թվականին ծառայության հետ կապված գրանցվել է 9 մահ, մինչդեռ 2024-ին այդ թիվը 27 էր։ Սակայն նույնիսկ այստեղ պատկերը հեռու է հանգստացնող լինելուց․ արձանագրվել են ինքնասպանության հասցնելու, պաշտոնեական անփութության, բժշկական սխալի, հիվանդության և անգամ կայծակի հարվածի հետևանքով մահեր։

Տարվա ընթացքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 375 զինծառայող, որոնցից 44-ը՝ ծանր։

Կոռուպցիոն դաշտում ևս հակասական պատկեր է։ Թեև քննված վարույթների թիվը փոքր-ինչ նվազել է՝ 214-ից հասնելով 200-ի, դրանցով արձանագրված վնասը գրեթե հնգապատկվել է՝ 35.7 միլիոն դրամից հասնելով 175 միլիոնի։

Ընդհանուր առմամբ ավարտվել է 3818 քրեական վարույթ։ Դրանցից 943-ը՝ 1070 անձի վերաբերյալ, ուղարկվել են դատարան, իսկ 2875 վարույթ կարճվել է, որոնց զգալի մասը՝ ռեաբիլիտացնող հիմքերով։

Դատարաններում ևս պատկերը միանշանակ չէ։ Թեև 708 գործով կայացվել են մեղադրական դատավճիռներ, միաժամանակ 43 գործով 49 անձ արդարացվել է, և սա նախորդ տարվա համեմատ աճ է։

Պետությանը պատճառված վնասը կազմել է 411.7 միլիոն դրամ, որից մինչդատական փուլում վերականգնվել է միայն մոտ 108.7 միլիոնը։ Իսկ պետական շահերի պաշտպանության ոլորտում արձանագրված վնասը գերազանցել է 1.43 միլիարդ դրամը։

Ամփոփ պատկերը կոշտ է․ մահվան դեպքերի և ծանր հանցագործությունների նվազումը չի կարող ծածկել հիմնական իրողությունը։ Զինված ուժերում պատահարները կտրուկ աճում են, կարգապահական խախտումները խորանում են, որոշ հանցատեսակներ ընդլայնվում են, իսկ համակարգային խնդիրները շարունակում են մնալ չլուծված։ Սա արդեն պարզապես վիճակագրություն չէ, այլ անվտանգության համակարգի ներսում հնչող լուրջ ահազանգ»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Ժողովուրդ» թերթի՝ 06․ 05․ 26

Նմանատիպ նյութեր

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Օգոստոսի 9-ի և 13-ի երեկոյան ժամերին, 10-12-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 9-11-ին առանձին վայրերում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Օգոստոսի 8-13-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում,...

ԱՄՆ-ում փորձում են վերջ տալ Իրանի հետ պատերազմին. CNN

ԱՄՆ-ում փորձում են վերջ տալ Իրանի հետ պատերազմին. CNN

ԱՄՆ-ի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավարը փորձում է վերջ տալ Իրանի հետ պատերազմին: Գեներալ Դեն Քեյնը մի շարք գաղտնի հանդիպումներ է անցկացրել վարչակազմի առանցքային անդամների հետ՝ դիրքորոշումները համաձայնեցնելու և Թրամփին հետագա էսկալացիայի ռիսկերը հայտնելու համար:...

Այս գործարքը ծնելու է ավելի մեծ ու դաժան հակամարտություն. Արա Պողոսյան

Այս գործարքը ծնելու է ավելի մեծ ու դաժան հակամարտություն. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ադրբեջանական հնարված «արևմտյան ադրբեջան» խոսույթը թե՛ գիտական, թե՛ բարոյական և թե՛ քաղաքական առումով անհամեմատելի (ոչ անալոգային) է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» իրավունքի հետ։ Բազմիցս ասել ենք, որ եթե...

Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ

Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ

2026 թվականի օգոստոսի 8-ին Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում անցկացված Խաղաղության գագաթնաժողովի առաջին...

Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի որդին

Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի որդին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առերևույթ փաստական...