Կա՛մ ինձ կընտրեք, կա՛մ նոր պատերազմ կպատվիրեմ ձեր դեմ․ «Հրապարակ»

21 Մարտի, 2026

«Հրապարակ»-ը գրում է․ Իր իշխանության 8 տարվա ընթացքում մի քանի անգամ պատերազմ ու ռազմական գործողություններ բերած Նիկոլ Փաշինյանը նախօրեին սպառնաց ժողովրդին՝ եթե ինձ չընտրեք, սեպտեմբերին մեծ պատերազմ կլինի։ 2018-ին էլ ասում էր` կա՛մ ես կլինեմ ՀՀ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա: Չնայած որեւէ փաստարկ չնշեց, թե ինչու է պատերազմ կանխատեսում, միայն ասաց, թե ընդդիմադիր ուժերը «հանդես են գալիս խաղաղության ռեւիզիայի դիրքերից, ինչը նշանակում է անխուսափելի պատերազմ», կարելի է կարծել, որ պայմանավորվել է Ալիեւի հետ։

Ստացվում է՝ մի կողմից շուրջօրյա ռեժիմով այլոց մեղադրում են հիբրիդային պատերազմ մղելու համար, թե իբր ստահոդ լուրեր են տարածում՝ առանց փաստական տվյալների, ժողովրդի մեջ խուճապ սերմանելու համար, մյուս կողմից՝ իրենք են դարձել հիբրիդային պատերազմի հրձիգներ: Երեկ ԱԺ ժամանած ուժային բլոկի պաշտոնյաները փորձում էին Փաշինյանի գցած քարը հանել փոսից` խմբագրել նրա ասածները։ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը բաց տեքստով հայտարարեց, որ չկան փաստական տվյալներ, որ Հայաստանում որեւէ քաղաքական ուժ պատերազմի նախապատրաստություն է տեսնում, այլ կերպ ասած՝ Փաշինյանը ստում է։ «Վարչապետը փաստական առումով անդրադառնում է այն խոսույթին, որը կա այս պահի դրությամբ քաղաքական դաշտում, եւ քաղաքական արձագանք է տալիս, որպես երկրի ղեկավար։ Եթե այլ հանցագործության տարրերի հետ կապված հարցեր առաջանան, բնականաբար, ՆԳՆ-ն հանդես կգա հաղորդագրությամբ… իրավապահ համակարգը հանցագործության կոնկրետ տարրերի դեպքում կտա իրավական գնահատական»,- ասաց նա։ Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը հարցին, թե աշնանն ինչ պատերազմ է կանխատեսում Փաշինյանը, կա՞ նման վտանգ, չպատասխանեց. «Վարչապետի խոսքը պետք չէ խեղաթյուրել»։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փորձեց չհերքել Փաշինյանին․ «Հստակ է, որ ընդդիմության հիմնական հատվածի հայտարարությունները նրա մասին են, որ ունեն տարածքային պահանջներ հարեւան երկրներից, իսկ դա ենթադրում է ուղիղ պատերազմ, այսինքն՝ նոր բան այստեղ ասելու կարիք չկա»։ Ո՞վ է տարածքային պահանջ ներկայացրել հարեւան երկրների նկատմամբ։ «Բա եթե ՔՊ վարչության նախագահը, ՀՀ վարչապետն ասում է՝ ես ղեկավարում եմ շարժում, որը չի շարունակելու ղարաբաղյան շարժումը, իսկ գրեթե բոլորն ասում են, որ պետք է շարժումը շարունակվի, դրանք քաղաքական գնահատականներ չեն, քաղաքական գնահատականները պիտի լինեն պատասխանատու… Ակնհայտ է, որ նրանց ռազմատենչ կեցվածքը բերելու է պատերազմի, նոր բան չեմ ասում»։

Պատգամավոր Քրիստինե Վարդանյանն արձանագրում է, որ Փաշինյանն առաջին ղեկավարն է, որը հայ հանրությանը պատերազմով շանտաժի է ենթարկում, դա այլեւս Ադրբեջանի նախագահը չի անում, այլ՝ ՀՀ վարչապետը․ «Սիրելի քաղաքացիներ, ինքներդ մտածեք՝ կա՞ Հայաստանում այնպիսի քաղաքական ուժ, որը պայքարում է, որ գա իշխանության, եւ կուզենա, որ իր օրոք պատերազմ լինի…»։ Փաշինյանն ասում է՝ ոչ միայն պատերազմ է լինելու, այլեւ ԹՐԻՓՓ չի լինելու, ԵՄ-ն հեռանալու է Հայաստանից, փաստորեն` այդ կառույցներն աշխատում են ոչ թե պետության, այլ կոնկրետ քաղաքական ուժի հետ, Վարդանյանը հեգնանքով ասաց․ «Իսկ արեւը ծագելո՞ւ է արեւելքից, մայր մտնելո՞ւ է արեւմուտքում։ Սեւանը փայլփլելո՞ւ է, թե՞ այլեւս ցամաքելու։ Երեխաները ծիծաղելո՞ւ են երբեւէ` Փաշինյանից հետո, թե՞ ծիծաղը կտրվելու է։ Ես հասկանում եմ, որ ՔՊ-ի համար կյանքը վերջանում է Փաշինյանով, բայց հայ ժողովրդի կյանքը ո՛չ սկսվել է Փաշինյանով, ո՛չ ավարտվում է»։

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Խորհրդարանը քննարկում է 2027 թվականի պետբյուջեի նախագիծը

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Խորհրդարանը քննարկում է 2027 թվականի պետբյուջեի նախագիծը

Տեղի է ունենում ԱԺ հերթական քառօրյան։ Օրակարգում 13 հարց է։ Բոլորը կքննարկվեն առաջին ընթերցմամբ։ Պատգամավորները քննարկում են 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Կալասին ՌԴ-ում կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում. Վոլոդին

Կալասին ՌԴ-ում կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում. Վոլոդին

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Եվրամիության արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին Ռուսաստանում կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում՝ Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցած ռուս զինծառայողների վերաբերյալ...

Դադարեցրե՛ք ՔՊ-ին քննադատողների նկատմամբ հետապնդումները, ազատե՛ք քաղբանտարկյալներին․ Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը ներկայացրել է Ազգային ժողովի հայտարարության նախագիծ՝ Հայաստանում քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանության և նրանց իրավական երաշխիքների...

Քոչարյանը մեզ համար պայքարից չնահանջելու օրինակ է․ Հայկ Աթոյան

Քաղաքական հետապնդումները Հայաստանում սկսվել են դեռևս 2018 թվականի հուլիսի 27-ից, երբ կալանավորվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այս մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքի անդամ Հայկ Աթոյանը։ Նրա խոսքով՝ այն ժամանակ...