Այսօրվանից սկսվում է Մեծ պահքը

16 Փետրվարի, 2026

Այսօրվանից սկսվում է Մեծ պահքը, որը տևում է 48 օր՝ մինչև Սուրբ Հարության տոնի նախօրեն:

Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Զղջումը, աղոթքը, ապաշխարանքը հիմնական պայմաններն են Աստծո բուժիչ և քավիչ զորությունն ստանալու:

Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին» (Ղուկ. 4:1-3): Հիսուս Իրեն ծոմապահության ենթարկեց մարդկային ցեղի փրկության համար, մարդկության փոխարեն Ինքն ապաշխարեց, որպեսզի բոլոր պահեցողություն անողների ապաշխարանքն իմաստ և իրականություն ստանան շնորհիվ Իր ծոմապահության: Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց ևս մեկշաբաթյա շրջան` Ավագ շաբաթը: Այդ է պատճառը, որ քառասնօրյա կոչվող պահքը 48 օր է տևում:

Մեծ Պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան օրեր. Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ:

Մեծ Պահքը կիսվում է միջինքով: Պահքն այդ օրը չեն ընդհատում: Պարզապես ժողովրդական սովորության համաձայն` այդ օրը բաղարջից պահոց գաթա են պատրաստում:

Մեծ Պահքի շրջանում վաղնջական կանոններով արգելված են եղել պսակադրությունները և մատաղը: Սակայն Վազգեն Ա կաթողիկոսի շրջաբերականով խիստ անհրաժեշտության դեպքում թույլատրվեց պսակադրություն կատարել Մեծ Պահքի շաբաթ և կիրակի օրերին, բացառապես Ավագ շաբաթվա բոլոր օրերի:

Իհարկե, կարելի է նկատի առնել պահքի օգտակարությունը նաև բժշկական տեսակետից, հատկապես Մեծի պահոց շրջանում, քանի որ գարնանամուտն առանց ճարպային, կենդանական սննդի անցկացնելը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Սակայն սխալ է այն մտայնությունը, թե պահքը սոսկ դիետա է` նիհարելու կամ որոշակի հիվանդություններից ձերբազատվելու համար: Պահքը չի սահմանափակվում միայն կենդանական սննդից հրաժարումով. այն առաջին հերթին հոգեկան ու բարոյական ամեն տեսակի ախտերից ու մոլություններից, մեղանչական մտքերից, խոսքերից ու գործերից մաքրվելն է, զղջմամբ ու ապաշխարությամբ աստվածահաճո և առաքինի կյանքին դառնալը: Պահոց շրջանում կարևոր է հոգևոր շնորհների ու հատկապես եղբայրասիրության մեջ զորանալը, քանի որ, ինչպես Եզնիկ Կողբացին է ասում. «Մեկը կարող է կենդանու միս չուտել, բայց անընդհատ իր եղբոր միսը ծամել»: Այս պարագային կարևոր է նաև մեկ այլ ծայրահեղությունից զգուշանալը. պահք պահելը չպետք է պատճառ դառնա պահեցողության մեջ տկարացող մեր եղբայրակցին դատելու. «Ով ուտում է, թող չարհամարհի նրան, ով չի ուտում, իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է» (Հռոմ.14:3):

Ի տարբերություն այլ եկեղեցիների, որոնք պարզապես թվակարգում են Մեծ պահքի 7 կիրակիները, Հայաստանյայց եկեղեցին սուրբգրային հիմք ունեցող յուրահատուկ անուններով ու խորհուրդներով է օժտել այդ կիրակիները: Դրանով նրանք կազմել են խորհրդանշական մի շղթա` արտացոլելով մարդու դրախտային կյանքի, պատվիրանազանցության ու անկման, աստվածորոնողության և աստվածային նախախնամությամբ փրկագործության ողջ ընթացքը:

Պահքերի (բացառությամբ օրապահքերի) նախորդ օրերը կոչվում են «բարեկենդան», իսկ Մեծ Պահքին նախորդում է Բուն Բարեկենդանը: Բարի կենդանություն, այսինքն` բարի, անհոգ և երջանիկ կյանք. այս իմաստն է ամփոփված «բարեկենդան» անվան մեջ, որ առավելագույնս արտահայտված ենք տեսնում Բուն Բարեկենդանի խորհրդում, որը Մեծ Պահքի առաջին կիրակին է և պատկերում է մարդու դրախտային երանավետ կյանքը: Այս խորհուրդը երևում է անգամ սննդի օգտագործման մեջ, քանի որ Բուն Բարեկենդանը կենդանական և ճոխ ուտելիք գործածելու վերջին օրն է: Մեծ պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման և խորհրդանշում է մարդու` դրախտից արտաքսվելը և Աստծո տեսությունից զրկվելը: Հենց սա է խորհրդանշում ողջ Մեծ Պահքի շրջանում եկեղեցիների վարագույրների փակ մնալը և Ս. Հաղորդությունից հավատացյալների անմասն մնալը: Երրորդ կիրակին կոչվում է Անառակի և մատնանշում է առ Աստված դառնալու և կորուսյալ դրախտը գտնելու կարեվորագույն նախապայմանը` ապաշխարանքը: Չորրորդ` Տնտեսի կիրակին, ուսուցանում է նյութական հարստության տնօրինման կերպի դերը հավիտենական փրկության կամ կորստյան մեջ: Հինգերորդ` Դատավորի կիրակին, պատգամում է հարատև աղոթքի անփոխարինելի նշանակությունը փրկության համար: Վերջին` Գալստյան կիրակին, ամփոփում է Քրիստոսի ինչպես Ա Գալստյան խորհուրդը, այնպես էլ Երկրորդ գալստյան խոստումը:

Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս. Զատիկը:

Նմանատիպ նյութեր

Մնալ Քրիստոսի կողքին, երբ խաչը ծանր է․ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Անթիլիասի Մայրավանքում

Մնալ Քրիստոսի կողքին, երբ խաչը ծանր է․ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Անթիլիասի Մայրավանքում

Անթիլիասի Մայրավանքում նշվել է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը․ «Սուրբ Աստուածածնայ վերափոխման տօնը հանդիսաւորապէս նշուեցաւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ, Կիրակի, 16 Օգոստոս 2026-ի, օրհնութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ...

Իրանը ԱՄՆ-ին վերջնագիր է ներկայացրել․ Reuters

Իրանը ԱՄՆ-ին վերջնագիր է ներկայացրել․ Reuters

Իրանը ԱՄՆ-ին վերջնագիր է ներկայացրել․ վերադառնալ լուրջ դիվանագիտության և չեղարկել ծովային շրջափակումը, հակառակ դեպքում պատերազմը կընդլայնվի։ Հաղորդում է Reuters-ը։ Վերջնաժամկետը առավելագույնը մի քանի շաբաթ է։ ԱՄՆ-ին այդ մասին փոխանցվել է Պակիստանի և Կատարի...

Հացիկում տոննաներով դեղձը ծառերի տակ է, գին տվող չկա․ բնակիչները փակել էին ճանապարհը․ 24news

Հացիկում տոննաներով դեղձը ծառերի տակ է, գին տվող չկա․ բնակիչները փակել էին ճանապարհը․ 24news

Բա մեր վարկերը, մեր երեխեքի հացն ո՞վ ա տալու. Հացիկում տոննաներով դեղձը ծառերի տակ է, գին տվող չկա։ Այս մասին 24News-ի փոխանցմամբ՝  հայտնել է Արմավիրի մարզի Հացիկ գյուղի բնակիչներից մեկը։ «Բերքը մշակել ենք, բերել ենք արդյունքին ենք հասցրել, որ պետք ա վաճառենք , ոչ գին...

Երևանում 6 հարկանի բնակելի շենքում 4-րդ օրն է՝ լույս չկա․ բնակիչներն ահազանգում են

Երևանում 6 հարկանի բնակելի շենքում 4-րդ օրն է՝ լույս չկա․ բնակիչներն ահազանգում են

Արդեն 4-րդ օրն է լրանում, ինչ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց 127/32 հասցեի 6-հարկանի բնակելի շենքում, որտեղ ապրող 250-ից ավելի բնակիչներ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում երեխաներն ու առողջական խնդիրներ ունեցող...

Կոլումբիայում 3-ամյա աղջկան 100 ժամ անց ողջ են դուրս բերել փլատակներից

Կոլումբիայում 3-ամյա աղջկան 100 ժամ անց ողջ են դուրս բերել փլատակներից

Կոլումբիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից մոտ 100 ժամ անց փրկարարներին հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել 3-ամյա աղջկա։ Նույն ընթացքում փրկվել է նաև 75-ամյա տղամարդ։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։ Երկու փրկվածներն էլ հայտնաբերվել են այն ժամանակ, երբ արդեն...