Վարչապետի ձեռնարկած հակաեկեղեցական արշավն արդեն բացահայտ է, խոչընդոտվում է Եկեղեցու առաքելությունը․ Կաթողիկոս

10 Փետրվարի, 2026

Փետրվարի 10-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբել է Սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակը։ Այս առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ։

Սրբազան արարողությանը ներկա են եղել թեմերում և եկեղեցական կառույցներում սպասավորող 217 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և բազմաթիվ հավատավոր հայորդիներ։

Պատարագիչն էր Մասյացոտնի թեմից Տ. Եզնիկ քահանա Մարդիրյանը։

Իր քարոզում պատարագիչ Տեր Հայրը, անդրադառնալով օրվա խորհրդին, ընդգծել է․ «Սուրբ Ղևոնդյանց սխրանքը լոկ պատմական իրողություն չէ, այլ աննահանջ հավատքով ապրելու հարատև պատգամ: Այն կոչ է՝ այսօրվա փոփոխական աշխարհում մնալու նույն հոգևոր պայքարի մեջ և մեր կյանքն աներեր կերպով խարսխելու քրիստոնեական արժեքների վրա: Խնկելի սրբերի օրինակը մեզ սովորեցնում է, որ հավատը ոչ միայն դավանանք է, այլև քաջություն՝ դիմակայելու ժամանակի փորձություններին և հավատարիմ մնալու հայրենյաց ավանդներին ու Սուրբ Էջմիածնի ուխտին»:

Քարոզի ավարտին Տեր Եզնիկը հայցել է, որ Սուրբ Ղևոնդյանց բարեխոսությամբ Տերը զորացնի Սուրբ Էջմիածնի ուխտապահ միաբանությանը, հոգևորականաց դասին և աստվածասեր ու բարեպաշտ ժողովրդին։

Սուրբ Պատարագի ավարտին Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի է ունեցել քահանաների պարգևաբաշխություն։ Ողջույնի խոսքով հանդես է եկել քահանայից հավաքի կազմակերպիչ հանձնախմբի պատասխանատու Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։

Այնուհետև տեղի է ունեցել ավանդական շնորհաբաշխությունը: Ի գնահատություն Հայոց Եկեղեցու անդաստանում նվիրյալ և արդյունավոր հովվական ծառայության` մի շարք եկեղեցականների շնորհվել է ավագ քահանայության պատիվ, ծաղկյա փիլոն և լանջախաչ կրելու իրավունք։

Ավագ քահանայության պատվի են արժանացել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից՝ Տ. Եսայի քահանա Արթենյանը, Բուլղարիայի հայոց թեմից՝ Տ․ Դանիել քահանա Գարաճյանը։

Ծաղկյա փիլոն կրելու իրավունք է շնորհվել Մայր Աթոռից՝ Տ. Հովել քահանա Գամաղելյանին, Տ. Արարատ քահանա Պողոսյանին, Տ. Համբարձում քահանա Դանիելյանին, Տ. Մարկոս քահանա Մանգասարյանին, Տ․ Ենովք քահանա Եսայանին, Երևանի Ս․ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր սպասավոր Տ․ Առնակ քահանա Հարությունյանին, Մասյացոտնի թեմից՝ Տ․ Գրիգոր քահանա Հովհաննիսյանին, Արթիկի թեմից՝ Տ․ Եղիշե քահանա Նազարյանին, Տ․ Վիգեն քահանա Ղազարյանին, Տավուշի թեմից՝ Տ․ Շավարշ քահանա Սիմոնյանին, Տ․ Արամ քահանա Միզոյանին, Շիրակի թեմից՝ Տ․ Տաթև քահանա Մարուքյանին, Գեղարքունյաց թեմից՝ Տ․ Մեսրոպ քահանա Երիցյանին, Վիրահայոց թեմից՝ Տ. Վիրապ քահանա Ղազարյանին, Տ. Արմաշ քահանա Պողոսյանին, Տ. Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանին, Տ. Արարատ քահանա Գումբալյանին, Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի հայոց թեմից՝ Տ. Խաչատուր քահանա Եղիազարովին, Տ. Գյուտ քահանա Ղահրամանյանին, Ռումինիայի հայոց թեմից՝ Տ. Գրիգոր քահանա Հոլկային, Տ. Օշական քահանա Խաչատրյանին, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից՝ Տ. Ավետիս քահանա Համբարձումյանին, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից՝ Տ․ Անանիա քահանա Բաբայանին, Տ․ Մաշտոց քահանա Հակոբյանին, Տ․ Սեբեոս քահանա Ղալաչյանին, Տ․ Առաքել քահանա Ամիրյանին, Տ․ Մարկոս քահանա Սարգսյանին, Տ․ Աշոտ քահանա Ղազարյանին, Տ․ Վիգեն քահանա Մանուկյանին, Շվեյցարիայի հայոց թեմից՝ Տ. Շնորհք քահանա Չեքիջյանին։

Քահանայական լանջախաչ կրելու իրավունքի են արժանացել Մայր Աթոռից՝ Տ․ Վահրամ քահանա Սարգսյանը, Տավուշի թեմից՝ Տ․ Արտակ քահանա Միրզոյանը, Տ․ Բարսեղ քահանա Մկրտչյանը, Տ․ Կորյուն քահանա Պապիկյանը, Տ․ Արամ քահանա Բաղումյանը, Տ․ Եղիա քահանա Փահլևանյանը, Շիրակի թեմից՝ Տ․ Կորյուն քահանա Մաթևոսյանը, Տ․ Սարգիս քահանա Սարդարյանը, Մասյացոտնի թեմից՝ Տ․ Ղևոնդ քահանա Ղևոնդյանը, Արգենտինայի հայոց թեմից՝ Տ․ Մեսրոպ քահանա Նազարյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմից՝ Տ․ Հարություն քահանա Սապունջյանը, Ռումինիայի Հայոց թեմից՝ Տ․ Եզնիկ քահանա Թորգոմյանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմից՝ Տ․ Երեմիա քահանա Վարդանյանը։

Պարգևաբաշխության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու հայրապետական պատգամն է հղել ներկա եկեղեցականներին՝ անդրադառնալով առ Քրիստոս հավատի վկաներ Սրբոց Ղևոնդյանց հայրենասիրության, խիզախության ու անձնազոհության մշտապայծառ օրինակին:

«Վարդանանց պատերազմը ոչ միայն ռազմական դիմադրություն էր, այլև հոգևոր մարտ, որը, «վասն հաւատոյ և վասն հայրենեաց» նշանաբանով, դարձավ հզոր պայքար հանուն մեր ինքնության, մեր հավատի և հանուն անկախ ու ազատ կյանքի։ Պատահական չէ, որ հերոսական այդ պայքարը մեծ ազդեցություն է թողել մեր ժողովրդի վրա: Դարեր շարունակ ազգիս զավակները Սրբոց Ղևոնդյանց ու Վարդանանց խիզախության վառ օրինակով են ոգեշնչվել ու մաքառել և փորձություններին արիությամբ դիմակայել։ Հիրավի, Սրբոց Ղևոնդյանց և Վարդանանց նվիրական տոները Աստծուն, քրիստոնեական սրբություններին ու արժեքներին մեր ժողովրդի հավատարմության նշանավորումն են և մեր հոգևոր ու ազգային ինքնության վկայությունը։

Սուրբ Ղևոնդյանք ու Վարդանանք մեզ պատգամում են չերկնչել, քանզի նեղություններն ու դժվարությունները ժամանակավոր են, իսկ հավատքի ուժը՝ անպարտելի։ Այս տոները ուսուցանում են ազգային շահերը սեփականից վեր դասել, հոգևորը, բարոյականն ու առաքինին նյութապաշտությունից գերադասել», — նշել է Նորին Սրբությունը՝ հավելելով, որ Սուրբ Ղևոնդյանք և Վարդանանք ցույց են տալիս՝ բռնացումը Եկեղեցու և նախնյաց սրբազան ժառանգության վրա միշտ ընկրկելու և ձախողվելու է՝ արժանանալով հոգևորականաց և ազգիս բարեպաշտ զավակների հզոր դիմադրությանը։

«Մեր օրերում լրջագույն հիմնախնդիրների առջև է գտնվում մեր ժողովուրդը, տարատեսակ բռնաճնշումների է ենթարկվում և հարձակումներ դիմագրավում մեր Սուրբ Եկեղեցին։ Վարչապետի ձեռնարկած հակաեկեղեցական արշավն արդեն բացահայտ է։ Խոչընդոտվում է Եկեղեցու առաքելությունը և լրջագույն վնաս հասցվում մեր ժողովրդի հոգևոր-եկեղեցական կյանքին։ Դատական ատյաններում, ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով, հակաօրինական ու անարդար քայլերով իշխանությունը պետական լծակների չարաշահմամբ միջամտում է ներեկեղեցական կյանքին։ Հոգևորականներ՝ սարկավագներից մինչև եպիսկոպոս, ենթարկվում են հետապնդումների ու պարտադրանքների», — ընդգծել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ հաստատելով, որ Եկեղեցին բոլորիս հոգևոր տունն է, որին ուղղված հարվածներին դիմակայելը, Եկեղեցու ինքնավարությունը պաշտպանելը ամենքի հավաքական պարտականությունն է և պատասխանատվությունն Աստծո, հայրենիքի ու գալիք սերունդների առջև։

Դիմելով ներկա հոգևոր հայրերին՝ Նորին Սրբությունը պատգամել է․ «Որպես Աստծո ծառաներ և մեր ժողովրդի հոգևոր սպասավորներ՝ սրբազան մեր պարտքն է ամուր պահել մեր Սուրբ Եկեղեցին՝ իբրև «կենդանի Աստծու Եկեղեցի, սյուն և հաստատություն ճշմարտության»՝ համաձայն առաքելական խոսքի (Ա Տիմ. 3.15)։ Միասնաբար դիմակայենք ազգային ու եկեղեցական անդաստանում երկպառակություն ու թշնամանք սերմանելու չարամիտ քայլերին՝ պաշտպանը լինելով արդարության ու ճշմարտության։ Ղևոնդյանց ու Վարդանանց ոգին ու ազգանվիրումը դարձնենք աշխարհասփյուռ հայության առաջնորդող ուժ՝ հավատքի ամրությամբ, եղբայրսիրությամբ և ազգային միասնությամբ ճանապարհ հարթելով դեպի հոգևոր զարթոնք ու համերաշխ ոգով մեր ժողովրդի բարօր ապագայի կերտում»։

Վերջում շնորհավորելով եկեղեցականներին Սրբոց Ղևոնդյանց տոնի առիթով, ինչպես և պարգևի արժանացած քահանաներին՝ Հայոց Հայրապետը հայցել է, որ Բարձրյալն Աստված Սրբոց Ղևոնդյանց և Վարդանանց բարեխոսությամբ խաղաղություն շնորհի համայն աշխարհին, ամրապնդի հոգևոր դասի վճռականությունը՝ ծառայելու և գործելու ի սեր և ի պաշտպանություն հայրենի պետության ու համազգային շահերի և ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու։

Հավաքը եզրափակվել է Հայոց Հովվապետի «Պահպանիչ» աղոթքով։

Նմանատիպ նյութեր

«Պահանջում են ազատման դիմում գրել՝ Լևոն Քոչարյանի հետ լուսանկար հրապարակելու համար»․ Սյուզի Բադոյան

«Պահանջում են ազատման դիմում գրել՝ Լևոն Քոչարյանի հետ լուսանկար հրապարակելու համար»․ Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ավանի մարզադպրոցում Լևոն Քոչարյանի հետ նկարը ճակատագրական է դարձել մարզչի համար։ Մարզադպրոցի տնօրեն Գենադի Ասլանյանը 6 տարվա աշխատակցի նկատմամբ սկսել է հետապնդումներ այն բանից հետո, երբ...

ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն․ Եվրոպան չի կարողանա դիմակայել Ռուսաստանի հետ պատերազմին

ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն․ Եվրոպան չի կարողանա դիմակայել Ռուսաստանի հետ պատերազմին

ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, որ Եվրոպան չի կարողանա դիմակայել Ռուսաստանի հետ պատերազմին, հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Թերթը ՆԱՏՕ-ի պլանավորողների «ռազմական հոռետեսության» պատճառներից նշում է Եվրոպայում աջ կուսակցությունների ժողովրդականության...

Մարիա Ազիզյանը հաղթող է ճանաչվել Թենիսի միջազգային պատանեկան մրցաշարում

Մարիա Ազիզյանը հաղթող է ճանաչվել Թենիսի միջազգային պատանեկան մրցաշարում

Հայաստանի ներկայացուցիչ Մարիա Ազիզյանը հաղթող է ճանաչվել Բուլղարիայի Բուրգաս քաղաքում անցկացված Թենիսի միջազգային ֆեդերացիայի` ITF-ի J60 պատանեկան մրցաշարում: Եզրափակիչում Ազիզյանը 2։1 (6։2, 3։6, 7։6) հաշվով առավելության է հասել իտալացի Աննա Ներելիի նկատմամբ: Ազիզյանը...

Միջկրոնական համագումարում ընթերցվել է Արամ Ա. Վեհափառի պատգամը

Միջկրոնական համագումարում ընթերցվել է Արամ Ա. Վեհափառի պատգամը

Արամ Ա. Վեհափառ Հայրապետի ուղերձը ներկայացվել է Նյու Յորքում կայացած միջկրոնական համագումարում․ Շաբաթ, 29 Օգոստոս 2026-ին Նիւ Եորքի մէջ տեղի ունեցաւ “One World: One Humanity” («Մէկ աշխարհ՝ մէկ մարդկութիւն») միջ-կրօնական համագումարը, կազմակերպութեամբ Կրօնական...

Թրամփի ուղին ոչ թե խաղաղության մասին է, այլ աշխարհաքաղաքական մրցակցության․ Հակոբ Բադալյան

Թրամփի ուղին ոչ թե խաղաղության մասին է, այլ աշխարհաքաղաքական մրցակցության․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Ուիթքոֆի ու Քուշների մոսկովյան այցից առաջ թերեւս արժե ուշադրության արժանացնել մի քանի հետաքրքիր հանգամանք՝ ուղեկցող հանգամանք։ Մոսկվա այցից մի քանի օր առաջ Ուիթկոֆը փաստորեն հոդված է հրապարակում Թրամփի ուղու մասին, որը...