Եկեղեցին այսօր հարձակման տակ է հենց այն պատճառով, որ պաշտպանում է հայկական ինքնությունը. Բագրատ սրբազանի նամակը՝ Վենսին

8 Փետրվարի, 2026

Բագրատ Սրբազանի նամակը ԱՄՆ փոխնախագահ Վենսին

Պարոն փոխնախագահ,
Ձեզ ողջունում եմ մեր խաչված և հարություն առած Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի անունով։

Այս ողջույնը հղում եմ ՀՀ Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկից, որպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի ռեժիմի քաղբանտարկյալ։
Օգտագործելով իր կոմունիստական նախորդներից ժառանգված, ժամանակով փորձված մեթոդները՝ Փաշինյանը հրահանգել է իր անվտանգության ապարատին հետևել ինձ, կեղծել ապացույցներ, հարցաքննել, զրպարտել և ազատազրկել։

Ինչո՞ւ։ Պատասխանը պարզ է։ Ես ոչ բռնի ձևով, վերապատվելի Մարտին Լյութեր Քինգ կրտսերի ոգով, խոսել եմ իշխանության համար անհարմար ճշմարտությունը Հայաստանի մեծ ու փոքր բոլոր ճանապարհներին։

Դրանով ես իրականացրել եմ մարդու իմ հիմնարար իրավունքը՝ իմ քրիստոնեական հավատն ու վկայությունը հրապարակային դաշտ բերելու, այն հույսով, որ ազգային ճգնաժամի այս պահին հայ ժողովուրդն ու պետությունը հավատարիմ կմնան իրենց պատմական քրիստոնեական ավանդույթին։

Ես միայնակ չեմ։ Փաշինյանի ռեժիմի կողմից նույն կերպ ազատազրկված են նաև ուրիշներ գրեթե նույն պատճառներով։ Նրանց մեջ կան իմ եղբայրները՝ Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականները՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը։

Բանտարկված է նաև Եկեղեցու աշխարհական բարերար Սամվել Կարապետյանը։ Նրան ոչ միայն ազատազրկել են, այլև պետության կողմից խորհրդային ոճով ազգայնացվել է նրա ընկերությունը։
Վարչապետ Փաշինյանի կողմից մեր բանտարկությունը Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ պետական իշխանություն հաստատելու իր արշավի շրջանակներում է։ Խախտելով Սահմանադրությունն ու կրոնական ազատության բոլոր սկզբունքները՝ նա պահանջում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ամբողջ աշխարհի հայ եկեղեցու գլուխը, փոխարինվի իր ազդեցության տակ գտնվող որևէ անձով։

Պատճառը պարզ է․ Եկեղեցին պաշտպանում է մեր հոտը։ Մենք խոսում ենք Արցախի հայերի՝ իրենց տներ վերադարձի իրավունքի մասին այն բանից հետո, երբ երկու տարի առաջ նրանք ենթարկվեցին էթնիկ զտման Ադրբեջանի կողմից։ Մենք պահանջում ենք Ադրբեջանում պահվող մեր պատանդների վերադարձը։ Մենք խոսում ենք մեր հայրենիքը և նրա ինքնիշխանությունն Ադրբեջանին հանձնելու դեմ։

Դրա համար թե՛ վարչապետ Փաշինյանը, թե՛ Ադրբեջանի կառավարությունը, Եկեղեցին որակել են որպես «խաղաղության խոչընդոտ»։

Բայց Հայ Առաքելական Եկեղեցին պարզապես անում է այն, ինչ արել է 1700 տարի շարունակ՝ պահպանում է հայ ազգը՝ աշխարհի առաջին քրիստոնյա ազգը։ Այդ 1700 տարիների մեծ մասում Եկեղեցին եղել է միակ ազգային հաստատությունը, որը միավորել է հայերին։

Եկեղեցին այսօր հարձակման տակ է հենց այն պատճառով, որ պաշտպանում է հայկական ինքնությունը։ Գործադրվում են ջանքեր՝ Հայաստանը զրկելու իր քրիստոնեական ժառանգությունից և այն ինտեգրելու Թուրքիայի և Ադրբեջանի թյուրքական, իսլամական աշխարհին՝ որպես տնտեսական և ռազմական վասալ։

Դուք, պարոն փոխնախագահ, իրավացիորեն նախազգուշացրել եք Եվրամիությանը, որ այն քաղաքակրթական ինքնասպանություն է գործում՝ հրաժարվելով Եվրոպայի քրիստոնեական ինքնությունից և բացելով իր սահմանները նրանց առջև, ովքեր չեն կիսում Եվրոպայի հրեա-քրիստոնեական արժեքներից բխող արժեհամակարգը։

Սա հենց այն է, ինչ այսօր Հայաստանի մեջ ծրագրում և իրականացնում է ՀՀ վարչապետը։
Պատմության ընթացքին միշտ եղել են հայեր, անգամ եկեղեցականներ, որոնք դարձել են Եկեղեցու հալածիչների գործիքները։ Նրանք հաճախ դա արել են խաղաղության անվան տակ։

«Խաղաղություն, խաղաղություն են ասում, երբ խաղաղություն չկա» (Երեմիա 8:11)։ Այդպես էր Երեմիա մարգարեի օրոք։ Այդպես է նաև այսօր Հայաստանում։

Նախագահ Թրամփը մեծ ժամանակ և քաղաքական կապիտալ է ներդրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու համար։ Սակայն չի կարող Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն լինել, եթե հայ ազգը դադարի գոյություն ունենալուց։ Եթե Հայ Եկեղեցին հաջողությամբ չեզոքացվի, ապա վտանգի տակ կհայտնվի ոչ պակաս, քան հայ ազգի գոյությունը:

Գիտեմ, որ շուտով դուք կայցելեք Հայաստան և Ադրբեջան։ Դուք մեծապես կնպաստեք իսկապես պատմական և երկարատև խաղաղությանը, եթե՝

1. ապահովեք Երևանում և Բաքվում պահվող հայ քրիստոնյա քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը, և
2. ստանաք երաշխիքներ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 150.000 հայ քրիստոնյաների անվտանգ վերադարձի համար՝ նրանց հիմնարար մարդկային իրավունքների լիարժեք պահպանմամբ։

Ձեր կարևոր առաքելությանը մեկնելիս խնդրում եմ հիշել Եսայի մարգարեի այն խոսքերը, որոնք մեր Տերը ընթերցեց Իր երկրային ծառայության սկզբում․
«Տիրոջ Հոգին ինձ վրա է, որովհետև Նա ինձ օծել է՝ ավետարանելու աղքատներին, ինձ ուղարկել է՝ ազատություն քարոզելու գերիներին և տեսողություն՝ կույրերին, ազատ արձակելու ճնշվածներին» (Ղուկաս 4:18)։

Թող այս Հոգին առաջնորդի Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ Ձեր շփումների ընթացքում։

Հարգանքով, սիրով և աղոթքով
Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյան
02.02.2026

Նմանատիպ նյութեր

Մհեր Ղարիբյանը հաղթանակ է գրանցել պատմական Կարսում

Մհեր Ղարիբյանը հաղթանակ է գրանցել պատմական Կարսում

Կարսում անցկացված խառը մենամարտերի (MMA) միջազգային առաջնությունում Հայաստանը ներկայացնող MY FIGHT ակումբի սան 54/55 քաշային կարգը ներկայացնող 16 ամյա Մհեր Ղարիբյանը փայլուն ելույթ է ունեցել՝ զբաղեցնելով առաջին տեղը։ Մհերը մրցաշարին մեկնել է «Տաշիր» բարեգործական...

Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում․ 16-ամյա աղջնակի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել  

Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում․ 16-ամյա աղջնակի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել  

Օգոստոսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 08։40-ի սահմաններում շտապօգնության...

Եվրոպական կրքեր․ մենք ու Իսլանդիան․ Արթուր Խաչատրյան

Եվրոպական կրքեր․ մենք ու Իսլանդիան․ Արթուր Խաչատրյան

«Հայաստան» դաշինքի պատգամավոր, խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը գրում է. «Երեկ Իսլանդիայում հանրաքվեի օր էր։ Իսլանդացիները պետք է որոշեին արդյոք համաձա՞յն են, որ երկիրը վերսկսի «եվրաինտեգրման» գործընթացը, թե՞ շարունակի զով ապրել այս գլոբալ տաքացող աշխարհում:...

Նոր մանրասներ՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից. կարևորվել են սահմանազատման հարցերը

Նոր մանրասներ՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից. կարևորվել են սահմանազատման հարցերը

Նոր մանրասներ՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից. հայտնում են Կառավարության մամլո ծառայությունից: Ընդգծվել են 2025 թվականի օգոստոսի 8-ին համատեղ հռչակագրի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների...

Շենգավիթի բնակիչները քարերով հարվածում են տնակները քանդելու եկած մեքենաներին

Շենգավիթի բնակիչները քարերով հարվածում են տնակները քանդելու եկած մեքենաներին

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում իրավիճակը շարունակում է լարված մնալ. թաղապետարանի աշխատակիցները՝ ոստիկանական մեծ ուժերի ուղեկցությամբ փորձում են բնակելի 6 տնակ քանդել։ Այստեղ են բերվել տրակտորներ։ NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ հենց տրակտորն սկսեց աշխատել,...