Եպիսկոպոսին կարգալույծ հռչակելը եկեղեցական իրավունքի տեսանկյունից արտառոց երևույթ չէ․ Տեր Արարատ

30 Հունվարի, 2026

Տեր Արարատ քահանա Պողոսյանի հրապարակումը.

 

«Կարգալոյծը եկեղեցականօրէն մեռեալ է, իսկ մեռելոց յարութիւնն իմ կարողութենէն վեր է» (Տ․ Տ․ Մկրտիչ Ա Խրիմյան)

Կաթողիկոսի, պատրիարքի կամ պապի կողմից եպիսկոպոսին կարգալույծ հռչակելը քրիստոնեական եկեղեցական իրավունքի և պատմական ավանդության տեսանկյունից արտառոց երևույթ չէ, այլ՝ եկեղեցական գերագույն իշխանության անբաժանելի և հիմնարար լիազորություններից մեկը։ Երբ եպիսկոպոսը խախտում է եկեղեցական կանոնները, հանդես է գալիս եկեղեցական կարգի դեմ, թույլ է տալիս բարոյական կամ կանոնական ակնհայտ խախտումներ, խաթարում է Եկեղեցու միասնությունը՝ ձևավորելով հերձված, եկեղեցական գերագույն իշխանությունը ներկայացնող նվիրապետը լիազորված է նրան կարգալույծ հռչակելու, բանադրելու, պաշտոնից հեռացնելու և անհրաժեշտության դեպքում՝ աշխարհականների շարքին դասելու։

Արևմտյան Եկեղեցու՝ մասնավորապես Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու կանոնական իրավունքում այս սկզբունքը հստակ արձանագրված է։ Դեռևս միջնադարում ձևակերպված “Dictatus Papae” փաստաթուղթը բաց բնագրով հանգամանալից արձանագրում է, որ միայն պապը կարող է նշանակել և պաշտոնանկ/կարգալույծ անել եպիսկոպոսին։ Ժամանակակից Կաթոլիկ Եկեղեցու կանոնական իրավունքն այս իրավասությունը պահպանում է նույն բովանդակությամբ՝ ամրագրելով, որ կանոնական խախտումների, անհնազանդության կամ հակականոնական գործողությունների դեպքում պապը և Սուրբ Աթոռը կարող են եպիսկոպոսին կարգալույծ անել, բանադրել կամ պաշտոնից հեռացնել։

Եկեղեցական նորագույն պատմության մեջ բազմիցս արձանագրվել են դեպքեր, երբ եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ են պապական իշխանությամբ ենթարկվել նման պատժամիջոցների, ինչը փաստում է, որ տվյալ իրավասությունը ոչ միայն տեսական է, այլ՝ գործնականում կիրառվող լիազորություն։

Արևելյան եկեղեցիներում՝ ուղղափառ և առաքելական ավանդույթներում, գործում է նույն սկզբունքը՝ հիմնականում ժողովական ընթացակարգով և գերագույն գահակալի առաջնորդությամբ։ Տիեզերական և տեղական ժողովների պատմությունը լի է օրինակներով, երբ պատրիարքներ և եպիսկոպոսներ են կարգալույծ արվել, բանադրվել, կախակայվել, փիլոնազրկվել կամ հեռացվել պաշտոնից՝ եկեղեցական կանոնների խախտման, հերետիկոսության, հերձվածի, անհնազանդության կամ Եկեղեցու միասնությանը վնաս հասցնելու պատճառով։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնական ավանդության մեջ Հայոց կաթողիկոսը հոգևոր բարձրագույն իշխանության կրողն է՝ Նվիրապետը, որը հրավիրում և նախագահում է Ազգային-եկեղեցական, Գերագույն հոգևոր խորհրդի, եպիսկոպոսաց և այլ ժողովները։ Հայ եկեղեցական իրավական և պատմական փորձառությունը հստակ վկայում է, որ Հայոց կաթողիկոսն ունի լիարժեք իրավասություն՝ ընդառաջ ժողովական մարմնի առաջարկի կարգալույծ հռչակելու հոգևորականներին, այդ թվում՝ եպիսկոպոսներին, եթե նրանք խախտել են եկեղեցական կանոնները, հանդես են եկել եկեղեցական կարգերի դեմ կամ վտանգել են Եկեղեցու միասնությունն ու կարգապահությունը։

Հայ Եկեղեցու պատմության մեջ արձանագրված են բազմաթիվ պատմական օրինակներ, երբ Հայոց կաթողիկոսները կարգալույծ են հռչակել, բանադրել կամ պաշտոնից հեռացրել են եպիսկոպոսների, ինչն ամբողջությամբ համահունչ է համաքրիստոնեական և համաեկեղեցական իրավական տրամաբանությանը և դրա որոշակի դրսևորումն է Հայ Եկեղեցու պատմության մեջ։

Ուստի եկեղեցական իրավունքի, պատմական նախադեպերի և համաքրիստոնեական ավանդության ամբողջական դիտարկումը միանշանակ հաստատում է, որ եպիսկոպոսին կարգալույծ հռչակելը կաթողիկոսական, պատրիարքական կամ պապական իշխանության էական և անբաժանելի մասն է։ Այդ իրավասությունը բխում է ոչ թե անձնական կամ քաղաքական կամքից, այլ Եկեղեցու ներքին կանոնական համակարգից, որը նպատակ ունի պահպանելու Եկեղեցու կարգը, միասնությունը, հավատքի անաղարտությունն ու եկեղեցական ծառայության բարոյական և կանոնական բարձր չափանիշները։

Հ․Գ․

Հայոց կաթողիկոսների կողմից կարգալույծ հռչակված եպիսկոպոսների համառոտ ցանկ․

Խոսրով եպիսկոպոս Անձևացի (10-րդ դար) — բանադրվել է Տ․ Տ․ Անանիա Ա Մոկացի կաթողիկոսի կողմից։

Նիկոլ եպիսկոպոս Թորոսովիչ (17-րդ դար) — բանադրվել, ապա կարգալույծ է հռչակվել Ս․ Մովսես Գ Տաթևացի կաթողիկոսի կողմից։

Օնոփրիոս եպիսկոպոս Երևանցի (17-րդ դար) — կարգալույծ է հռչակվել Տ․ Տ․ Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսի կողմից։

Հովհան արքեպիսկոպոս Ամդեցի (18-րդ դար) — բանադրվել, ապա կարգալույծ է հռչակվել Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի կողմից։

Աշոտ արքեպիսկոպոս Շախյան (20-րդ դար) — կարգալույծ է հռչակվել Տ․ Տ․ Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի կողմից։

Եղիշե արքեպիսկոպոս Տերտերյան (20-րդ դար) — մի քանի տարով կախակայվել և փիլոնազրկվել է Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Վազգեն Ա Պալճյան կաթողիկոսի կողմից։

Խոսրով եպիսկոպոս Էմիրզեյան (20-րդ դար) — կարգալույծ է հռչակվել Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Վազգեն Ա Պալճյան կաթողիկոսի կողմից։

Վահան եպիսկոպոս Տերյան (20-րդ դար) — կարգալույծ է հռչակվել Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Վազգեն Ա Պալճյան կաթողիկոսի կողմից։

Պարգև եպիսկոպոս Գևորգյան (20-րդ դար) — կարգալույծ է հռչակվել Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Վազգեն Ա Պալճյան կաթողիկոսի կողմից։

Վազգեն եպիսկոպոս Օհանյան (20-րդ դար) — կարգալույծ է հռչակվել Վազգեն Ա Պալճյան կաթողիկոսի կողմից։

 Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյան (21-րդ դար) — կարգալույծ է հռչակվել Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Բ Ներսիսյան կաթողիկոսի կողմից։

 Անանիա արքեպիսկոպոս Արաբաջյան (21-րդ դար) — իր դիմումի համաձայն կարգալույծ է հռչակվել Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Բ Ներսիսյան կաթողիկոսի կողմից։

 Ասողիկ արքեպիսկոպոս Արիստակեսյան (21-րդ դար) — իր դիմումի համաձայն կարգալույծ է հռչակվել Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Բ Ներսիսյան կաթողիկոսի կողմից։

 Գևորգ եպիսկոպոս Սարոյան (21-րդ դար) — կարգալույծ է հռչակվել Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Բ Ներսիսյան կաթողիկոսի կողմից»։

Նմանատիպ նյութեր

Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա՝ տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման

Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա՝ տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման

Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։ «Ի լրումն Արսենն Գևորգյանի փաստաբանական թիմի հայտարարության հայտնում ենք, որ հոկտեմբերի 25-ին...

ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա

ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա

Եվրամիությունը պատրաստ է ծածկել Ուկրաինայի կողմից պահանջված լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի երկու երրորդը, այսինքն՝ շուրջ 46,7 միլիարդը: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Սովորաբար մենք ծածկում ենք Ուկրաինայի ֆինանսական...

Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց

Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում «Hyundai» մակնիշի ավտոբուսը Աճառյան 61/10 հասցեի բակային հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի...

Սպանության փորձի և խուլիգանության համար հետախուզվող 22 և 23-ամյա երիտասարդները ձերբակալվել են․ ՆԳՆ

Սպանության փորձի և խուլիգանության համար հետախուզվող 22 և 23-ամյա երիտասարդները ձերբակալվել են․ ՆԳՆ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Տավուշի մարզի քրեական ոստիկանները իրացնելով ստացված տեղեկությունները հոկտեմբերի 14-ին՝ մայրաքաղաքի Լազոյի նրբանցքի տներից մեկում, հայտնաբերեցին սպանության փորձի և խուլիգանության հատկանիշներով հետախուզվող 22 և 23 տարեկան Իջևան...

ԹՐԻՓՓ-ը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում

ԹՐԻՓՓ-ը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվել և կայացած քվեարկությամբ ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ներառվել է Ազգային ժողովի...