ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ»-ը

3 Դեկտեմբերի, 2025

Դեկտեմբերի 2-ին, ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի շրջանակներում, ստորագրվել է «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթուղթը: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։

Այս կապակցությամբ նախարար Միրզոյանն իր խոսքում նշել է. «մի քանի րոպե առաջ մենք ընդունեցինք նոր՝ Հայաստան–ԵՄ ռազմավարական օրակարգը, որը լրացնում է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ) և մեր գործընկերության օրակարգը բարձրացնում ռազմավարական մակարդակի։ Հայաստան-ԵՄ գործընկերությունը մտնում է նոր և ավելի հավակնոտ փուլ՝ ընդհանուր տեսլականով և պատասխանատվությամբ՝ միտված մեր քաղաքացիների համար կոնկրետ արդյունքների շարունակական ապահովմանը»։

ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալաս. «Այսօր մենք ընդունեցինք Հայաստան-ԵՄ գործընկերության նոր ռազմավարական օրակարգը, և սա մեր համատեղ ձգտումն է միասին աշխատելու ավելի շատ ոլորտներում։ Սա ներառում է ձեր բարեփոխումները, այդ թվում՝ իրավունքի գերակայության ամրապնդումը, ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացիան ու արդիականացումը, ինչպես նաև, օրինակ, վիզաների ազատականացման և անվտանգության հարցերով համագործակցությունը։

Այսօր հաճույքով հայտարարում եմ 15 միլիոն եվրոյի հատկացում՝ խաղաղության ամրապնդման և ավելի դիմակայուն Հայաստանի համար։ Այս միջոցները կուղղվեն մի շարք նախաձեռնությունների ֆինանսավորմանը՝ ներառյալ ականազերծման մասնագետների պատրաստումը և սարքավորումների ձեռքբերումը, ինչպես նաև տարածաշրջանային վստահության ամրապնդման միջոցառումները»։

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոս. «Այսօր մենք ընդունել ենք նոր ռազմավարական օրակարգ, որն արտացոլում է մեր երկկողմ հարաբերությունների այս նշանակալի պահը։

Մենք միասին աշխատում ենք Հայաստանի համար վիզաների ազատականացմանը հասնելու ուղղությամբ։ Անցած ամիս մենք ականատես եղանք վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի փոխանցմանը [Հայաստանին]։ Եվ ինչո՞վ է սա այդքան կարևոր։ Եվրոպայում ապրում են շատ հայեր, և մենք ցանկանում ենք, որ ձեզ համար ավելի հեշտ լինի ճանապարհորդել Եվրոպա, այցելել հարազատներին, գալ որպես զբոսաշրջիկներ, և նաև որպես ընկերներ»։

Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը երկու կողմերի միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված կարևոր քայլ է։ Այն կառուցված է ՀԸԳՀ հիմքի վրա՝ սահմանելով հավակնոտ առաջնահերթություններ մի շարք ոլորտներում։ Օրակարգն ընդհանուր արժեքների ու փոխադարձ շահերի արտացոլումն է և Հայաստանի և ԵՄ-ի կողմից բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու հանձնառության վկայությունը։

Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգն արտացոլում է նաև Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումները և Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանն աջակցելու ԵՄ-ի հանձնառությունը։ ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի հավատարմությունը եվրոպական արժեքներին և եվրոպական ընտանիքի հետ ինտեգրումը խորացնելու նրա ձգտումը։

Հայաստան-ԵՄ գործընկերությունը գտնվում է առանցքային փուլում։ Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգով սահմանվում է ապագայի վերաբերյալ մեր ընդհանուր տեսլականը, որում արտացոլվում է տարածաշրջանում կայունությունը, բարեկեցությունը և խաղաղությունն ամրապնդելու ընդհանուր հանձնառությունը, և որում առկա է շոշափելի արդյունքներ ձեռք բերելու խոստում։ Համատեղ աշխատանքի միջոցով ԵՄ-ն և Հայաստանը կարող են իրականացնել օրակարգում ամրագրված հավակնոտ նպատակները՝ ստեղծելով ավելի բարեկեցիկ և ապահով ապագա բոլորի համար։

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը և մարդու իրավունքներին, ինչպես նաև այս ուղղությամբ զգալի առաջընթացը՝ հաշվի առնելով չափազանց բարդ տարածաշրջանային իրավիճակը, որին Հայաստանը ներկայումս առերեսվում է։ Այն բարձր է գնահատում ժողովրդավարական հաստատությունների պատշաճ գործունեությունն ապահովելու Հայաստանի հանձնառությունը՝ ՀԸԳՀ-ն դիտարկելով որպես երկրի արդիականացմանն ուղղված բարեփոխումների պլան։

ԵՄ-ն Հայաստանին կօգնի Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգում սահմանված նպատակներն իրագործելու և առաջնահերթություններն իրականացնելու հարցում։ ԵՄ-ն այդ ամենը կապահովի, կիրառելով աջակցության հասանելի բոլոր աղբյուրները, ինչպես նաև փորձը և խորհրդատվությունը, լավագույն գործելակերպը, տեղեկությունների փոխանակումը, կարողությունների զարգացմանն աջակցելը, ինստուտուցիոնալ ամրապնդումը և աջակցության գործիքները։

Առանցքային առաջնահերթություններն են սոցիալ-տնտեսական զարգացումն, առևտրի դիվերսիֆիկացումը, կայունությունը և դիմակայունության բարձրացումն, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային մարտահրավերների հասցեագրումը, ինչպես նաև թիրախավորված հիբրիդային և այլ սպառնալիքների վերացումը։

Վիզայի ազատականացման շուրջ երկխոսությունը ևս կարևոր համատեղ առաջնահերթություն է։ Գործընթացի նպատակն է Հայաստանին աջակցել ԵՄ-ում և Շենգենյան գոտու սահմաններում կարճաժամկետ այցերի համար առանց վիզայի մուտքի ռեժիմ սահմանելու հարցում՝ պայմանով, որ ապահովվեն արդյունավետ կառավարվող շարժունակության և անվտանգության համապատասխան պայմանները

Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել այնպիսի առանցքային ոլորտներում բարեփոխումների իրականացման գործում, ինչպիսիք են արդարադատությունը, կոռուպցիայի դեմ պայքարը և օրենքի գերակայունության ապահովումը, խոսքի ազատությունը և ԶԼՄ-ների ազատությունը, ոստիկանության բարեփոխումները և ժողովրդավարական հաստատությունների ամրապնդումը (օրինակ՝ ստեղծելով Ներքին գործերի նախարարություն), ինչպես նաև կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության, միգրացիայի և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում բարեփոխումների իրականացման առումով։

Տնտեսական համագործակցությունն, առևտրի դիվերսիֆիկացումն ու փոխկապակցվածությունը նույնպես օրակարգի առանցքային հենասյուներից են։ Համատեղ գործողությունների միջոցով Հայաստանը և ԵՄ-ն կարող են բացահայտել տնտեսական աճի նոր հնարավորություններ, ստեղծել աշխատատեղեր, բարձրացնել բարեկեցության մակարդակն ու բարելավել բնակչության կյանքի որակը։

Տարածաշրջանի անվտանգային իրավիճակը մնում է անկայուն։ Հայաստան-ԵՄ գործընկերության սույն ռազմավարական օրակարգում, որպես համագործակցության նոր ոլորտ, ներառված են անվտանգությունը և պաշտպանությունը, որոնց նպատակը Հայաստանի դիմակայունությունն, անվտանգությունը և կայունությունը բարձրացնելն է։ Օրինակ՝ 2024 թվականին ԵՄ-ն Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակներում ընդունել է Հայաստանի զինված ուժերին աջակցություն տրամադրելու անդրանիկ միջոցառումը։

Նմանատիպ նյութեր

Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում հոկտեմբերի 3-ին ժամանակ առ ժամանակ, 5-7-ին` երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...

Ոսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ»

Ոսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է. Գրել էինք, որ Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղի բնակիչ, հանգուցյալ Սայադ Աղամյանի առանձնատունը Ռուսաստանում ապրող նրա որդու կողմից ժառանգություն ստանալու գործընթացի ժամանակ խնդիրներ են առաջացել, նրան հայտնել են, որ անշարժ գույքի...

Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը»․ «Փաստ»

Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը»․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում սոցիալական ոլորտի ընդհանուր պատկերը մռայլ է, իսկ քաղաքացիների իրական վիճակը՝ ծանր և մշտական անհանգստության ներքո։ Առկա անարդարության զգացողությունն ու ամենօրյա կյանքի շարունակական թանկացումը հանգեցրել են բարդ իրավիճակի։ Որպես կանոն՝...

Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. պարզվել է նրա ինքնությունը

Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. պարզվել է նրա ինքնությունը

Հոկտեմբերի 1-ին Մասիս քաղաքում ծառայություն իրականացնող պարեկները ստացել են տեղեկություն, որ հարսանեկան արարողության մեկնող շարասյան մեջ «Ֆորդ Մուստանգ» մակնիշի մեքենայի վարորդը կրակոցներ է արձակել։ Ժամը 13․30-ի սահմաններում Հայանիստ գյուղում պարեկները կանգնեցրել են...

Քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»

Քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանում առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների թանկացման ֆոնին առանձնահատուկ մտահոգիչ է դեղորայքի գների հարցը։ Շատ քաղաքացիների համար անհրաժեշտ դեղամիջոցների ձեռքբերումը դարձել է լուրջ ֆինանսական բեռ, իսկ որոշ դեպքերում՝ լրացուցիչ ծախս,...