Ձեթը թանկացել է 18.6%-ով, մակարոնեղենը՝ 8.2%-ով. 12-ամսյա գնաճը հոկտեմբերին. «Հետք»

24 Նոյեմբերի, 2025

2025 թվականի հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանում թթվասերը թանկացել է 5.6%-ով, կաթնաշոռը՝ 5.2%-ով, մածունը՝ 4.8%-ով, կաթը՝ 4%-ով։ Տվյալները հրապարակել է Վիճակագրական կոմիտեն։ Գրում է «Հետք»-ը: 

Կաթնամթերքի գները կտրուկ բարձրացել են հոկտեմբերին։ Մինչդեռ նախորդ ամիսներին 12-ամսյա գնաճը բավականին ցածր է եղել, անգամ գնանկումներ են գրանցվել։ Իսկ հոկտեմբերի գնաճն անզեն աչքով էլ ակնհայտ էր։

Պաշտոնական վիճակագրությամբ՝ միայն հոկտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, կաթնամթերքի առանձին տեսակներ մինչև 5%-ով թանկացել են։

  • Կաթնամթերքի կասկածելի թանկացումը. արտադրողները մրցու՞մ են բարձր գնի համար

Թե ինչու կաթնամթերք արտադրողները մի քանի օրում միաբերան կտրուկ բարձրացրին գները, այդպես էլ ո՛չ արտադրողների, ո՛չ էլ պատկան մարմինների կողմից բացատրություններ դեռևս չկան։

Ավելի վաղ մեզ հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը կասկած էր հայտնել, որ արտադրողներն իրար հետևելով, առանց տնտեսական հիմնավորման, բարձրացրել են գները։ Այս դեպքում մրցում են ոչ թե ցածր գին սահմանելով, այլ հակառակը՝ բարձր գներով։

Ամենատարածված կարծիքը, թե QR կոդերի կիրառումն է թանկացման հիմքը, փորձագետների մի մասի համար համոզիչ և սպառիչ չէ։ Առաջին հիմնավորումն այն է, որ դա չէր կարող այնքան մեծ ծախսեր առաջացնել տնտեսվարողների համար, որ օրինակ թթվասերը մեկ օրում 50-60 դրամով թանկանար։

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը նախաուսումնասիրում է կաթնամթերքի գների բարձրացման թեման։ Թե դա կոնկրետ ինչ է ենթադրում և ինչ քայլեր են արվում, հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը չմանրամասնեց՝ նշելով, որ դա կարող է խանգարել նախաուսումնասիրությանը։

Թե երբ կորոշվի՝ կա՞ն այստեղ հիմքեր վարույթ հարուցելու, առայժմ հայտնի չէ։ Չի բացառվում, որ դա ամիսներ տևի։

Սննդամթերքի առանձին տեսակներ երկնիշ թվով են թանկացել

2025 թվականի հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանում 3.7% գնաճ է գրանցվել։

Առանձին ապրանքախմբեր ավելի մեծ տեմպով են թանկացել։ Մասնավորապես, սննդամթերքը՝ 5.2%-ով։ Քանի որ ապրանքների գներն ունեն սեզանայնություն, հետևաբար՝ հաճախ ավելի նպատակահարմար է նշված ամսվա գները համեմատել նախորդ տարվա նույն ամսվա հետ։

Հայաստանցիների ծախսերում սննդամթերքն էական կշիռ ունի։ Հատկապես ցածր եկամուտ ունեցող ընտանիքներում, որտեղ տարատեսակ ծառայությունները մեծ կշիռ չունեն, սննդի գնային տատանումները էական ազդեցություն են թողնում։

Օրինակ՝ կաթնամթերքի թանկացման պատճառով, ըստ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի, քաղաքացիների սպառողական զամբյուղում կաթնամթերքի կշիռն աստիճանաբար նվազելու է։

Վիճակագրական կոմիտեի վերջին հաշվարկներով՝ միջինում Հայաստանում տնային տնտեսությունների ծախսերի մոտ 43%-ը բաժին է ընկնում սննդամթերքին։

Վերևում գտնվող ինֆոգրաֆիկայում ներկայացրել ենք Վիճակագրական կոմիտեի առանձնացրած ապրանքները՝ հաշվի առնելով դրանց ազդեցությունը գնաճի վրա։ Ինչպես երևում է, երկնիշ տեմպով թանկացել են ձեթը, ձուկը, սուրճը, կարագը, շոկոլադը, միսը և այլն։

Նույն ընթացքում քիչ ապրանքներ են էժանացել, ինչպես շաքարը։

Ինչ վերաբերում է պարենային ապրանքներին, ապա 2025 թվականի հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, ոչ պարենային ապրանքների շուկայում գներն աճել են 0.9%-ով։

Թանկացել են նաև ծառայությունները։ Ընդհանուր առմամբ, բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում հոկտեմբերին սակագներն աճել են 2.9%-ով։

Որոշ չափով նվազել են բենզինի և դիզելային վառելիքի գները։ Այս հոկտեմբերին, 12-ամսյա համեմատությամբ, բենզինն էժանացել է 1.5%-ով, դիզելային վառելիքը՝ 0.6%-ով։ Տարեսկզբի համեմատ վառելիքի գները էապես չեն փոխվել։

Գնաճը ԿԲ-ին դեռևս չի ստիպում փոխել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Կենտրոնական բանկի հիմնական նպատակներն են երկրում գների և ֆինանսական կայունության ապահովումը, որն ամրագրված է օրենքով։ Ավելի պարզ ասած՝ ԿԲ-ն իր ունեցած գործիքներով պետք է փորձի այնպես ազդել շուկայի վրա, որ ցածր և կայուն գնաճ լինի։ Այսինքն՝ գնաճի որոշակի շեմ «թույլատրելի է» տնտեսության համար։ Այս տարվա պետական բյուջեի մասին օրենքում ամրագրվել է, որ այդ թույլատրելի շեմը 3%-ն է՝ ±1.0 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում։

ԿԲ-ն առաջին հերթին վերաֆինանսավորման տոկոսադրույքի միջոցով է ազդում գնաճի վրա, իհարկե՝ որոշակի ժամանակային լագով։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքն այն տոկոսն է, որով ԿԲ-ն վարկեր է տրամադրում գործող առևտրային բանկերին։ Քանի որ գնաճը դեռևս շատ բարձր չէ, ԿԲ-ն ևս չի բարձրացնում տոկոսադրույքները և առայժմ դրանց միջոցով քաղաքացիների ծախսերը խիստ զսպելու անհրաժեշտություն չի տեսնում։

Վերջին անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ ԿԲ-ն որոշում է կայացրել այս տարվա նոյեմբերի 4-ին։ ԿԲ խորհրդի նիստի ժամանակ որոշվել է  անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75%:  Այս տարվա փետրվարի չորսից հետո հինգ անգամ որոշում է կայացվել այն թողնել անփոփոխ։

Նմանատիպ նյութեր

Առավոտյան՝ պայքար Դաշնակցության դեմ, կեսօրին՝ եկեղեցաքանդություն. «հիանալի» կադրային ընտրություն է. Քրիստինե Վարդանյան

Առավոտյան՝ պայքար Դաշնակցության դեմ, կեսօրին՝ եկեղեցաքանդություն. «հիանալի» կադրային ընտրություն է. Քրիստինե Վարդանյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Հիանալի կադրային ընտրություն է. «Դաշնակցականությունն արմատախիլ անելու» փորձերի ազատ ժամերին` հիմնական գործից դուրս կզբաղվի եկեղեցին քանդելով: Ծանր գրաֆիկ է, երևի լրացուցիչ պարգևավճարի կարիք էլ...

Մինսկում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Մինսկում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Մինսկում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին Փաշինյանը տեսակապով է մասնակցում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նիստն այժմ ընթանում է նեղ կազմով, ներկա են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի կառավարությունների ղեկավարները: Ավելի ուշ տեղի կունենա...

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ Արթուր Օհանյանը

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ Արթուր Օհանյանը

«Առավոտյան, Հակակոռուպցիոն կոմիտեն, հերթական անհեթեթ հորինվածքով, ձերբակալել է «Հայաստան» Դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանին...»,- այս մասին ֆեսյբուքյան իր էջում հայտնում է «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ...

Չփորձեք նորից ադրբեջանցուն հանձնել ու լռեցնել հարցը. Միհրան Մախսուդյան

Չփորձեք նորից ադրբեջանցուն հանձնել ու լռեցնել հարցը. Միհրան Մախսուդյան

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սյունիքում կատարվածը պարզապես վերջն է։  Եթե ադրբեջանցին սահմանը խախտելով հարձակվել է հայ կնոջ վրա՝ իշխանությունները պարտավոր են կոշտ և հստակ արձագանքել։ Չփորձեք նորից ադրբեջանցուն հանձնել ու լռեցնել...

Այսօրվա Հայաստանի իշխանությունները մեր նկատմամբ տարածքային պահանջներով էին հանդես գալիս. մենք դա չենք մոռանա. Ալիև

Այսօրվա Հայաստանի իշխանությունները մեր նկատմամբ տարածքային պահանջներով էին հանդես գալիս. մենք դա չենք մոռանա. Ալիև

«Չի կարելի ամբողջ մեղքը բարդել Հայաստանի նախկին ղեկավարության վրա։ Մինչդեռ Հայաստանի նախկին ղեկավարները՝ նրանք բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց պատիժը»։ Ադրբեջանի պետական AZƏRTAC գործակալությունը հայտնում է, որ այս մասին նախագահ Իլհամ Ալիևը...