Փոխնախարարը օգնել է հանքը «խլել» մի ընկերությունից՝ տալով մյուսին՝ ինքն էլ դառնալով փոխտնօրեն. «Ժողովուրդ»

6 Նոյեմբերի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հեղափոխության լիդերները գալիս էին մերժելու ԽԾԲ-ն եւ կոռուպցիան՝ հնչեցնելով, թե «ո՛չ մի մուկ, ո՛չ մի ձուկ չի պլստալու»։ Հիմա ավելի քան երբեւէ դրանք ազատ լողում են իրավապահ համակարգի առջեւ։

Երեկ Ազգային ժողովում Հակակոռուպցիոն կոմիտեի՝ 2026 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարց ուղղեց Կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին եւ հետաքրքրվեց, թե կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմները, որոնք նա կիրառում է, ինչ արդյունավետություն են ցույց տվել մինչ այս պահը. պատգամավորը հնչեցրեց 3 հայտնի դրվագ.

  1. 2021-ի ապրիլի 29-ին Հայաստանի Կառավարությունը հավանության արժանացրեց օրենքների նախագծեր, որոնցով թույլատրվում էր արդյունաբերական կանեփի մշակումը, արտահանումը, ներմուծումը եւ այլն։ Հարցը զեկուցում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որի գրասենյակը մշակել էր համապատասխան օրենսդրական փոփոխությունները։ Կառավարության այս որոշման ընդունումից հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, Երեւանի բնակիչ Ստեփան Մարգարյանը երեք այլ անձանց հետ հիմնադրում է «Գրոուար» ՓԲԸ-ն, որը զբաղվում է արդյունաբերական կանեփի աճեցմամբ։ Ստեփան Մարգարյանը Տիգրան Ավինյանի ընկերն է, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանի ամուսինը։ Մարգարյանը այս ընկերության բաժնետեր է երեք այլ անձանց հետ, իսկ Ավինյանի աշխատակազմի տարբեր անդամներ, որոնք նախագծում էին արդյունաբերական կանեփի արտադրության հիմքերը, այժմ ներգրավված են «Գրոուար»-ի կառավարման գործերում։ Ընկերությունը խաչվում է նաեւ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանի որդու բիզնեսներից մեկին։

Թովմասյանն ընդգծել է այս գործարքում ծանոթ-բարեկամ ունենալը եւ կոռուպցիոն սխեման։

  1. ԱԺ պատգամավորի հաջորդ ընդգծումը կապված էր հայաստանյան խանութներում բազմաթիվ ապրանքների՝ նոր կանոններով վաճառքի հետ։ Դրանց վրա այժմ կան հատուկ QR կոդեր՝ թվային ծածկագրեր։ 44-օրյա պատերազմի 4-րդ օրը, երբ իշխանությունը պետք է 24-ժամյա ռեժիմով զբաղված լիներ անվտանգային հարցերով, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է մի որոշում, որով երկրում նոր մենաշնորհ է ստեղծել։ Այս մասին մամուլում բազմիցս է գրվել։ 2024 թվականին տնտեսվարողներին տրամադրվել է 1 մլրդ 357 մլն դրոշմապիտակ։ Դրանց համար պետությունը վճարել է 5 մլրդ 130 մլն դրամ։ Քանի որ 2025-ից ավելի շատ ապրանքներ պետք է դրոշմավորվեն, նշանակում է՝ ավելի շատ QR կոդեր են անհրաժեշտ լինելու։

Հետեւաբար՝ բազմապատկվելու է նաեւ շրջանառվող միլիարդների չափը։ Այս գործարքն իրականացնելու համար Ազգային օպերատորի ընտրության մրցույթը կայացավ պատերազմի ավարտից եւ նոյեմբերի 9-ի թաստաթղթի ստորագրումից 3 օր անց։ Պահանջներն ի սկզբանե այնպես էին սահմանված, որ Հայաստանում դրանց համապատասխանող մասնակից գտնելը դժվար կլիներ։ Պատերազմի թեժ շրջանում Կառավարությունը մենաշնորհի իրավունք է տվել մի կոնսորցիումի:

Միքայել Փաշայանը, որը տասնյակ տարիներ պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել ՊԵԿ-ում, 2008 թվականին՝ 26 տարեկանում, արդեն ՊԵԿ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետն էր, հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի հիմնադիրներից մեկը, իսկ հեղափոխությունից հետո՝ 2018-ից՝ ՊԵԿ նախագահի տեղակալ։ Թագուհի Թովմասյան այս կետով ընդգծում էր այն երեւույթը, երբ պաշտոնյան մասնակցում է նախագծի ներդրմանը, ապա իրագործելուն պես՝ լքում է համակարգն ու սկսում հակառակ բեւեռում գործունեություն իրականացնել։

  1. Երրորդ դրվագով պատգամավորն ինքն էր բացահայտումն իրականացրել հարցումների միջոցով։ Մասնավորապես, նա պարզել էր, որ Դաստակերտի հանքավայրը ուներ շահագործող ընկերություն ՝ «Մոլիբդենի աշխարհ»-ը, եւ այս ըներության հետ կապված որոշակի խնդիրներ էին առաջացել։ Չբացելով չակերտները՝ Թովմասյանն ընդգծեց, որ դատական գործի քննության ընթացքում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի եւ փոխնախարար Հովհաննես Հարությունյանի միջոցով այդ հանքավայրը փաստացի տրվել է մի անձնավորության, որի հետ այս պաշտոնյաները ունեն սերտ հարաբերություններ։ Խոսքը Սասուն Ավետիսյանի մասին էր, որը դարձել է հանքի փաստացի սեփականատեր։ Ընդ որում, այդ հանքի մասով կա 2 որոշում. պատգամավորի ընդգծմամբ, իրավաբանորեն պարզ չէ, թե հանքն ում է պատկանում, բայց այս պահին շահագործվում է կոնկրետ անձի կողմից, ով ունի սերտ հարաբերություններ Սանոսյանի եւ Հարությունյանի հետ։

Ավելին՝ մասնագիտությամբ բժիշկ Հովհաննես Հարությունյանը, պաշտոնից հեռանալուց հետո, հանքավայրում նշանակվել է Կայուն զարգազման գծով տնօրենի տեղակալ։ Այս դեպքում եւս նույնն էր միտքը. պաշտոնյան հետո դառնում է ղեկավար մի բիզնեսում, որի ստեղծմանն ինքը նպաստել է։

Արթուր Նահապետյանն առաջին եւ երրորդ կետերի առնչությամբ տեղեկության չէր տիրապետում, անգամ դրանց մասին առաջին անգամ էր լսում։ Նահապետյանը, սակայն, խոստացավ աշխատանք տանել, ուսումնասիրել դրանք եւ անհրաժեշտության դեպքում՝ վարույթ հարուցել։

Նահապետյանը, QR կոդերի վերաբերյալ Թովմասյանի բարձրաձայնած խնդրին ի պատասխան, հայտնեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է վարույթ, եւ այս պահին այն գտնվում է ակտիվ նախաքննության փուլում։ Թե ովքեր են ներգրավված՝ դժվարացավ ասել»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...