Իսրայելի սփյուռքի և հակասեմականության հարցերով նախարար Ամիխայ Չիկլին խստորեն քննադատել է Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնում մուսուլման Զոհրան Մամդանիի ընտրությունը՝ նրան անվանելով «ՀԱՄԱՍ-ի կողմնակից»։
«Քաղաքը, որը մի ժամանակ համաշխարհային ազատության խորհրդանիշ էր, իր բանալիները հանձնել է ՀԱՄԱՍ-ի կողմնակիցին, որի հայացքները շատ նման են ջիհադիստ մոլեռանդներին, ովքեր 25 տարի առաջ սպանել էին քաղաքի երեք հազար բնակիչների»՞ — գրել է նա։
Իսրայելի նախարարի կարծիքով՝ Նյու Յորքի կատարած ընտրությունը «խարխլում է այն վայրի հիմքերը, որը ազատություն և հաջողության հասնելու հնարավորություն է տվել բազմաթիվ հրեա փախստականների՝ 19-րդ դարի վերջից ի վեր այն մի վայր է եղել, որը աշխարհի ամենամեծ հրեական սփյուռքի հենարանն է դարձել»։
«Այս ամենն ավարտվել է այսօր առավոտյան, դա մեկ օրում չի կատարվել, դա սկսվել է կատարական փողերով գրավված համալսարանական քաղաքներում տիրող հակասիոնիստական մթնոլորտից, շարունակվել է ՀԱՄԱՍ-ի կողմնակիցների կողմից CUNY-ում, NYU-ում և հատկապես Կոլումբիայի համալսարանում տեղի ունեցած բռնի բողոքի ցույցերով, որն ԱՄՆ-ում ՀԱՄԱՍ-ի աջակցության հենարան է դարձել, իսկ գագաթնակետին մենք հասանք այսօր առավոտյան, երբ ամենավերջին խուլիգանը, ՀԱՄԱՍ-ի բռնաբարողների և մարդասպանների կողմնակիցը, ընտրվեց քաղաքապետ»,- նշել է իսրայելցի նախարարը։
Նրա կարծիքով, Նյու Յորքը «այլևս չի լինի այն, ինչ նախկինում էր, հատկապես հրեական համայնքի համար»։
«Նյու Յորքը բաց աչքերով քայլում է դեպի այն անդունդը, որի մեջ արդեն ընկղմվել է Լոնդոնը։
Այս գեղեցիկ քաղաքում ազատության լույսը մարել է և անիմաստ է ասել, որ ամեն ինչ լավ կլինի՝ այս քաղաքում ոչինչ լավ չի լինի։
Ես կոչ եմ անում Նյու Յորքի հրեաներին լրջորեն մտածել Իսրայելում իրենց նոր տեղը ապահովելու մասին։
Իսրայելի հավերժությունը չի ստում», — եզրափակել է իսրայելցի նախարարը։
Զոհրան Մամդանին Նյու Յորքի առաջին մուսուլման քաղաքապետն է։ Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը նույնպես իսլամ է դավանում։






