Մայր Աթոռի ներկայացուցիչները մասնակցել են Հռոմում կայացած «Չարին դիմագրավելը. մեր ժամանակների նահատակները» խորագրով ֆորումին

29 Հոկտեմբերի, 2025

Հոկտեմբերի 26-ից 28-ը Հռոմում հանուն խաղաղության անցկացվող ավանդական միջազգային համաժողովին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մասնակցեցին Արևմտյան Եվրոպայում Հայրապետական պատվիրակ, Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ․ Խաժակ Արք․ Պարսամյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տեր Գարեգին Վրդ․ Համբարձումյանը։ Հրավիրված էր նաև Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ Արք․ Մաշալյանը։

Կրոնների և մշակույթների երկխոսության այս հավաքը սկիզբ է առել է 1986 թվականին, երբ Ս․ Հովհաննես Պողոս II Պապի հրավերով առաջին անգամ Սուրբ Ֆրանկիսկոսի ծննդավայրում՝ իտալական Ասսիզի քաղաքում, միասնական աղոթքի հավաքվեցին տարբեր կրոնների առաջնորդներ ամբողջ աշխարհից։ Կաթոլիկ Եկեղեցու հովանավորությամբ գործող Սանտ Էջիդիո (Comunità di Sant’Egidio) կազմակերպությունը որոշեց շարունակել լեհ Քահանայապետի վեհ նախաձեռնությունը, վերածելով այն մի հրաշալի ավանդության։ Ինչպես երեկ եզրափակիչ արարողությանը հայտարարեց Սանտ Էջիդիո կազմակերպության ներկա նախագահ Պրոֆ․ Մարկո Իմպալյացցոն՝ մյուս տարվա հոբելյանական 40-րդ հավաքը կանցկացվի հենց Ասսիզիում։ Իսկ այս տարվա Հռոմի միջոցառումը անցավ «Խաղաղությանը հավակնել» խորագրի ներքո։

Գերշ․ Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը մասնակցեց «Չարին դիմագրավելը. մեր ժամանակների նահատակները» խորագրով ֆորումին՝ ներկայացնելով խորաթափանց անդրադարձ նահատակության իմաստին՝ հայկական քրիստոնեական ավանդույթի համատեքստում։

«Մեզ՝ հայերիս համար, — նշեց Սրբազանը, — նահատակն ոչ թե զոհ է, այլ վկա, որն իր կյանքը ընծայում է՝ հավատարիմ Աստծուն և մերձավորի հանդեպ սիրուց»։

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ողբերգությանը՝ Սրբազանը շեշտեց, որ այն փորձ էր վերացնելու մի ամբողջ ժողովուրդ, նրա մշակույթը և Եկեղեցին։ Սակայն լույսը չմարեց։ Սրբազանը ընդգծեց, որ ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայ Առաքելական Եկեղեցու կողմից Սուրբ Նահատակների սրբադասումը «ոչ թե քաղաքական գործողություն էր, այլ հավատի դրսևորում՝ հռչակում այն բանի, որ սերը մահից զորավոր է, որ ճշմարիտ հիշողությունը արդարության ձև է, և որ նահատակների արյունը կոչված է ոռոգելու խաղաղության ծառը, և ոչ թե վրեժխնդրությունը»։

Նա նաև անդրադարձավ ներկայում Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և Ասիայում քրիստոնյա համայնքների տառապանքները՝ հավելելով․

«Մենք հիշում ենք նաև եզդիներին, մուսուլմաններին, հրեաներին և բոլոր այն խոցելի փոքրամասնություններին, որոնց արժանապատվությունը ոտնահարվել է ֆանատիզմի և պատերազմի հետևանքով»։

Այնուհետև Սրբազանը անդրադարձավ վերջին տարիների արցախահայության ցավալի փորձություններին, որոնց հետևանքով մի ամբողջ ժողովուրդ տեղահանվեց իր նախնիների հողերից, վնասվեցին եկեղեցիներ, պղծվեցին գերեզմանոցներ, իսկ մշակութային ժառանգությունը դարձավ խոցելի։

«Եկեղեցին, — ասաց Սրբազանը, — շարունակում է աղոթել և գործել՝ հոգ տանելով տեղահանվածների մասին և պահպանելով այն հույսը, որ արդարությունը կարող է հաղթել առանց ատելության, իսկ հաշտությունը կայանալ առանց ժխտման»։

Իր ելույթում Սրբազանը մատնանշեց չարիքին դիմագրավելու վեց ուղի․ հիշել ճշմարտությամբ, վկայել միասին, օգտագործել աղոթքն ու ապաշխարությունը՝ որպես հավատքի գործիքներ, կոնկրետ կերպով ամոքել վերքերը, միավորել գթությունն ու արդարությունը և ձևավորել խաղաղության գիտակցությունը։

Նա բարձր գնահատեց Սանտ Էջիդիո համայնքի գործունեությունը՝ բնութագրելով այն որպես «խաղաղության համբերատար կառուցում՝ աղոթքի, աղքատների հետ բարեկամության և երբեք չհանձնվող երկխոսության միջոցով»։

Խոսքը եզրափակելով՝ Խաժակ Սրբազանը կոչ արեց ներկաներին միանալ համընդհանուր հանձնառությամբ՝

Հիշել ճշմարտությամբ և ձայնակցել ձայնազուրկներին։

Մերժել ատելությունը՝ նույնիսկ երբ այն թվում է արդարացված։

Պաշտպանել խոցելիներին՝ երեխաներին, տարեցներին, տեղահանվածներին և փոքրամասնություններին՝ անկախ շահերից և աշխարագրությունից։

Պաշտպանել հավատքի և խղճի ազատությունը բոլորի համար անխտիր։

Դարձնել եկեղեցիները, մզկիթներն ու սինագոգները ողորմության տներ և խաղաղության դպրոցներ։

Ամրապնդել իրավունքի գերակայությունը, որպեսզի բռնությունը սահմանափակվի, իսկ հաշտությունը գտնի իր իրական ուղին։

Սրբազանը խոսքն ավարտեց Սուրբ Գրիգոր Նարեկացու աղոթքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 16։30-ին, տարբեր կրոնների ներկայացուցիչները միաժամանակ աղոթք բարձացրեցին հանուն խաղաղության։ Քրիստոնյաների միջեկեղեցական աղոթքը կատարվեց Պապ Լեոն XIV-ի նախագահությամբ Հռոմի գլխավոր խորհրդանիշներից մեկի՝ Կոլիզեումի մեջ։ Այլ կրոնների ներկայացուցիչները աղոթեցին Կոլիզեումին հարակից տարբեր վայրերում։ Մոտ կես ժամ անց բոլորը համախմբվեցին Կոլիզեումը հարևանությամբ բարձացող Կոստանդինոսի կամարի առջև պատրաստված հարթակում՝ մասնակցելու եզրափակիչ արարողությանը։ Նրա ավարտին հրչակվեց Խաղաղության կոչը, ապա տարբեր կրոնների ներկայացուցիչները վառեցին Խաղաղության մոմակալը որպես համերաշխության և հույսի նշան։ Այնուհետև կոչի օրինակները բաժանվեցին ներկաներին՝ որպես խաղաղության ուղերձի տարածման խորհրդանշական քայլ։

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...