Փաշինյանի կառավարությունը ներսից քանդում է Հայաստանը. Հարութ Սասունյան

17 Սեպտեմբերի, 2025

Հայաստանի ճգնաժամը խորանում է։ Ամեն օր երկրի անձեռնհաս կառավարողները մաս առ մաս խլում են նրա ինքնիշխանությունը՝ քանդելով այն պետությունը, որը պաշտպանելու համար էին ընտրվել։

Այժմ Հայաստանի ղեկավարները կրկնում են նրա ոխերիմ թշնամիների՝ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների դիրքորոշումները՝ կարծես նրանք են զբաղեցնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի աթոռը Երևանում։

Անցյալ շաբաթ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները մի շարք հակասական և հակահայկական հայտարարություններ արեցին։

Հաջորդ տարվա հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Փաշինյանը  հանրությանը հեղեղել է խաղաղության մասին դատարկ խոստումներով։ Սակայն, նույնիսկ մի շարք նվաստացուցիչ զիջումներից հետո, նախագահ Իլհամ Ալիևը մերժում է այսպես կոչված պայմանագիրը՝ չնայած օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացած հանդիպմանը, որը բեմադրվել էր այն ստորագրելու համար։

Հազվադեպ առիթներով Փաշինյանն ու արտգործնախարար Արարատ Միրզոյանը խոստովանել են ճշմարտությունը։ 2024 թվականին Փաշինյանն անփույթ կերպով ասաց սահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչներին. «Դուք կարող է մի յոթ օր անվտանգ ապրեք, ութերորդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»։ Անցյալ շաբաթ Ազգային ժողովում Միրզոյանը նույն խոստովանությունն արեց. «Լիակատար խաղաղություն չի լինի, նույնիսկ եթե Ադրբեջանի հետ համաձայնագիրը ստորագրվի»։ Սակայն նրանք արագ վերադառնում են այն հերյուրանքին, թե «խաղաղություն է հաստատվել Հայաստանի և Ադրբեջանի միջև»։

Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի տված խոստումը Փաշինյանին, որ նա կհորդորի Ալիևին ազատ արձակել հայ բանտարկյալներին, ոչ մի արդյունք չտվեց՝ մնալով միայն խոսքի մակարդակում։ Ավելի վատ՝ Փաշինյանը խնդրեց Թրամփին գերիների հարցը չներառել փոխըմբռնման հուշագրում՝ վախենալով, որ ազատ արձակվելուց հետո իր քաղաքական մրցակիցները կարող են մարտահրավեր նետել հաջորդ տարվա ընտրություններում։

Ալիևի պահանջով Մինսկի խումբը լուծարելուց հետո Փաշինյանն արդարացրեց այն՝ անվանելով «անօգուտ», թեև այն գրեթե երեք տասնամյակ կանխել էր պատերազմը։ Նա նույնիսկ հայտարարեց, որ Ղարաբաղի հարցը «վաղուց լուծված էր»։ Եթե դա ճիշտ լիներ, ապա ինչո՞ւ պետք է Ալիևն արյունալի պատերազմ սկսեր 2020 թվականին՝ այն գրավելու համար։

Իրականում Փաշինյանը հանձնեց Արցախը՝ տապալելով բանակցությունները, անտեսելով Մինսկի խմբի առաջարկները և 2019 թվականին ամբարտավանորեն հայտարարելով. «Ես բանակցություններն սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից, սա կարևոր նրբություն է»։ Ալիևը սպառնալից պատասխանեց. «Փաշինյանի հետ բանակցություններն անօգուտ են և անիմաստ…․ Բանակցությունների ձախողման դեպքում Ադրբեջանն իրավունք ունի խնդիրը լուծել պատերազմով»։ Արցախը կորցնելուց հետո Փաշինյանն անհեթեթորեն հայտարարեց, թե Հայաստանը հիմա «ավելի անկախ է, քան երբևէ․․․»։ Ինչպե՞ս կարող է տարածքների և հազարավոր կյանքերի կորուստը երկիրը դարձնել ավելի անկախ։ Արդյո՞ք Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կվերադարձնի Արևմտյան ափը, կճանաչի Պաղեստինը, իսկ հետո կհայտարարի, թե Իսրայելն «ավելի անկախ» է դարձել։ Միայն պարտված ղեկավարը կարող է նման անհեթեթ արդարացում հորինել։

Փաշինյանը նաև հերքեց, որ Սպիտակ տանը համաձայնել է ամերիկյան ընկերությանը 99 տարով հանձնել այն ճանապարհի կառավարումը, որն Ադրբեջանը հիմնական մասը կապում է Նախիջևանի հետ՝ հակասելով նախագահ Թրամփի հրապարակային հայտարարությանը։

Օգոստոսի 28-ին մամուլի ասուլիսում Փաշինյանը պարծեցավ. «Ես եմ կառավարությունը։ Ոչ մեկ չի կարող իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ»։ Սա ամենացայտուն ապացույցն է նրա բռնապետական ​​մտածելակերպի, չնայած նրա մշտական պնդումներին, թե ղեկավարում է ժողովրդավարական երկիր։ Հաջորդ առավոտ նա աշխատանքից ազատեց վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանին՝ այն բանի համար, որ վերջինս ընդունել էր Հայաստանի պարտավորությունը՝ կատարելու միջազգային արբիտրաժի վճիռը կառավարության կողմից Սամվել Կարապետյանի էլեկտրացանցի ապօրինի բռնագրավման գործով։ Թեև Հայաստանն այդ արբիտրաժային վճռով պարտվել էր, Փաշինյանը կեղծորեն հայտարարեց. «Մենք հաղթել ենք արբիտրաժային դատարանում»։

Հետ չմնալու համար, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 11-ին հայտարարություններ արեց, որոնք հակասում են Հայաստանի շահերին՝ կարեկցանք արտահայտելով Ադրբեջանի հանդեպ։

Հարցին, թե արդյոք Բաքուն պետք է թույլ տա նույն փոխադարձ ընթացակարգերն Ադրբեջանի տարածքով անցնող հայկական բեռների համար, Սիմոնյանը պատասխանեց. «Վերքերը թարմ են՝ թե՛ մեր կողմից, թե՛ իրենց կողմից։ Բա մենք մարդ չե՞նք սպանել։ Մարդ չի՞ մահացել Ադրբեջանի կողմից։ Խոսքը սահմանին դեմ առ դեմ շփվելու մասին է… Հարաբերությունների և վստահության վերականգնման այս զգայուն ժամանակահատվածում նպատակն է նվազագույնի հասցնել այդ շփումը։ Ադրբեջանը նույնպես շատ մեծ վերքեր ունի։ Ադրբեջանը համարում է, որ… Հայաստանի Հանրապետությունը իր երկրի 20 տոկոսը 30 տարի շարունակ պահել է գրավման տակ և նույնիսկ ցեղասպանության հասնող հայտարարություններ է անում։ Սա նրանց մտածելակերպն է, և ակնհայտ է, որ Ադրբեջանի համար շատ կարևոր է կանխել ամեն հնարավոր ապագա սպառնալիք»։ Սիմոնյանը, կարծես թե, մոռացել է, որ ինքը ոչ թե Ադրբեջանի, այլ Հայաստանի խորհրդարանի նախագահն է։

Սիմոնյանը նաև ծաղրեց ընդդիմադիր կուսակցություններին՝ պնդելով, որ նրանք «յոթ հոգի մարդ փողոցում չեն կարողանալու հավաքել», և պարծենալով, որ «իմ նկարը դնեմ փողոցում, շատ ավելի մարդ շուրջը կհավաքվի»։ Ընդդիմության առաջնորդներից մեկը հակադարձեց. «Այո, շատ ավելի շատ մարդ կհավաքվի Սիմոնյանի նկարի շուրջ փողոցում՝ դրա վրա թքելու համար»։

Վերջապես, Փաշինյանի կառավարության կողմից Հայաստանի սրբազան խորհրդանիշներից հրաժարվելու վերջին օրինակն է նոյեմբերի 1-ից ուղևորների անձնագրերի վրա սահմանահատման կնիքից Արարատ լեռան պատկերը հանելու որոշումը: Արդյոք հանձնվող կառավարությունը հաջորդ քայլով երկիրը կվերանվանի՞ «Էրմենիստան»։

Քանի որ Հայաստանի կառավարությունը չի պաշտպանում պետությունը, քաղաքացիները պարտավոր են պաշտպանել այն։ Յուրաքանչյուր զիջում, յուրաքանչյուր ջնջված խորհրդանիշ, թշնամու յուրաքանչյուր հռետորաբանության կրկնություն՝ ևս մեկ քայլ է դեպի ազգային ոչնչացում։ Հայ ժողովուրդը՝ հայրենիքում և արտերկրում, պետք է վերջապես արթնանա և իշխանության բերի նոր ղեկավարների, որոնք կծառայեն Հայաստանի շահերին, այլ ոչ թե նրա թշնամիների։ Պատմությունը չի ների անգործությունը։ Գործելու ժամանակը հիմա է, քանի դեռ պաշտպանելու Հայաստան գոյություն ունի։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Նմանատիպ նյութեր

ՀՀ միակ ավտոմրցուղու փակման հետևանքով ավտոսպորտում վիճակը ճգնաժամային է

ՀՀ միակ ավտոմրցուղու փակման հետևանքով ավտոսպորտում վիճակը ճգնաժամային է

Հայաստանի միակ ավտոմրցուղու փակման հետևանքով ավտոսպորտում իրավիճակը ճգնաժամային է: Այս մասին հայտնում է Հայկական ավտոսպորտի ակադեմիան: «Ցանկանում ենք հատուկ ընդգծել, որ ավտոսպորտի համայնքը և մեր կազմակերպությունները լիովին չեզոք են որևէ քաղաքական կամ իրավական վեճից,...

Հայտնի են հոկտեմբերի 25-ի ընտրություններին կուսակցությունների և դաշինքների համարները

Հայտնի են հոկտեմբերի 25-ի ընտրություններին կուսակցությունների և դաշինքների համարները

Հայտնի է, թե հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները որ համարների ներքո հանդես կգան: ԿԸՀ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 26-ին ԿԸՀ նիստում տեղի ունեցած վիճակահանության համաձայն, հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ...

Դատարանները չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Հետք

Դատարանները չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Հետք

Մայր Աթոռի և երեք հոգևորականների միջև դատական վեճերի քննություններն ավարտվել են, սակայն դատարանները չեն շտապում հրապարակել վճիռները։ Սահմանված ժամկետներից անցել է ավելի քան մեկ ամիս, բայց երեք գործերից որևէ մեկով վերջնական դատական ակտ դեռևս չկա։ Մինչդեռ այս գործերից...

Ստամբուլում հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին

Ստամբուլում հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին

Թուրքական իշխանությունների կողմից Հայաստանի քաղաքացիների երեխաներին հայկական դպրոցներում սովորելու արգելք սահմանելուց հետո հայաստանցի ընտանիքները խնդրի առաջ են կանգնել։ Ստամբուլի հայկական Ակոսի հետ զրույցում Ստամբուլում ապրող հայաստանցի Հ. Կ.-ն պատմել է, որ թուրքական...

Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 30-ին

Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 30-ին

Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան 6 հոգևորականների գործով դատական հաջորդ նիստը տեղի է ունենալու հոկտեմբերի 30-ին, ժամը 16։00-ին։ Հիշեցնենք՝ Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել երկիրը։ «Մեր փաստաբանական թիմը խորապես մտահոգված է պետական իշխանության լծակների...