Արցախի անկախության վերականգնումը մեր ժողովրդի սրբազան դատի անբաժանելի մասն է․ Արամ Ա

2 Սեպտեմբերի, 2025

Մեծի տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա  կաթողիկոսի պատգամը Արցախի Հանրապետության անկախության տոնի առթիվ․

«Այսօր ողջ հայութիւնը, վերանորոգ հաւատքով ու յոյսով, կը նշէ Արցախի Հանրապետութեան անկախութեան հռչակման պատմական դէպքը։

Արդարեւ, ո՞վ չի յիշեր շուրջ 35 տարի առաջ, ի խնդիր Արցախի ժողովուրդի անկախութեան, մեր հերոսներու սխրանքը եւ մեր նահատակներու արիւնով կերտուած ազատ ու անկախ ապրելու Արցախի ժողովուրդին հաւատքն ու կամքը։ Ո՞վ չի յիշեր տարիներ շարունակ ի խնդիր Արցախի անկախ պետականութեան ամրացման տարուած հաւաքական պայքարը՝ համայն հայութեան գործօն մասնակցութեամբ։ Վերջապէս, ո՞վ չի յիշեր Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիութեամբ կատարուած հսկայ իրագոծումները՝ ի խնդիր նո՛յն եւ մէ՛կ նուիրական նպատակին, Արցախի անկախութեան ամրապնդման։

Այսօր, փաստօրէն, կորսնցուցած ենք Արցախի անկախութիւնը։ Արցախը հայաթափումի ենթարկուած է։ Անոր ստեղծագործ ոգիին, մշակութային հանճարին եւ կրօնական ապրումներուն արգասիքը հանդիսացող մեր եկեղեցիներն ու վանքերը եւ մշակութային պատմական կոթողները դարձած են ենթակայ թշնամիին բարբարոսական արարքներուն։ Այլ խօսքով, Արցախը ենթարկուած է ծրագրուած ու հետեւողական կերպով գործադրուած ցեղասպանութեան։ Այսպէ՛ս կարելի է բնորոշել Արցախի բռնագրաւումը ու արցախահայութեան բռնագաղթը՝ միջազգային օրէնքի տուեալներուն համաձայն։

Այո՛, Արցախը այսօր կորսնցուցած ենք։ Սակայն, Արցախը իր հողով ու ժողովուրդով եւ ինքնիշխանութեան իրաւունքով վերականգնելու յոյսը չե՛նք կորսնցուցած ու պիտի չկորսնցնենք՝ որքան ալ աննպաստ ըլլան մեզ շրջապատող պայմանները։ Պատմութիւնը կաղապարուած գոյութիւն մը չէ. ան մնայուն փոփոխութեան ենթակայ է։ Եթէ այսօր աշխարհաքաղաքական պայմանները ի նպաստ չեն Արցախի անկախութեան վերականգնումին, վաղը կրնան պայմանները հիմնովին փոխուիլ։ Պէտք է ըլլալ արթուն ու հետեւողական։ Աստուածաշունչը կ՚ըսէ՝ յոյսը երբեք ամօթով չի ձգեր (Հռ 5.5): Պէտք է կառչիլ յոյսին եւ զայն շաղախել մեր ժողովուրդի հաւատքով եւ մեր իրաւունքներու ձեռքբերման համար մաքառելու ամուր կամքով։

Արցախի անկախութեան վերականգնումը մեր ժողովուրդի սրբազան դատին անբաժանելի մասը կը կազմէ։ Արցախը պատմութեան փոշիներուն տակ պէտք չէ թաղել. Արցախի հայութեան ազատօրէն ապրելու հաւատքն ու կամքը պէտք է վերածել ամէնօրեայ նպատակասլաց պայքարի։

Այսօր, երբ կը նշենք Արցախի անկախութեան հռչակման տօնը՝

եկէ՛ք յիշենք մեր բոլոր նահատակները, յայտնի թէ անյայտ, որոնք իրենց արիւնը թափեցին Արցախի անկախութեան հռչակման ու պահպանման ի խնդիր։

Եկէ՛ք յիշենք Պաքուի բանտերուն մէջ ամէնօրեայ տառապանքի ենթարկուող մեր բոլոր բանտարկեալները, որոնք նուիրումով ծառայեցին Արցախի մեր ժողովուրդին։

Եկէ՛ք յիշենք իրենց դարաւոր հողերէն բռնագաղթի ենթարկուած Արցախի մեր քոյրերն ու եղբայրները՝ զօրավիգ կանգնելով անոնց արդար իրաւունքներուն վերատիրացման։

Յիշել կը նշանակէ չմոռնալ. չմոռնալ կ՚ենթադրէ պայքարիլ՝ ի խնդիր այն բոլոր նուիրական արժէքներուն ու իտէալներուն, որոնց կենսագործման համար ապրեցան, պայքարեցան ու նահատակուեցան Արցախի մեր սիրելի զաւակները։

Թող Աստուած Իր երկնային հովանիին տակ ամուր պահէ Արցախի մեր ժողովուրդը։

Թող Աստուած պահէ ու պահպանէ հայրենի մեր ժողովուրդը եւ Հայաստանի Հանրապետութիւնը»։

Նմանատիպ նյութեր

Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիա- Ադրբեջան- ՀՀ կապի ամրապնդմանը

Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիա- Ադրբեջան- ՀՀ կապի ամրապնդմանը

Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը, հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, գրում է Azertac-ը։ Նա երկաթուղու կառուցումը անվանել է «Թուրքիայի համար պետական...

Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան

Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան

Այժմ, երբ Սահմանադրական դատարանն արդեն հրապարակել է իր վճիռը հունիսի 7-ի վիճարկված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, թույլ տվեք ներկայացնել նաև իմ անձնական վճիռը։ Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ «Մանրամասն հետևելով ամբողջ ընտրական...

Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ-ի աշխատանքը

Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ-ի աշխատանքը

Հունիսի 25-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Պետրոս Ադամյան փողոցում Իրանի Իսլամական...

Հայաստանի մասին պետք է մտածի Հայաստանի կառավարող ուժը, ոչ թե որևէ աշխարհաքաղաքական կենտրոն․ Հակոբ Բադալյան

Հայաստանի մասին պետք է մտածի Հայաստանի կառավարող ուժը, ոչ թե որևէ աշխարհաքաղաքական կենտրոն․ Հակոբ Բադալյան

Հաշվե՞լ եք, թե որքան մարդ է մտահոգ գյուղմթերքի արտահանման սահմանափակումների հետեւանքով առաջացող խնդիրներից, եւ որքան մարդ է գոհ, որ երեւանյան շուկաներում ու սուպերմարկետներում նկատելի էժան են այդ մթերքները: Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ «Մինչդեռ...

«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները. Նարեկ Կարապետյան

Մենք արգելափակել ենք Ալիևի սահմանադրական փոփոխությունները: Այս մասին հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը: Պատմության մեջ առաջին անգամ Փաշինյանը չունի սահմանադրական...