Միքայել Սրբազանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ

24 Հուլիսի, 2025

Միքայել Սրբազանի պաշտպանները դատախազին միջնորդություն են ներկայացրել խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ․

Այսօր՝ 2025թ. հուլիսի 24-ին, Միքայել Սրբազանի պաշտպանները դատախազին միջնորդել են՝

1) թիվ 58217725 քրեական վարույթով քրեական վարույթով մեղադրյալ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացնել.

2) վերացնելու անհնարինության դեպքում՝ փոխել կիրառված կալանքն այլընտրանքային խափանման միջոցով կամ դրանց համակցությամբ:

Միջնորդության մեջ ներկայացվել են մասնավորապես հետևյալ հիմնավորումները.

«….

2025 թվականի հուլիսի 23-ին ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Վ. Մխիթարյանի կողմից ծանուցվել ենք, որ Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի կողմից իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվում է: Հրավիրվել ենք 2025 թվականի հուլիսի 24-ին վարույթի նյութերին ծանոթանալու:

Հարկ է նշել, որ դատարանի որոշմամբ կալանավորումը պայմանավորված էր երկու հիմքով՝ խոչընդոտելու և հանցանք կատարելու:

Չխորանալով դրանց հիմնավորվածության մեջ՝ հարկ է արձանագրել, որ նախաքննության ավարտման փաստի ուժով արդեն կարելի է պնդել, որ վարույթի ընթացքին խոչընդոտելու ռիսկը հասցված է նվազագույնի, իսկ իրատեսական դաշտում՝ այն ի սկզբանե զրոյական էր: Այժմ, նախաքննական մարմինը գտել է, որ անխոչընդոտ հավաքել է այն բոլոր հնարավոր ապացույցները, որոնց հիման վրա քննիչի կարծիքով մեծապես հավանական է մեղադրանքի հաստատումը:

Հետևաբար քրեական վարույթի շրջանակներում ապացույցներ հավաքելու կամ բացահայտումներ անելու գործընթացն ինքնին ավարտվելով՝ ավարտվել է նաև դրանց խոչընդոտելու ռիսկի դրսևորման հնարավորությունը: Այս մասով կալանքը կիրառելու անհրաժեշտությունը հիմնավորող այս հիմքը վերացել է:

Մյուս հիմքը վերաբերում էր նոր հանցանք կատարելուն, այնսինքն՝ կրկին «կոչեր հնչեցնելու հնարավորությանը»:

Այստեղ հարկ է նշել, որ ի սկզբանե այս հիմքի համար կալանքը հանդիսացել է ոչ պիտանի միջոց, քանի որ բանտի պատերով խոսք բացառել հնարավոր չէ: Դրա լավագույն ապացույցը Սրբազանի կողմից կալանավորված վիճակում մինչ այժմ տարաբնույթ հայտարարություններ անելն էր, որը ցույց է տալիս և ապացուցում, որ եթե իրականում նման ցանկություն լինի, ապա դրան խոչընդոտող որևէ հանգամանք առկա չէ, ուստի կալանքն այս իմաստով քրեադատավարական խնդիր չի լուծում, այլ դառնում է աննպատակ և ակամա վերածվում է ազատ խոսքի համար պատժի: Գտնում ենք, որ արդեն միայն այս վերացական հիմքով կալանքի կիրառման անհրաժեշտությունը նույնպես վերացել է:

ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Մինչդատական վարույթում դատարանի կիրառած խափանման միջոցը կարող է փոխել կամ վերացնել հսկող դատախազը(…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածը սահմանում է.

«1. Վարույթի ընթացքում անձի նկատմամբ հարկադրանքի միջոցները կարող են կիրառվել ոչ այլ կերպ, քան սույն օրենսգրքով սահմանված հիմքերով և կարգով: Վարույթի ընթացքում անձին ազատությունից զրկելը չպետք է պատժի նպատակ հետապնդի:

Վարույթն իրականացնող մարմինն անձի նկատմամբ հարկադրանքի միջոց ընտրելիս առաջնորդվում է նվազագույնի սկզբունքով։ Արգելվում է անձի նկատմամբ ընտրել ավելի խիստ հարկադրանքի միջոց, քան այն, որով քրեական վարույթի ընթացքում հնարավոր կլինի ապահովել անձի օրինական վարքագիծը։

Դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը իրենց իրավասության սահմաններում պարտավոր են անհապաղ ազատ արձակել ազատությունից ապօրինի կամ անհիմն զրկված յուրաքանչյուր անձի:

Անձին կալանավորելը, կալանքի ժամկետը երկարաձգելը, բժշկական հաստատությունում հարկադրաբար տեղավորելը թույլատրվում են միայն դատարանի որոշմամբ` այն դեպքում, երբ անձի օրինական վարքագիծը չի կարող երաշխավորվել հարկադրանքի այլ միջոցներով:»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Խափանման միջոցի տեսակն ընտրելիս հաշվի են առնվում մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու համար»:

Գտնում ենք, որ վերոնշյալը բավարար է, որպեսզի փաստվի, որ վերացել են մեր պաշտպանյալին կալանքի տակ պահելու թե՛ հիմքերը, թե՛ անհրաժեշտությունը, ուստի դատախազը կարող է վերացնել կամ փոփոխել դատարանի կողմից ընտրված կալանքը:

Միևնույն ժամանակ, տեսականորեն հնարավոր նվազագույն ռիսկերը կարելի է ապահովել այլընտրանքային խափանման միջոցներով՝ առաջնորդվելով նվազագույնի սկզբունքով: Այս իմաստով պատրաստակամություն կա թե գրավի, թե մնացած միջոցների, այդ թվում՝ համակցված կիրառման:

Գտնում ենք, որ առանցքային պետք է լինի այն գիտակցումը, որ կալանավորման հիմքերն ու անհրաժեշտությունը աներկբա վերացած են, ուստի արդեն յուրաքանչյուր ավել րոպե կալանքի տակ գտնվելը չի լուծելու խափանման միջոցին բնորոշ քրեադատավարական խնդիր: ……»:

Նմանատիպ նյութեր

Վարդան Ղուկասյանի  խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով, համակցված՝ 15 մլն դրամ գրավով

Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով, համակցված՝ 15 մլն դրամ գրավով

Վարդան Ղուկասյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով, համակցված գրավով` 15 մլն դրամով: Դատարանն արգելել է Վարդան Ղուկասյանին շփվել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հարցերին: Նշենք, որ հանրային մեղադրողը միջնորդել էր ևս 3 ամսով երկարաձգել նրա...

Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքը մուտքագրվել է դատարան. փաստաբան

Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքը մուտքագրվել է դատարան. փաստաբան

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան։ Այս մասին հայտնում է փաստաբան Էմին Խաչատրյանը: Բողոքում մանրամասն ներկայացվել են առաջին ատյանի...

Բյուրեղավանում խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա Ջուր»

Բյուրեղավանում խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա Ջուր»

Բյուրեղավան համայնքում խմելու ջրի վերաբերյալ մամուլում տարածված հրապարակումների առնչությամբ «Վեոլիա Ջուրը» տեղեկացնում է, որ  ընկերությունը սահմանված կարգով և պարբերաբար իրականացնում է խմելու ջրի նմուշառումներ ջրաղբյուրներում և օրվա կարգավորիչ ջրամբարներում։ Կատարված...

Գնանք մեզի գցենք, պրծնենք, ի՞նչ անենք, որ հասկանան. «Մուլտի սթոուն»-ի աշխատակից

  «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները շարունակում են բողոքի ակցիաները՝ պահանջելով բացել գործարանը։  Նրանք երթով շարժվել են դեպի քննչական կոմիտե։ «Անելանելի վիճակում ենք հայտնվել։ Ամեն օր գալիս ենք այն հույսով, որ կարող է աշխատատեղը բացվի։...

«Ռոսսելխոզնադզորն» Իրանին խնդրել է դադարեցնել ծաղիկների սերտիֆիկացումը ՌԴ համար՝ կասկածելով դրանց հայկական ծագումը

«Ռոսսելխոզնադզորն» Իրանին խնդրել է դադարեցնել ծաղիկների սերտիֆիկացումը ՌԴ համար՝ կասկածելով դրանց հայկական ծագումը

«Ռոսսելխոզնադզորն» Իրանին խնդրել է դադարեցնել ծաղիկների սերտիֆիկացումը ՌԴ համար՝ կասկածելով դրանց հայկական ծագումը: Բուսասանիտարական հավաստագրերում որպես արտադրանքի ծագման վայր նշված է Իրանը։ Ընդ որում, արտադրանքի արտաքին բնութագրերով և փաթեթավորման...