Եկեղեցին քաղաքական կազմակերպություն կամ կառույց չէ, որի նպատակը կարող է լինել «իշխանություն նվաճելը»․ Տեր Արարատ

18 Հուլիսի, 2025

Տեր Արարատ քահանա Պողոսյանը գրում է․

Եկեղեցին կուսակցություն չէ․․․

____

🔻Վերջին շրջանում Հայաստանում արձանագրվում է մի մտահոգիչ միտում. իշխանություններն սկսել են ուղղակի կամ անուղղակի ճնշում գործադրել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ մասնավորապես Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի վրա՝ նպատակ ունենալով հասնել նրա հրաժարականին։ Ն․ Փաշինյանը անմիջականորեն ուղղորդում է այս գործընթացը, այն դարձնում կեղծ օրակարգ և հայտարարում, թե ինչպես 2018 թվականին ժողովուրդը հեռացրեց վարչապետ Սերժ Սարգսյանին, այնպես և այսօր կարելի է «ազատվել» կաթողիկոսից։ Սակայն այս մոտեցումն ինքնին բացահայտում է բացարձակ անտեղյակություն և անտեսում այն հիմնարար տարբերությունները, որոնք գոյություն ունեն Եկեղեցու և քաղաքական կուսակցության, կաթողիկոսի և վարչապետի միջև։

Եկեղեցին կուսակցություն չէ․․․ Եկեղեցին քաղաքական կազմակերպություն կամ կառույց չէ, որի նպատակը կարող է լինել «իշխանություն նվաճելը», և որի առաջնորդը կարող է փոխվել կամ փոխարինվել հանրային դժգոհության կամ քաղաքական ճնշման արդյունքում։ Եկեղեցին բազմադարյա հոգևոր հաստատություն է, որն ունի հավիտենական առաքելություն՝ առաջնորդել մարդկանց դեպի հավատք, սրբություն և փրկություն։ Այդ առաքելությունը հիմնված է ոչ թե հասարակական պահանջարկի կամ վարկանիշի, այլ դարերով հաստատված հավատամքի, սրբազան ավանդության և կանոնակարգերի վրա։

Ի տարբերություն քաղաքական կուսակցության, որի լեգիտիմությունն ու իշխանությունը բխում են ժողովրդական ընտրությունից և քաղաքական ծրագրերից՝ Եկեղեցու առաջնորդը՝ կաթողիկոսը, ընտրվում է եկեղեցական հատուկ կանոնակարգով՝ հոգևոր ու աշխարհիկ ներկայացուցիչների մասնակցությամբ։ Նա կոչված է ծառայելու հավատի տարածմանն ու ազգի հոգևոր զարթոնքին, այլ ոչ թե քաղաքական ծրագիր իրականացնելու։

Վարչապետը կամ ցանկացած քաղաքական գործիչ իշխանություն է ստանում ժամանակավորապես՝ սահմանադրորեն ամրագրված ժամկետով, հաշվետու և պատասխանատու է ընտրողներին, կարող է փոխարինվել կամ լիազորություններից զրկվել։ Իսկ կաթողիկոսը չի «պաշտոնավարում», այլ սպասավորում է ցմահ։ Նրա հոգևոր կոչումն աստվածընկալ է՝ ոչ ընտրովի քաղաքական իմաստով, այլ կանոնական՝ Եկեղեցու ներսում հաստատված կարգի համաձայն։

Վարչապետի պաշտոնը քաղաքական, աշխարհիկ կառավարման հարթության վրա է, և նրա գործունեությունն ունի մրցակցային բնույթ։ Կուսակցությունները պայքարում են՝ իշխանության հասնելու համար։ Իսկ Եկեղեցին, այդ իմաստով, չունի մրցակիցներ. այն գործում է հավատի տարածման դաշտում և առաջնորդվում ոչ թե քաղաքական նպատակներով, այլ՝ հոգևոր ճշմարտություններով։

Այս ամենը հաշվի առնելով՝ կաթողիկոսին քաղաքական գործչի նման վերաբերելու և հեռացնելու գաղափարը ոչ միայն անբարոյական և սրբապիղծ է, այլ նաև խորապես վտանգավոր։ Դա հավասարազոր է հոգևոր տարածք ներխուժելուն՝ այն քաղաքականացնելու նկատառումով։ Եթե իշխանությունը փորձում է իր քաղաքական մոդելներն ու մեթոդները կիրառել Եկեղեցու նկատմամբ, ապա ակնհայտորեն գործ ունենք ոչ թե կեղծ սրտացավությամբ փաթեթավորված բարեփոխման, այլ հոգևոր ինքնության խեղաթյուրման և խեղման հետ։

Այսու, չարածին վտանգը միայն Եկեղեցուն չի սպառնում։ Քանիցս ընդգծել ենք, որ Եկեղեցու հեղինակության և ներքին ինստիտուցիոնալ ինքնավարության խաթարումը նշանակում է նաև ազգային ինքնության հիմքերի խարխլում։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պատմության մեջ մշտապես եղել է ոչ միայն հավատքի կենտրոն, այլ նաև ազգային դիմադրության, մշակույթի, լեզվի և հիշողության պահապան։ Եկեղեցին գոյատևել է նույնիսկ այն ժամանակ, երբ թագավորներն են կորցրել գահը, երբ Հայոց ցեղասպանություն ու գաղթ են եղել․․․ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆ մնացել է, գործել, քանի որ նրա ուժը քաղաքական չէ, այլ՝ հոգևոր։

Այդ իսկ պատճառով Հայոց կաթողիկոսին ներկայացնելը որպես հերթական պաշտոնյա, որին կարելի է փոխել «քաղաքական ճնշմամբ» կամ սպառնալիքներով, նույնքան անիմաստ ու վտանգավոր է, որքան հավատը քաղաքականությամբ փոխարինելը։

Եկեղեցին ունի իր ներքին կառուցվածքն ու կարգը, ավանդույթները, դավանաբանական և ծիսապաշտամունքային հիմնասյուները։ Իսկ արտաքին միջամտությունը՝ հատկապես քաղաքական իշխանության կողմից, սահմանադրական կարգի կոպտագույն խախտում է։

Եթե իշխանությունն իսկապես շահագրգռված է ազգային համախմբմամբ, հոգևոր արժեքների պահպանմամբ և հասարակական կայունությամբ, ապա պետք է հարգի Եկեղեցու ինքնիշխանությունը և չփորձի իր քաղաքական տրամաբանությունն արտահանել հոգևոր տարածք։ Քանզի, ինչպես պատմությունը ցույց է տվել, երբ հավատքը քաղաքականացվում է, հասարակությունները ոչ թե վերածնվում, այլ ներսից քանդվում են։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կուսակցություն չէ, իսկ կաթողիկոսը վարչապետ չէ։ Եվ միայն այս ճշմարտության վրա կառուցված պետությունն ունի ապագա․․․

Հ․Գ․

Նախորդ՝  «Ով մերժում է Կաթողիկոսի անունը՝ մերժում է իր մկրտությունը» վերնագրով հրապարակումն ավարտել էինք «Ձեր մասին չեք մտածում, գոնե ձեր երեխաների մասին մտածեք» սթափեցնող նախադասությամբ։ Անհրաժեշտ շրջանակները դասեր քաղեցի՞ն։ Ոչ։ Զղջացի՞ն։ Ոչ։ Ապաշխարհեցի՞ն։ Ոչ։ Հայ Եկեղեցու նվիրապետության դեմ իրենց հրապարակային մեղքերից հրաժարվեցի՞ն։ Ոչ։

Ուստի հետևանքներն էլ անխուսափելի են․ առջևում Ս․ Հաղորդության և Ս․ Պսակադրության խորհուրդներն են, խաչեղբայր լինելու առիթները, տնօրհնեքները, հուղարկավորությունները․․․․

Նմանատիպ նյութեր

Թրամփի բանագնացները Զելենսկուն կոչ են արել չհարվածել ՌԴ նավթավերամշակման գործարաններին

Թրամփի բանագնացները Զելենսկուն կոչ են արել չհարվածել ՌԴ նավթավերամշակման գործարաններին

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, դիմել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ խնդրելով հարվածներ չհասցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին։ Այս մասին TASS-ի փոխանցմամբ՝ հայտնել է...

Թուրքմենստանի նախագահը ժամանել է Հայաստան

Թուրքմենստանի նախագահը ժամանել է Հայաստան

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին, ով ժամանել է Հայաստան` մասնակցելու ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին՝...

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ ադրբեջանցի զինծառայողը մոլորվել է

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ ադրբեջանցի զինծառայողը մոլորվել է

Մոլորվել է ադրբեջանցի զինծառայողը։ Առաջին իսկ պահից իրենք մեզ տեղեկացրել են։ Իր նկատմամբ քրեական գործ է հարուցված նաև Ադրբեջանում, Հաջիևը ինձ նույնպես հավաստիացրել է, որ իրենց համար ինքը քրեական հանցագործություն է արել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԽ...

Նորից ուսուցիչ է ձերբակալվել․ «Հրապարակ»

Նորից ուսուցիչ է ձերբակալվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 9-ին Իջեւանի Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի Հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Ալվարդ Պետրոսյանը ձերբակալվել է, ապա ազատ արձակվել: Ուսուցչուհին դասի ժամանակ տետրով հարվածել է դպրոցի աշակերտներից մեկին, ինչից...