Մշտական անպատրաստություն․ «Փաստ»

17 Հունիսի, 2025

«Փաստ» թերթը գրում է. «Բոլոր հնարավոր վատագույն սցենարներին պատրաստ լինելը ցանկացած պետության առաջնահերթ խնդիրներից է։ Ներկա ժամանակաշրջանը առավել հստակ է դա ապացուցում: Ու առաջին հերթին դա վերաբերում է արտակարգ իրավիճակներին։ Ընդ որում, խոսքը ոչ միայն հակամարտությունների կամ պատերազմների վտանգների մասին է, այլև եղանակային անոմալիաների ու տարերային աղետների, որոնք կլիմայի փոփոխության և գլոբալ տաքացման համատեքստում ավելի հաճախակի են դարձել։ Սակայն չափազանց մտահոգիչ է, որ Հայաստանը շատ դանդաղ կամ ընդհանրապես չի արձագանքում նման սպառնալիքներին։ Չկան նախապատրաստական աշխատանքներ։ Ինչ ծավալի փորձանք էլ գալիս է, գրեթե միշտ անպատրաստ ենք դուրս գալիս։

Օրինակ՝ նվազ տեղումների պարագայում, երբ երաշտային իրավիճակ ենք ունենում, պարզվում է, որ ժամանակին անհրաժեշտ քանակությամբ ջուր չի կուտակվել ջրամբարներում, ու ամեն անգամ կառավարությունը որոշում է ընդունում ավելացնել Սևանա լճից բաց թողնվող ջրի քանակը՝ խախտելով լճի էկոլոգիական բալանսը։ Երբ շատ տեղումներ ենք ունենում, նույնպես արտակարգ իրավիճակ ենք ունենում։ Մայրաքաղաքում ու այլ բնակավայրերում մի փոքր ուժեղ անձրևի դեպքում ջուրը կուտակվում է փողոցներում և անցումների տակ, ու այդ հատվածները կաթվածահար են լինում։ Այն, ինչ տեղի ունեցավ վերջին օրերին, դրա վառ վկայությունն է։ Երկրի հյուսիսայի հատվածում, մասնավորապես Գյումրիում, Վանաձորում, Ապարանում, Նոյեմբերյանում և այլուր հորդառատ անձրևները, կարկուտը, փոթորիկը և ուժեղ քամին աղետալի իրավիճակ են ստեղծել՝ լուրջ վնասներ պատճառելով։

Իհարկե, որևէ երկիր ապահովագրված չէ բնական աղետներից, այստեղ պատճառը, որքան էլ տարօրինակ թվա, հազիվ թե Նիկոլ Փաշինյանն է: Բայց ամբողջ հարցն այն է, որ նախ՝ որևէ նախապատրաստություն չկա արտակարգ իրավիճակների դեպքում, երկրորդ՝ դրանց տեղի ունենալուց հետո էլ պետական համակարգը շատ ուշացած է արձագանքում դրանց հետևանքները վերացնելու տեսանկյունից։ Ամենախորքային խնդիրը վերաբերում է հենց պետական կառուցվածքի ադեկվատությանն ու այդ կառուցվածքը ղեկավարողներին։ Շաբաթ և կիրակի օրերին, երբ երկրի մի հատվածում աղետալի իրավիճակ է, կառավարությունում հանգստի ռեժիմում էին։ Այնպիսի տպավորություն էր, որ ոչինչ էլ տեղի չի ունեցել։ Դե, մարդիկ հանգստանում են, հո «ինչ-որ» ավերածությունների համար իրենց կիրակին չէին զոհաբերելու: Եվ սա դեռ միայն ներքին կազմակերպվածության ձախողումն է։

Իսկ երբ դրան գումարում ենք միջազգային իրադարձությունների նկատմամբ Հայաստանի արձագանքի դանդաղկոտությունը, դառնում է պարզ, որ գործ ունենք կոնկրետ սպառնալիքների հետ։ Մինչև Հայաստանը համակերպվում է կտրուկ կամ անսպասելի միջազգային իրադարձություններին ու որոշում, թե դրանց ինչպես պետք է արձագանքի, արդեն տևական ժամանակ է անցած լինում ու անհրաժեշտ պահը՝ բաց թողնված։ Բայց երբ մեր երկիրը գտնվում է աշխարհաքաղաքականապես անկայուն ու բարդ տարածաշրջանում, պետք է հաշվի առնել զարգացումների յուրաքանչյուր ուղղություն։ Ու թեման լուրջ է հատկապես հնարավոր պատերազմի դեպքում, որն անընդհատ կախված է մեր գլխավերևում։

Բաքվից անընդհատ պահանջներ են հնչում, չի իջեցվում ռազմական հռետորաբանության մակարդակը։ Ու նույնիսկ ԱՄՆ-ից ու Ռուսաստանից են հնչում ահազանգեր, որոնցում չի բացառվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր պատերազմի հնարավորությունը։ Իհարկե, բոլորս էլ ցանկանում ենք, որ խաղաղություն լինի, բայց դա չի նշանակում, որ չպետք է պատերազմի պատրաստ լինել։ Այնինչ, պետք է ընդունել, որ ո՛չ մեր պետությունը, ո՛չ էլ հասարակությունն այսօր պատերազմի պատրաստ չեն։ Չկան պատերազմին հարմարեցված ենթակառուցվածքներ, ապաստարաններ, պահեստարաններ, մատակարարման սխեմաներ և այլն, և այլն։ Մյուս կողմից՝ հանրությունն էլ պատշաճ տեղեկացված չէ, թե ինչ պետք է անի պատերազմական իրավիճակում։

Մարդկանց հետ այս ուղղությամբ աշխատելու քայլեր ընդհանրապես չկան։ Իսկ դրա արդյունքում, Աստված մի արասցե, եթե պատերազմական իրավիճակ լինի, ապա խուճապն անխուսափելի կլինի՝ հանգեցնելով աղետալի հետևանքների։ Նույնիսկ եվրոպական այն երկրներում, որտեղ պատերազմի հավանականությունը շատ փոքր է, սկսել են նախապատրաստվել պատերազմի հնարավոր սցենարների։

Ապաստարաններ, բունկերներ են կառուցում, համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծում, բնակչությանը նախապատրաստում և իրազեկող բուկլետներ բաժանում։ Իսկ Հայաստանում, որտեղ իրավիճակը շատ լուրջ է, ինչպես ժողովրդական խոսքն է ասում, իշխանությունները ուղտի ականջում քնած են։ Նրանք իրենց ճոխ կյանքն են վայելում, ի՞նչ աղետներ, ի՞նչ պատերազմի վտանգ, ի՞նչ ժողովուրդ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ավտովթար՝ երթուղայինի մասնակցությամբ․ տուժած կա

Ավտովթար՝ երթուղայինի մասնակցությամբ․ տուժած կա

Հունիսի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։55-ի սահմաններում Գայի պողոտայի և Նանսեն փողոցի խաչմերուկում բախվել Երևանի բնակիչ 59-ամյա Գուրգեն Ս․-ի վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենան, Կոտայքի մարզի բնակիչներ 33-ամյա Մենուա Պ․-ի վարած «Zhongtong» մակնիշի...

Ղարաբաղյան շարժումը շարունակելու բոլոր փորձերը կասեցվելու են. Փաշինյան

Ղարաբաղյան շարժումը շարունակելու բոլոր փորձերը կասեցվելու են. Փաշինյան

Ղարաբաղյան շարժումը շարունակելու բոլոր փորձերը Հայաստանում կասեցվելու են, քանի որ ժողովուրդն ընտրությունների ժամանակ արդեն քվեարկել է այս տեսլականի օգտին և մերժել այդ խոսույթը։ Այս մասին հայտարարել է  Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱՄՆ Սենատում սպասվող միջոցառումներին...

Չպետք է թողնել, որ Հայաստանում լինեն քաղբանտարկյալներ․ Գեղամյան

Չպետք է թողնել, որ Հայաստանում լինեն քաղբանտարկյալներ․ Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը. «Օրերս Բագրատ արքեպիսկոպոսի հետ հարցազրույց էինք նկարահանում։ Մինչ տեխնիկան տեղադրվում էր, ինքս ինձ բռնեցի էն մտքի վրա, որ սենյակում գտնվող 5 անձինց երեքը ապօրինի ազատազրկված մարդիկ են, ովքեր դեռ սահմանափակումների...

Իշխանությունը ՀԷՑ-ի` գերակա շահ ճանաչելու նախագիծը դրել է հանրային քննարկման

Իշխանությունը ՀԷՑ-ի` գերակա շահ ճանաչելու նախագիծը դրել է հանրային քննարկման

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ։ Նախագծի համաձայն՝...