Անցած «7 տարվա» մասին հիշատակումն արդեն իսկ վախենալու է. «Փաստ»

14 Հունիսի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ասում են՝ եթե ծիծեռնակները ցածր են թռչում, ապա մեծ է հավանականությունը, որ քիչ անց անձրև կտեղա: Իսկ եթե քպականները կամ հենց քպապետ Փաշինյանը հիշում են Սահմանադրության մասին, ուրեմն նրանց տեղը բավականին նեղն է:

Չէ, Սահմանադրությանը հղում անող քպականը, առավել ևս՝ կարկառուն քպականն ինքնին զավեշտական պատկեր է: Դա նման է տեսարանի, երբ չսանրված, հնամաշ, պատառոտված ու խայտաբղետ կարկատված հանդերձով ու ցեխոտ, ծակ կոշիկներով մեկը «վեհապանծ» դատողություն է անում «բարձր մոդայի» մասին: Համաձայնեք, որ առնվազն ծիծաղելի է: Իսկը՝ կոմեդիա:

Բայց մենք դրա մեջ ենք ապրում: Իսկ, որ շատ ավելի տխուր է, մեր դեպքում դա տրագեդիա է: Ինչևէ…

Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավանք սկսած Նիկոլ Փաշինյանի ՔՊ կարկառուններից մեկը օրերս նման «միտք» է երկնել, թե «Կաթողիկոսին կընտրենք Սահմանադրության շրջանակներում, ինչպես մեր 7 տարիների գործողությունները»:

Էստեղ են ասել՝ թան էլ չէ, սոդայով վիսկի, իսկ եղանակային պայմաններից ելնելով՝ սառույցով օշարակ: Բայց փորձենք ավելի լուրջ, մանավանդ, որ քպականներն ու Փաշինյանը ամենևին էլ կատակ չեն անում:

Երբ Փաշինյանը կամ նրա ներկայացուցիչը հղում են անում իրենց իշխանավարման անցած 7 տարիներին ու ասում՝ վարվելու ենք՝ «ինչպես միշտ», ապա դա որպես չարագույժ սպառնալիք է հնչում: Սպառնալիք՝ հանրությանը, սպառնալիք՝ երկրին, ազգային արժեքներին ու դարավոր հաստատություններին:

Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանավարման անցած 7 տարին երկրի Սահմանադրության մի քանի կոպիտ ու աղաղակող ոտնահարումներ են եղել: Դե, ի թիվս այլ աղետաբեր երևույթների: Բավարար է հիշեցնել այն դրվագը, երբ 2018-ի հոկտեմբերին արդեն քանի ամիս որպես վարչապետ պաշտոնավարող Նիկոլ Փաշինյանը հրահրեց ու նախաձեռնեց հարձակում օրինական և սահմանադրական հիմքերով գործող Ազգային ժողովի վրա: Դա գործնականում բռնության գործադրում էր օրենսդիր մարմնի վրա՝ երկրի գործադիր իշխանության ու դրա ղեկավարի կողմից:

Դրանից հետո, մնալով անպատիժ, Նիկոլ Փաշինյանն ավելի ոգևորվեց, բնականաբար: Եվ արդեն 2019 թվականի մայիսին նախաձեռնեց ու հրահրեց բռնությամբ ուղեկցված հարձակում դատական իշխանության, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի վրա: Դա նմանապես Սահմանադրության, երկրի սահմանադրական կարգի կոպտագույն խախտում էր: Պատահական չէ, որ այն օրերին տեղի ունեցածը մի շարք քաղաքագետներ, իրավաբաններ ու մեկնաբաններ բնորոշեցին որպես Սահմանադրությամբ և օրենքներով չնախատեսված լիազորությունների յուրացում: Ու նման օրինակներն ու դրսևորումները քիչ չեն անցած 7 տարում: Կարելի է հիշել խայտառակ գաղտնալսված խոսակցությունը, որտեղ հստակ արձանագրվում էր, որ Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն միջամտում է արդարադատության իրականացմանը:

Ավելին, հենց ինքն է հայտարարել. «Ինչի, կա՞ դատավոր, որ վարչապետի ասածը չանի… »: Դեռ չենք խոսում՝ «վնգստացող դատավորներ» գլուխգործոցի, ԲԴԽ ղեկավարներին պարահանդեսային ձեռնոցների նման փոխելու, անգամ՝ «sms»-ով գործից հանելու փաստերի մասին: Ավելին, երբ Փաշինյանը ցանկացել է ինչոր բան անել կամ ինչ-որ բան իր սրտով չի եղել, ուղիղ միջամտությամբ, ԱԺ-ում մեծամասնություն ունենալով՝ փոփոխություններ են կատարել Սահմանադրության մեջ (ինչ հնարավոր էր ոչ թե հանրաքվեով, այլ ԱԺով): Այսինքն, ոչ թե իրենք գործել են եղած Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան, այլ գործող Սահմանադրությունն ու օրենքներն են համապատասխանեցրել իրենց քմահաճույքներին ու նեղխմբակային շահերին:

Սա՛ է Սահմանադրության, սահմանադրականության և օրինականության մասին Փաշինյանի ու նրա ՔՊ-ի պատկերացումների ամբողջությունը: Ու, ընդհանրապես, Փաշինյանն ու ՔՊ-ն գործում են իրենց ներքին «սահմանադրությամբ»: Դա շատ փոքրիկ «սահմանադրություն» է, մի քանի տողանոց, այնպես որ, նույնիսկ կարելի է ամբողջությամբ այստեղ մեջբերել. «Փաշինյանը ՔՊ-ի ամեն ինչն է և նստած է վարչապետի բարձր աթոռին, ու բոլորը նրան ասում են՝ օ՜: Հայաստանում իշխանությունը պատկանում է Փաշինյանին, մի քիչ էլ՝ նրա մերձավորներին ու քպականներին: Փաշինյանը միշտ ճիշտ է, հատկապես, երբ ստում է: Իսկ եթե Փաշինյանը ճիշտ չէ, ապա դուք «նախկին» եք, «թալանչի», «կոռուպցիոներ», «ռևանշիստ», «ռսաստրուկ», «5-րդ շարասյուն»: Եվ վերջապես, եթե Փաշինյանը ճիշտ չէ, տես՝ նախորդ տողը»:

Իսկ եթե էլ ավելի լուրջ, ապա ՔՊ-ի տեղն իսկապես շատ նեղն է, եթե արդեն հիշել են իրենց կողմից անընդհատ ոտնահարված Սահմանադրության մասին:

Ու, առհասարակ, այդ ո՞ր 7 տարվա մասին է խոսքը: Խոսքն այն նույն 7 տարվա մասին է, երբ փաշինյանական իշխանության անձեռնահասության հետևանքով հազարավոր մարդիկ կորոնավիրուսի համաճարակի զոհ դարձան: Այն 7 տարվա մասին է, որի ընթացքում փաշինյանական իշխանությունը բանակցային գործընթացը «զրոյից» մղեց դեպի փակուղի, անպատասխանատու հայտարարություններով լեգիտիմացրեց թշնամիների ռազմական նկրտումները, իսկ որպես հետևանք՝ հազարավոր զինվորների ու սպաների մահվան մատնեց, Հայաստանն ու Արցախը կանգնեցրեց ահռելի տարածքային կորուստների փաստի առաջ, էլ ավելի՝ ուրացավ Արցախը, բերեց Արցախի հայաթափման, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարման, հիմա էլ գործնականում նույն սպառնալիքների առաջ է կանգնեցրել բուն Հայաստանի Հանրապետությունը…

Իսկապես վախենալու է, երբ ինչ-որ բան անելու համար վկայակոչում են այդ «7 տարին»:

Մյուս հարցն ընդհանրապես նոնսենս է և հենց Սահմանադրության, սահմանադրական կարգի խախտում: Ի՞նչ են ասում: Ասում են. «Կաթողիկոսին կընտրենք Սահմանադրության շրջանակներում…»: Սա ասում է ԱԺ մեծամասնություն ունեցող, գործադիր իշխանություն ունեցող ՔՊ-ն, նույնն է, թե Նիկոլ Փաշինյանը: Ասում է, ու հենց դրանով իսկ խախտում Սահմանադրությունը:

Սկսենք նրանից, որ իշխանության ղեկին գտնվող (կամ չգտնվող) քաղաքական ուժերը չեն ընտրում Ամենայն հայոց կաթողիկոսին: Դա չափից ավելի լուրջ հարց է, որպեսզի վստահվի քաղաքական ուժերին, առավել ևս՝ ՔՊ-ի նման աղետաբեր ու արկածախնդրական քաղաքական խմբին: Բայց դա էլ մի կողմ. Հայաստանում, Սահմանադրության և օրենքների համաձայն, Եկեղեցին պետությունից անջատ է, անջա՛տ: Այսինքն՝ Եկեղեցին, բացի իր սահմանադրական հատուկ կարգավիճակից, ինքնավար, ինքնուրույն, իր ներքին կանոնադրությամբ և կարգերով առաջնորդվող հաստատություն է: Ու Փաշինյանը չէ, ամբողջ ՔՊ խմբակցությունն էլ լինի, չեն կաող փոխել եղած կարգը: Ավելին, նման բացահայտ փորձերն ու հայտարարություններն ուղղակիորեն սահմանադրական կարգի խախտման փաստ ու վկայություն են, որոնք ենթակա են համապատասխան քաղաքական ու իրավական գնահատականների՝ հետևանքներով հանդերձ:

Վերջապես, եթե քպականներն իրենց չհասկացողի տեղ են դրել, ապա ընդգծենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսին ընտրում են ոչ թե ՀՀ քաղաքացիները, այլ Հայ առաքելական սուրբ եկեղեցու բոլոր թեմերի, նվիրապետական աթոռների պատվիրակված ներկայացուցիչ-պատվիրակները, այդ թվում՝ աշխարհիկ դասի պատվիրակված ներկայացուցիչները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Իշխանությունները աջ ու ձախ բյուջե են մսխում. հետո՝ վարկ վերցնում.  լրագրող

Իշխանությունները աջ ու ձախ բյուջե են մսխում. հետո՝ վարկ վերցնում. լրագրող

Լրագրող Դավիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանությունները աջ ու ձախ բյուջե են մսխում (կամ, առերևույթ յուրացնում) սեփական փիառի համար տարբեր անիմաստ միջոցառումների միջոցով։ Բայց էդ փողը օդից չի։ Էդ ամենը քաղաքացիների գրպանից ա։ Ու հետո պարզվում ա, որ պետք...

Կառավարությունը 1000 դրամով բարձրացնում է նվազագույն թոշակը. նախարար

Կառավարությունը 1000 դրամով բարձրացնում է նվազագույն թոշակը. նախարար

Նվազագույն կենսաթոշակի չափը 2027 թվականի հունվարի 1–ից 46 հազար դրամից կդառնա 47 հազար դրամ, բացի այդ աշխատանքային կենսաթոշակի ստաժի հաշվարկում 500 դրամ բարձրացում տեղի կունենա։ Այս մասին՝ այսօր՝ հոկտեմբերի 1–ին, կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտնել է...

Տասը տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է լինելու, թե՞ չէ․ Նիկոլ Փաշինյան 

  «44-օրյա պատերազմի մասին ես ամենատարբեր հարթակներում հինգ տարի անընդհատ խոսել եմ դրա մասին։ Այլևս որևէ նրբություն չկա, որի մասին չենք խոսել։ Այսինքն՝ որևէ թեմա ես ավելի շատ չեմ խոսել՝ սկսած Քննիչ հանձնաժողովից, էլ չեմ ասում՝ Ազգային...

Երասխի դպրոցում երեխային ապտակելու դեպքով մեղադրանք է ներկայացվել դասընկերուհու հորը. news.am

Երասխի դպրոցում երեխային ապտակելու դեպքով մեղադրանք է ներկայացվել դասընկերուհու հորը. news.am

NEWS.am–ի տեղեկություններով, մայիսի 14–ին Երասխի միջնակարգ դպրոցի ուսուցչուհիներից մեկը ոստիկանություն հաղորդում է տվել, որ 8–րդ դասարանի աշակերտուհիներից մեկի հայրը՝ Զոհրապը, դասի ժամին մուտք է գործել դասարան, ապտակել աղջկա համադասարանցիներից մեկին և դրսևորել ագրեսիվ...

Եթե մարդու տունը 3 տարի առաջ 50 000 դոլար էր, հիմա 100 է. նա կրկնակի հարստացել է. Նիկոլ Փաշինյան

«Չեմ ուզում թաքցնել՝ գրեթե ամենօրյա ռեժիմով ես նամակներ եմ ստանում մեր քաղաքացիներից, ովքեր ասում են, որ վարձակալության վճարները բարձրացել են և այլն, և այդպես շարունակ։ Իհարկե, դա մեզ համար զուտ սոցիալական առումով մտահոգիչ ենք համարում,...