Վերջին 5 տարում Հայաստանում արձանագրվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության 61 դեպք

30 Ապրիլի, 2025

Համաձայն «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն»-ի տվյալների, վերջին հինգ տարիների ընթացքում (2020-2024 թթ․) արձանագրվել է սեռական բռնության 164 դեպք, որից 61-ը անչափահասի նկատմամբ։ Նախորդ տարի՝ 2024 թվականին արձանագրվել է 43 դեպք։ Սեռական բռնության ենթարկված անձանց մոտ 85%-ը կանայք են՝ 140 դեպք։ Արձանագրված դեպքերի մեծ մասը՝ 91 դեպք տեղի է ունեցել Երևանում, իսկ մարզերից առավել շատ դեպքեր արձանագրվել են Կոտայքի մարզում՝ 10 դեպք և 9-ական դեպքեր՝ Արմավիրի և Լոռու մարզերում։

Ապրիլը սեռական բռնության դեմ պայքարի և իրազեկման ամիս է։ Այդ շրջանակներում ս․թ․ ապրիլի 29-ին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը և «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն»-ը նախաձեռնել էին «Սեռական բռնության հիմնախնդիրը Հայաստանում. վաղ կանխարգելում, արդյունավետ պաշտպանություն և պատշաճ ուղղորդում» խորագրով քննարկում և ցուցահանդես։

Նախաձեռնության նպատակն էր ներկայացնել սեռական բռնության կանխարգելման և արձագանքման ուղղությամբ իրականացվող հիմնական քայլերը՝ իրավական կարգավորումների, ոլորտային գերատեսչությունների կողմից ներդրված մեխանիզմների և կարողությունների զարգացման միջոցառումների մասին։

Ցուցահանդեսը ներկայացնում էր սեռական բռնության ենթարկված անձանց 21 պատումներ, որոնք պատմում էին բռնությունը, տրավման հաղթահարելու բարդ ճանապարհի մասին։

Քննարկմանը ներկա էին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը, ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը, ինչպես նաև պետական, միջազգային և հասարակական կառույցների այլ գործընկերներ։

«Այսօրվա միջոցառմանը ներկայացված են նաև սեռական բռնության ենթարկված անձանց պատմություններ՝ ցուցահանդեսի, ինչպես նաև տեսանյութերի միջոցով։ Այս կերպ ևս ցանկանում ենք լսելի դարձնել բռնության ենթարկված անձանց ձայնը, որպեսզի այս միջոցով նաև իրենք մասնակիցը դառնան միջոցառմանը և ուղերձներին»,- ողջույնի իր խոսքում նշեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը և մատնանշեց այս հիմնախնդրի շուրջ համագործակցելու, ուժերը համատեղելու կարևորությունը,- «Առողջապահության նախարարության հետ այժմ մշակում ենք ուղեցույց, որի նպատակն է օգնել բուժաշխատողներին պատշաճ բժշկական օգնություն տրամադրել սեռական բռնության ենթարկված անձանց»։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ևս կարևորեց համակարգված աշխատանքը խնդրի հաղթահարման ուղղությամբ․ «Այս ոլորտում խնդիրները բազմաշերտ են։ Առաջնայիններից է մասնագիտական հանրույթի շրջանակում գիտելիքի, հմտությունների և զգայունության պակասը, ինչը հաճախ բերում է հասարակական կարծրատիպերի ամրապնդմանը։ Այդ կարծրացած մոտեցումների հետևանքով բռնության ենթարկված անձը երբեմն չի էլ գիտակցում, որ բռնության զոհ է դարձել, տեղի ունեցածը նորմալ է համարում կամ չի բարձրաձայնում կատարվածի մասին։ Այս իրավիճակն իր հերթին հանգեցնում է նորանոր հանցագործությունների։ Հատկապես ցավալի է, երբ սեռական բռնության զոհ են դառնում երեխաները՝ երբեմն ընտանիքի ներսում, ընտանիքի անդամի կողմից»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանը և հավելել,- «Իրավասու կառույցները պետք է ունենան բավարար մասնագիտական պատրաստվածություն և հստակ մեխանիզմներ՝ նման դեպքերը կանխելու և դրանց պատշաճ արձագանքելու համար։ Օրինակ՝ ունեցել ենք դեպք, երբ սեռական բռնության ենթարկված երեխային ուսումնական հաստատությունն առաջարկել է փոխել դպրոցը՝ պատճառաբանելով, թե նրան շատերն են ճանաչում և հետագայում կարող է ճնշումների և թիրախավորման զոհ դառնալ»։

«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն»–ի նախագահ Տաթևիկ Աղաբեկյանն առանձնացրեց երեք հիմնական խնդիրներ, որոնք վերաբերում էին սեռական բռնության կանխարգելման ոլորտում բացերին, դեպքերի վարմանն ու աջակցությանը, ինչպես նաև վիճակագրության և հետազոտությունների բացակայությանը։

«Մենք աշխատել ենք յոթ անչափահաս հղիների հետ, որոնցից հինգը ծննդաբերել են, ունեցել ենք չափահաս շահառու, որը միայն իր ծննդաբերական ցավերի ժամանակ է իմացել, որ հղի է: Այս բոլոր դեպքերով մենք հղիության ընդհատման հնարավորություն չենք ունեցել ժամկետների պատճառով: Պետք է նշեմ, որ միայն մեկ դեպքով է նորածինը մնացել ընտանիքում: Իսկ սրանք միայն մեզ դիմած դեպքերն են, սակայն մենք գիտենք, որ անչափահաս հղիներ մենք ավելի շատ ունենք»,– իր խոսքում նշեց տիկին Աղաբեկյանը` հավելելով, որ կենտրոնն իր գործունեության 18 տարիների ընթացքում 294 անձանց է աջակցել, որոնցից 114–ը անչափահասներ են եղել:

Միջոցառումը իրականացվեց «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից։

Նմանատիպ նյութեր

Իրանը կիրառում է նոր ռազմավարություն. Ռեզայի

Իրանը կիրառում է նոր ռազմավարություն. Ռեզայի

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային, անդրադառնալով Իրանի դեմ վերջին հարձակումներին, հայտարարել է ռազմական, դիվանագիտական և տնտեսական շրջափակմանը դիմակայելու ոլորտներում երկրի նոր ռազմավարության իրականացման մասին՝...

Արևմուտքը փաստացի փորձում է Հայաստանը որպես զենք օգտագործել Ռուսաստանի դեմ. Օվերչուկ

Արևմուտքը փաստացի փորձում է Հայաստանը որպես զենք օգտագործել Ռուսաստանի դեմ. Օվերչուկ

Արևմուտքը փաստացի փորձում է Հայաստանը որպես զենք օգտագործել Ռուսաստանի դեմ։ Այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Վեստի»-ին տված հարցազրույցում։ ՌԴ փոխվարչապետի խոսքով` այս իրավիճակում Երևանը պետք է կողմնորոշվի՝ արդյոք դաշնակցում է ՌԴ-ի հետ, թե ակնկալում...

Կարեն Անդրեասյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում

Կարեն Անդրեասյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում

Կարեն Անդրեասյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 26-րդ մասով՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն...

Պարզվել է երեկվա ողբերգական վթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը

Պարզվել է երեկվա ողբերգական վթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը

ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Արթուր Մնոյանի կողմից Ապարանի քննչական բաժնում  ստեղծված քննչական խմբում պարզվել է երեկ՝ սեպտեմբերի 2-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների և վիրավորների...