Բաքվում պահվող հայ գերիները կարող են դուրս մնալ «խաղաղության համաձայնագրից». BBC

8 Ապրիլի, 2025

BBC-ի կովկասյան թղթակից Ռեյհան Դեմիտրին ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր «խաղաղության պայմանագրի» և, այդ համատեքստում, Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի ու հայ գերիների ճակատագրի մասին՝ նշելով, որ նրանք «կարող են դուրս մնալ խաղաղության համաձայնագրից»:

Ստորև թարգմանաբար ներկայացվում է հոդվածը՝ որոշ կրճատումներով.

«Ռուբեն Վարդանյանը Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է, սակայն նրա միլիոնները օգուտ չունեն այժմ, երբ նա հարևան Ադրբեջանում ցմահ բանտարկության հեռանկարի առջև է կանգնած: Կովկասի այս երկու հարևան երկրները համաձայնվել են Լեռնային Ղարաբաղի տարածքի շուրջ տասնամյակներ տևող հակամարտությունը դադարեցնելու համաձայնագրի տեքստի շուրջ, սակայն Վարդանյանը և ԼՂ-ի էթնիկ հայկական ղեկավարության մյուս 15 նախկին անդամները ընդգրկված չեն այս համաձայնագրում։ Նրանք դատվում են Բաքվի ռազմական դատարանում՝ մեղադրվելով պատերազմական հանցագործությունների մեջ:

… Ռուբեն Վարդանյանի համար ամեն ինչ փոխվեց 2022 թվականի սեպտեմբերին, երբ նա որոշեց տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ, որը պատմականորեն բնակեցված էր էթնիկ հայերով, բայց  Խորհրդային Ադրբեջանի մաս էր կազմել։

Վարդանյանը հրաժարվեց իր ռուսական քաղաքացիությունից և դարձավ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո վարչապետը, որը հայերը կոչում են Արցախ։ Նա օգտագործեց իր անունը, կապերը և անգլերենի իմացությունը ՝ բարձրաձայնելու Ղարաբաղի հայերի դժվարին վիճակի մասին։

«Ղարաբաղի նկատմամբ միջազգային այդ ուշադրությունը ակնհայտորեն գրգռում էր Ադրբեջանին»,- BBC-ին պատմել է Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը։

Եղել են ենթադրություններ, որ Վարդանյանը տեղափոխվել է այնտեղ՝ խուսափելու Ռուսաստանի միլիարդատերերի նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցներից, ովքեր կապեր ունեն Կրեմլի հետ։

Բաքվի կառավարությունը նրա՝ այդ պաշտոնը զբաղեցնելու որոշումը համարում էր անօրինական։ Նրա որդին պնդում է, որ նա առաջնորդվում էր տեղի հայերին օգնելու ցանկությամբ. «Մեր վերջին հանդիպման ժամանակ մենք վիճ ունեցանք. ես լիովին դեմ էի նրա որոշմանը, որը վտանգի տակ էր դնում իրեն ու ամբողջ ընտանիքին։ Նա ասաց, որ չի կարողանա ապրել՝ իմանալով, որ ոչինչ չի արել Ղարաբաղի հայերի համար»։

Նրա հոր երկարամյա ընկեր Արման Ջիլավյանն ասում է, որ էթնիկ հայերին իրենց նախնիների հողում պահելու հարցում օգնելու նույնիսկ ամենահեռավոր հնարավորությունը բավարար էր նրա համար։ «Ոմանք կասեն, որ սա իռացիոնալ էր, ոմանք ասում են, որ սա հաշվարկված քաղաքական քայլ էր։ Կարծում եմ՝ դրանցից ոչ մեկը ճիշտ չէ»,- ասում է նա:

Ռուբեն Վարդանյանն արդեն երկու անգամ հացադուլ է հայտարարել՝ որպես բողոք ոչ պատշաճ դատական գործընթացի՝ խոշտանգումների մեղադրանքների ֆոնին։

Ղարաբաղի նախկին ղեկավարության մյուս 15 անդամները նույնպես դատվում են Բաքվի ռազմական դատարանում՝ 1980-ականների վերջից մինչև հիմա իրագործած պատերազմական հանցագործությունների մեղադրանքով։

Ադրբեջանը պնդում է, որ դատվարությունը համապատասխանում է միջազգային իրավական չափանիշներին և իրավասու է դատել պատերազմական հանցագործություններ կատարելու մեջ կասկածվողներին։ Սակայն, անցյալ ամիս Բաքվի կառավարությունը հանձնարարեց փակել Միջազգային Կարմիր խաչի տեղական գրասենյակները՝ միակ միջազգային կազմակերպության, որը մուտքի հնարավորություն ուներ հայ բանտարկյալների մոտ։

…Խաղաղության համաձայնագրի մանրամասները դեռ չեն հրապարակվել, բայց պաշտոնյաները նշում են, որ նախագծի տեքստը չի ներառում բանտարկյալների հարցը կամ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքը։

Բանտարկյալների մասին չհիշատակելը քննադատության է արժանացրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը՝ երկրի ներսում և արտերկրում: Սակայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Թորոսյանը կարծում է, որ այս հարցը պետք է լուծվի առանձին։ «Սա հակամարտող երկրների միջև խաղաղության պայմանագիր է։ Ես անձամբ կարծում եմ, որ միայն այս խաղաղության պայմանագրի ավարտը կամ ստորագրումը կարող է հիմք ստեղծել քաղաքական բանտարկյալների հարցը լուծելու համար»։

Վարդանյանը բանտից զգուշացրել է, որ սա սխալ է։ «Սա ոչ միայն իմ և մյուս 15 հոգու դատավարությունն է, այլ բոլոր հայերի դատավարությունը», – ասել է նա՝ աջակիցներին ուղղված ձայնագրության մեջ»։

 

Նմանատիպ նյութեր

Հրապարակվել է «Հայաստան» դաշինքի՝ ԱԺ մանդատ ստացած պատգամավորների ցանկը

Հրապարակվել է «Հայաստան» դաշինքի՝ ԱԺ մանդատ ստացած պատգամավորների ցանկը

«Հայաստան» դաշինքի՝ ԱԺ մանդատ ստացած պատգամավորներն են` Սաղաթելյան Իշխան Վաչիկի, Գրիգորյան Աննա Արամի, Խաչատրյան Սևակ Սասունի, Խաչատրյան Արթուր Լեվոնի, Վարդանյան Քրիստինե Մարտինի, Վարդանյան Աղվան Արշավիրի, Մանուկյան Գեղամ Ազատի, Խամոյան Ագնեսա Պողոսի, Քոչարյան Լևոն...

Մակար սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը  ենթակա է դադարեցման․ փաստաբան

Մակար սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման․ փաստաբան

Մակար եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը ևս ենթակա է դադարեցման։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է փաստաբան Արմինե Ֆանյանը։ Այս անգամ որոշումը կայացրել է դատավոր Էմմա Ավագյանը, որով հաստատվել է Մակար եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը։...

Ադրբեջանը խաղաղություն առաջարկեց Հայաստանին և դրական արձագանք ստացավ․ Ալիև

Ադրբեջանը խաղաղություն առաջարկեց Հայաստանին և դրական արձագանք ստացավ․ Ալիև

«Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ»։ Բեռլինում գտնվող APA թղթակցի փոխանցմամբ՝ նախագահ Իլհամ Ալիևն այս հայտարարությունն արել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի...

Մենք գործ ունենք աբսուրդի, վրեժխնդրության և քաղաքական թատրոնի հետ․ Արամ Վարդևանյան 

ԿԸՀ օրակարգն ուսումնասիրելու դեպքում նկատած կլինեք, որ 17:00-ին կա դատախազության մի միջնորդություն, ոչ մի ուրիշ տվյալ բացահայտված չէ։ Այսօր ես ուզում եմ հայտնել, որ նշվածը վերաբերում է Նարեկ Կարապետյանին։ Այս մասին լրագրողների հետ...

Նուբարաշենում աղբատարը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում․ Շամշյան

Նուբարաշենում աղբատարը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում․ Շամշյան

Այսօր՝ հուլիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ըստ shamshyan.com-ի՝ ժամը 14:30-ի սահմաններում 66-ամյա Ռաֆիկ Դ.-ն իր վարած «KamAZ» մակնիշի աղբատար մեքենայով Նուբարաշենի աղբավայրից դեպի Նուբարաշենի խճուղի ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել...