Արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը գրում է.
«Շուշեցի Աշոտը 2014-ից մինչև 2023 թվականը ծառայում էր Արցախի Պաշտպանության բանակում` մասնակցելով այդ տարիների ընթացքում բոլոր մարտական գործողություններին` 2016թ. ապրիլյան, 2020թ. 44-օրյա և 2023թ. վերջին պատերազմներին։
Բռնի տեղահանության լուրն իմանալուց հետո` սեպտեմբերի 25-ին բազմաթիվ արցախցիների հետ Աշոտը նույնպես գնացել էր Ստեփանակերտ քաղաքին մոտ, Հայկազով կոչվող տեղանքում գտնվող վառելիքի պահեստ` մի քանի լիտր բենզին գտնելու նպատակով, որտեղ էլ մինչ օրս չբացահայտված հանգամանքներում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայտնվել էր այրվող փլատակների տակ, կորցնելով մի ոտքն ամբողջությամբ: Երրորդ կարգի այրվածքների հետևանքով կորցրել է նաև մյուս ոտքի ֆունկցիոնալությունը։ Ինչպես նաև ամպուտացվել է աջ ձեռքի թաթը, ձախ ձեռքի մատներն էլ դժվարությամբ է շարժում.
—Այրված ոտքս վիրահատելու համար անհրաժեշտ էր մեկ այլ մարդու մարմնի տարբեր հատվածներից կտրել կաշին և տեղադրել իմ ոտքի վրա։ Զանգեցի ընկերոջս։ Նա առանց երկմտելու համաձայնեց. Պատմում է Աշոտը։
Տանելով 13 վիրահատություն 29 ամյա Աշոտին դեռ սպառնում է նաև մնացած մատների անշարժացման վտանգ։
Այսօր Աշոտը հոր, 2 տարեկան աղջնակի և կնոջ հետ ժամանակավորապես բնակվում են Օշական գյուղում վարձակալած տանը։
Ցավոք Հայկազովի պահեստի պայթյունը Հայաստանի իշխանությունների կողմից չի ճանաչվել, որպես պատերազմական գործողությունների հետևանք, ինչի արդյունքում բազմաթիվ ընտանիքներ, որոնք կորցրել են ընտանիքի միակ կերակրողին, կամ ստացել ծանր վիրավորվումներ, այսօր չունեն պետական որևէ աջակցություն։ Իսկ տեղահանված արցախցիներին տրամադրվող 40+10.000 ՀՀ դրամ աջակցությունը ապրիլ ամսից կկրճատվի, մեծ խնդիրների առաջ կանգնեցնելով հատկապես կերակրողին կորցրած ընտանիքներին։
Աշոտի ընտանիքին վերջին մի քանի ամիսներին օգնում է Հայորդի բարեգործական հիմնադրամը` տրամադրելով ամսական 50.000 ՀՀ դրամ աջակցություն։ Կինը, որպես ամուսնուն և երեխային խնամող չի կարողանում աշխատել։ Իսկ Աշոտի հայրը, որը նույնպես վիրավորում էր ստացել բենզինի պահեստում, այս պահին աշխատանքի փնտրտուքների մեջ է։
Տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել են 219 և անհետ կորած են համարվում 21 հոգի։ 290 հոգի ստացել են տարբեր աստիճանի ծանր մարմնական վնասվածքներ»։