25 օր առաջնագծում․ դիրքերից և ոչ մեկում անգամ կացին չկար փայտ կոտրելու համար, իսկ բարձունքում ցուրտ էր․ «Հետք»

4 Օգոստոսի, 2026

«Հետք»-ը գրում է․ 

Որպեսզի հասկանաս, թե ինչ վիճակում է մեր բանակն այսօր, պետք չէ լսել զեկույցներ, հիանալ ռազմական շքերթներով. բավական է ստանալ 25-օրյա վարժական հավաքների ծանուցագիր ու գնալ դիրքեր։

Հունիսի 10-ին՝ ժամը 12:00-ին, ես ներկայացա զինկոմիսարիատ։ Բոլոր անհրաժեշտ թղթերը հանձնելուց հետո դուրս եկա զինկոմիսարիատի շենքից և սպասեցի մեկնելուն։ Երեք ժամ սպասելուց հետո վերջապես դուրս եկավ զինկոմիսարիատի ղեկավարն ու ասաց, որ սխալվել են՝  երեք մարդու ավել են ծանուցագիր տվել։

Այս «անսպասելի» խոստովանությունը հանգեցրեց տևական բանակցությունների։ Մոտ մեկ ժամ տևած բանակցություններից հետո զինկոմիսարիատի ղեկավարին հաջողվեց երեք հոգու համոզել և տուն ուղարկել։ Մնացածներս շարժվեցինք դեպի զորամասերից մեկը՝ զենք ու հանդերձանք ստանալու և ըստ ստորաբաժանումների բաշխվելու։

Թե որքան անարդյունավետ էր տեղի ունենում հաստիքների բաշխումը՝ դժվար է նկարագրել բառերով։ Պատկերացրեք, պետությունը ծախսում է մեծ գումարներ ժամկետային զինվորին կես տարի ուսումնական զորամասում զինվորական մասնագիտություն սովորեցնելու համար։ Հետո այդ զինվորը ևս 1.5 տարի հմտանում է իր մասնագիտության մեջ։ Ծառայությունն ավարտելուց 3-4 տարի անց նա գալիս է վարժական հավաքի՝ ակնկալելով, որ կվերհիշի ստացած գիտելիքները։ Սակայն զորամասում որոշում են նրան նշանակել մի հաստիքի, որին ընդհանրապես  ծանոթ չէ: Այս մոտեցումը ցույց է տալիս, որ վարժական հավաքների իրական նպատակը ոչ թե մասնագիտորեն պատրաստ և մարտունակ մոբիլիզացիոն ռեսուրսի ստեղծումն է, այլ պարզապես անհրաժեշտ մարդկային քանակի ապահովումը, որպեսզի նրանք իրականացնեն մարտական հերթապահություն։ Այս իրավիճակում, ինքներդ դատեք, թե որքանով էր արդարացված պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամկետի կրճատումը։

Նախքան մարտական դիրքեր տեղափոխվելը, որոշ ժամանակ անցկացրեցինք զորավարժարաններից մեկում տեղակայված վրանային ավանում։ Այնտեղ առկա կենցաղային խնդիրները՝ ջրի անբավարարությունը, վրանների վիճակը և այլն, մի կողմ եմ թողնում, քանի որ դրանք ոչինչ էին այն խնդիրների համեմատ, որ կային մարտական դիրքերում։

Եվ ահա, վերջապես, հունիսի 19-ին բարձրացանք մարտական դիրքեր։ Մինչև դիրքեր գնալը մեզ տարել էին ՊՆ-ի կողմից վերջերս ակտիվ գովազդվող ամրաշինական կառույցները ցույց տալու։ Զորքի մի մասն անկեղծորեն կարծում էր, որ մենք էլ նմանատիպ կահավորմամբ դիրքերում ենք իրականացնելու մարտական հերթապահությունը։ Բայց ցավալի իրականությունն այն է, որ առաջնագծում գտնվող մարտական դիրքերը, որտեղ հենց այս պահին էլ հերթապահում են զինվորները, չնչին նմանություն ունեն գովազդվող ամրաշինական կառույցների հետ։

Մեր դիրքը գտնվում էր հակառակորդի անմիջական նշանառության տակ։ Այնտեղ չկային ոչ թաքստոցներ, ոչ շելեր, ոչ էլ անգամ տարրական աղվեսափոսեր՝ հրետանային հարվածներից պատսպարվելու համար։ Հավանական հարձակման դեպքում այնտեղից ողջ դուրս գալը գրեթե անհնար կլիներ։

Մեր դիրքում խոշոր տրամաչափի որևէ զինատեսակ չկար, անգամ «Կալաշնիկով» գնդացիր չունեինք։ Փոխարենն ունեինք այդ գնդացիրների համար նախատեսված փամփուշտներ։ Նռնականետ նույնպես չունեինք, բայց ունեինք նռնականետի արկեր։ Ապշեցուցիչ էր նաև այն, որ դիրքում ունեինք 5.45 մմ-անոց փամփուշտներ, որոնք նախատեսված են AK–74-ի համար, բայց, ցավոք, մենք չունեինք AK–74 ինքնաձիգներ։

Աբսուրդը շարունակվում էր նաև անձնակազմի հաստիքացուցակում․ դիրքում կային ապահովման ջոկատի երկու հրամանատար, «Կորդ» խոշոր տրամաչափի գնդացրի հաշվարկ՝ առանց «Կորդ»-ի, և ԱԹՍ ջոկ՝ առանց ԱԹՍ-ի։

Առանձին պատմություն է զենքի խնամքը։ Մեզ տրամադրել էին լրիվ նոր վիճակում գտնվող AK-103 ինքնաձիգներ։ Սակայն դիրքում անցկացրած 14 օրից 12-ի ընթացքում կամ մառախուղ էր, կամ անձրև, կամ էլ՝ կարկուտ։ Զենքերը ժանգոտում էին, իսկ մեզ չէին տրամադրել զենք մաքրելու համար նախատեսված յուղ։ Զենքի յուղը դիրք հասավ միայն 11-րդ օրը։ Փորձեցինք մաքրել, բայց կային հատվածներ, որոնցից ժանգն այդպես էլ չանցավ։

Մեր դիմաց գտնվող ադրբեջանական դիրքը մոտ 150 մետր հեռավորության վրա էր։ Երբեմն գիշերները ադրբեջանցիները մեծ լապտերով թարթող լույս էին գցում մեզ վրա՝ փորձելով ճնշել կամ սադրել մեզ։

Այն ամենը, ինչ տեսա մեր խմբին վստահված դիրքերում 25-օրյա վարժական հավաքի ընթացքում, փաստում է, որ բանակի խնդիրները խորն են ու համակարգային։ Մեզ պետք են անվտանգ խրամատներ, ճիշտ բաշխված հաստիքներ ու տարրական զենքի յուղ՝ հենց այսօր։ Ցուցադրական վարագույրը վաղ թե ուշ բացվում է։ Եւ ավելի լավ է, որ այն պատռվի սեփական սխալներն ընդունելիս, այլ ոչ թե հերթական ռազմական բախման պահին։

…Իսկ վերջում մի «փոքր դետալի» մասին. մեզ վստահված դիրքերից և ոչ մեկում անգամ կացին չկար փայտ կոտրելու համար, իսկ բարձունքում ցուրտ էր։

Նմանատիպ նյութեր

Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` այլ անձանց հետ շփման արգելքով

Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` այլ անձանց հետ շփման արգելքով

Դատարանն այսօր՝ սեպտեմբերի 22–ին, պաշտպանության կողմի միջնորդության հիման վրա Արեգնազ Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխեց տնային կալանքի` այլ անձանց հետ շփման արգելքով: Այս մասին հայտնեց է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։ Նրա խոսքով, դատական նիստից հետո տիկին Մանուկյանը...

Աշխարհաքաղաքական «գործ»․ տեղի կունենա Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և փաստաբան Արամ Օրբելյանի ասուլիսը

Աշխարհաքաղաքական «գործ»․ տեղի կունենա Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և փաստաբան Արամ Օրբելյանի ասուլիսը

Չորեքշաբթի` սեպտեմբերի 23-ին, ժամը 11:00-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում  տեղի կունենա ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և փաստաբան Արամ Օրբելյանի ասուլիսը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ երկրորդ նախագահ...

Ալիևի նկարած քարտեզը․ Արթուր Խաչատրյան

Ալիևի նկարած քարտեզը․ Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ալիևի նկարած քարտեզը. 2022 թվականի սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 77-րդ նստաշրջանում Նիկոլ Փաշինյանն Ալիևին հարց էր ուղղել․ «Կարո՞ղ եք ցույց տալ Հայաստանի քարտեզը, որը...

Բաշխվել են ՏԻՄ ընտրություններում ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները․ ԿԸՀ

Բաշխվել են ՏԻՄ ընտրություններում ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները․ ԿԸՀ

2026 թվականի սեպտեմբերի 22-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է տեղական ինքնակառավարման մարմինների 2026 թվականի հոկտեմբերի 25-ի ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը՝ Ազգային ժողովում...

Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքի հետ կանոնավոր կապից. Human Rights Watch

Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքի հետ կանոնավոր կապից. Human Rights Watch

Ռուբեն Վարդանյանը հայտնել է, որ ինքը և ևս 18 հայ բանտարկյալներ զրկված են ընտանիքի հետ կանոնավոր կապից, բժշկական հետազոտություններից և ադրբեջանական օրենսդրությամբ նախատեսված այլ իրավունքներից, գրում է Human Rights Watch-ը։ Սեպտեմբերի 16-ին ձայնագրված և երկու օր անց...