2018-2019 թվականների ինքնավստահ և հպարտ լավատեսության ուղիղ հակառակ վիճակն է․ Մհեր Հակոբյան

Ապր 11, 2025

Ռազմական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Արդեն որերորդ շաբաթն է, որ, լսելով կառավարության նիստերը, հանդիպում եմ ՀՀ վարչապետի երկար և տխուր, կառավարության նիստի բնույթին ոչ հարիր, բոլորին ուղղված, իսկ արդյունքում անհասցե, մուննաթախառն ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ-ԲՈՂՈՔԻՆ առ այն, թե ամեն ինչ վատ է, մենք բոլորս վատն ենք, կադրեր չկան, ոչինչ չի ստացվել, չի ստացվում ու երևի չի էլ ստացվի: 2018-2019 թվականների ինքնավստահ և հպարտ լավատեսության ուղիղ հակառակ վիճակն է…

…Մտքումս պտտվում է համաշխարհային պատմության հաջող ռեֆորմատորների և համակարգաստեղծ անհատների բնականաբար ոչ լրիվ ցանկն, ի դեմս Սարգոն Աքքադացու (մ.թ.ա. 2316-2261), Թիգլաթպալասար III-ի (մ.թ.ա. 746-727), Կյուրոս II Մեծ-ի (մ.թ.ա. 559-530), Ֆիլիպ II-ի (մ.թ.ա. 359-336), Օկտավիանոս Օգոստոսի (մ.թ.ա. 27 — մ.թ. 14), Խոսրով I-ի (531-579), Հուստինիանոս I-ի (527-565), Ջաֆար ալ-Մանսուրի (754-775), Տուղրիլ-բեկի (1029-1063), Դավիթ I Շինարարի (1089-1125), Չինգիզ-խանի (1206-1227), Թամեռլանի (1370-1405), Մորից Օրանցու (1585-1625), Աբբաս I Մեծի (1588-1629), Օլիվեր Կրոմվելի (1643-1658), Պետրոս I Մեծի (1682-1725), Լազար Կարնոի (1791-1823) և Իոսիֆ Ստալինի (1922-1953): Հիշում եմ նաև Հայոց պատմության ռեֆորմատորներին և համակարգաստեղծներին, սկսած Արամ II Մեծից (մ.թ.ա. 883-840), Վաղարշակ I-ից (մ.թ.ա. 247-225) ու նրա թոռ Արտաշես I-ից (մ.թ.ա. 201-160), վերջացրած Աշոտ I Մեծով (855-884, 884-891՝ արքա), Լևոն I Մեծով (1187-1198, 1198-1219` արքա) և Դավիթ-բեկով (1722-1727): Հիշում եմ այս մարդկանց ու… «միտք եմ անում աշխարքի բանը»…

…Պարոն վարչապետ, հանրային խոսքումս մեկ անգամ չէ, որ ասել եմ, բայց նորից կրկնեմ` դուք իշխանության եկաք ԱՆՈՐԱԿ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿՈՏՐԵԼՈՎ: Ուշադրություն դարձրեք այս հանգամանքի վրա՝ և համակարգն էր անորակ, և, դրան գումարած, դուք այն կոտրեցիք: Այս պայմաններում գործադիրի ղեկին կանգնելու հենց առաջին իսկ պահից պետք էր, թողած ամեն ինչ մի կողմ, վեր հանել խնդիրները, տալ դրանց գնահատական, ընտրել լավագույն կադրեր, ստեղծել գործուն համակարգ, կազմել ոլորտային բարեփոխումների համապարփակ ծրագիր և սկսել գործել: Սա պետք էր անել 2018 թ-ի մայիսի 10-ից սկսած՝ ՉՈՒՇԱՑՆԵԼՈՎ ՆՈՒՅՆԻՍԿ ՄԵԿ ԻՍԿ ՕՐ, ընդ որում ամենասկզբում կային այդ ամենն անելու ամենաառաջնակարգ հնարավորությունները: Մարդիկ ոգևորված էին, ռեսուրսները՝ բավարար, միջազգային աջակցությունն՝ առաջնակարգ, հասարակությունը՝ գործնականում միասնական…

…Հիմա 2025 թ-ի ապրիլի 10-ն է, շուտով կսկսվի ձեր իշխանության ութերորդ տարին, սակայն դուք կառավարության նիստում դեռևս վեր եք հանում հարցեր և խոսում եք բաներից, որոնք պետք է քննարկվեին լավագույն դեպքում 2018 թ-ի մայիսին, եթե ոչ՝ ավելի առաջ, երբ դեռ իշխանության էիք գալիս: Վերևում թվարկածս այն ռեֆորմատորները և համակարգաստեղծ անհատները, պարոն վարչապետ, այդպես չեն վարվել, նրանք, ամեն ինչ թողած մի կողմ, առաջին իսկ պահից ՁԵՌՔ ԵՆ ԶԱՐԿԵԼ ԳՈՐԾԻՆ ու ԱՅԴ ԳՈՐԾԻՆ ՆԵՐԳՐԱՎԵԼ ԵՆ ԿԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ, իսկ դուք… ութերորդ տարվա սկզբում եկել և բողոքում եք: Մեզ պետք չէ ձեր բողոքը, պարոն վարչապետ, մանավանդ, որ այն մեզ՝ կառավարման բուրգից դուրս գտնվող անձանց, մեղադրելու, բայց նաև ձեզ արդարացնելու տարրեր ունի:

Պարոն վարչապետ, պետք է ՀԱՄԱԿԱՐԳ ՍՏԵՂԾԵԼ, որը կյանքի կկոչի խնդիրների լուծմանը միտված ծրագրեր, պետք է ԼԱՎ ԿԱԴՐԵՐ ԸՆՏՐԵԼ և ԴՐԱՆՑ ՊԵՏՔԱԿԱՆ ՏԵՂԵՐՈՒՄ ԴՆԵԼ: Պետք է հարգել և ընդունել մասնագետներին, պետք է գործ անել ու չբողոքել, քանզի բոլորս էլ գիտենք, որ ամեն ինչ շատ վատ է, սակայն դուք գործադիրի բուրգի գլխին եք կանգնած հենց գործ անելու, այլ ոչ թե ուղղակի վիճակի վատ լինելը ամրագրելու համար…

…Շատ բան է պետք անել և պետք է արվի: Չեմ ասում ոլորտային բարեփոխումների ծրագիր չկա, դա մի կողմ՝ նույնիսկ ՈԼՈՐՏԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՑԱՆԿ ՉԿԱ, որ մի հատ էլ դրանց հաղթահարման ծրագիր մշակվի: Չկան ոլորտային մոդելներ, որոնց պետք է ձգտենք: ԻՆՔՆԱՀՈՍ առաջ ենք գնում և, թերևս, դուք էլ եք արդեն զգում, որ մի բան այն չէ, սակայն կարծես չգիտեք, թե ինչ պետք է արվի: Ու դուրս եք տալիս ՁԵՐ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆԸ կառավարության նիստերի այդ երկար, չհամակարգված և պաշտոնյաների հաճոյակատար ու հնազանդ շարքին ուղղված մենախոսությամբ, երբ ոչ ոք նույնիսկ ծպտուն իսկ չի հանում, որ ձեզ հակադարձի, բայց չէ՞ որ հենց հակադարձության մեջ է ռեֆորմատորի և համակարգաստեղծ անձի ուժը, քանզի դա ապահովագրում է նրան սխալից: Այդպես չի կարելի, վերևի ցանկումս բերված այն մարդիկ այդպես չէին վարվի…

Եվ վերջում` եթե կադրերին նշանակելիս ԱՌԱՋՆԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԱԼԻՍ ԵՍ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆԸ, դժվար է իրոք լավ կադր գտնել, բայց չէ՞ որ մենք համակարգ չունենք, այսինքն՝ կադրերն են որոշում ոլորտի որակը: Դուք գերադասում եք հավատարիմներին և հլու կատարողներին, ձեզ բաժին են հասնում վատ կադրեր, իսկ արդյունքում էլ առանձին ոլորտների վիճակը միայն վատանում է»:

Նմանատիպ նյութեր

ԱԳՆ աշխատակից է վրաերթի ենթարկվել

ԱԳՆ աշխատակից է վրաերթի ենթարկվել

Այսօր՝ մայիսի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան Վազգեն Սարգսյան փողոցում՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարության դիմաց, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել,...

ՀՀ-ն նպատակահարմար չի համարել զորախումբ ուղարկել Մոսկվա. Փաշինյանի խոսնակ

ՀՀ-ն նպատակահարմար չի համարել զորախումբ ուղարկել Մոսկվա. Փաշինյանի խոսնակ

Նպատակահարմար չի համարվել. Tert.am-ի հարցին, թե ինչու այսօր ՀՀ-ից զորախումբ չի մասնակցել Մոսկվայի շքերթին պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Փաշինյանը Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված...

Շղթայական ավտովթար Վանաձորում. կա 11 վիրավոր

Շղթայական ավտովթար Վանաձորում. կա 11 վիրավոր

Այսօր՝ մայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել են 52-ամյա Վարուժան Վ․-ի վարած «Mercedes» մակնիշի, 20-ամյա Տիգրան Ա․-ի վարած «Ford Transit» մակնիշի և 38-ամյա Կարեն Մ․-ի վարած «Mercedes»...

Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը մեծանում է

Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը մեծանում է

Հնդկաստանի կառավարությունը երկրի բանակի հրամանատարին լիազորել է կամավոր պահեստազորային կազմավորումներին տարածքային բանակ զորակոչել՝ օգնելու Հնդկաստանի զինված ուժերին, հաղորդում է Press Trust of India լրատվական գործակալությունը: Տարածքային բանակը զորակոչվում է...

Լրագրող Լիլիթ Աղեկյանը կալանավորվել է

Լրագրող Լիլիթ Աղեկյանը կալանավորվել է

Լրագրող Լիլիթ Աղեկյանը կալանավորվել է։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ «Լիլիթ Աղեկյանին տերորիստները կալանավորեցին»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանն ավելի վաղ հայտնել է, որ երեկ երեկոյան ձերբակալվել է գյումրեցի լրագրող Լիլիթ...