Կառավարությունը այսօրվա՝ ապրիլի 10-ի, նիստին որոշում ընդունեց Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին։
Հայկական կողմը ցանկություն է հայտնել Մասկատում ռեզիդենտ դեսպանություն բացել, ինչին ի պատասխան, օմանական կողմը դրական է արձագանքել՝ նշելով, որ նման դեպքերում սովորաբար կիրառվում է փոխադարձության սկզբունք։
Օմանում ՀՀ դեսպանության բացման ծախսերը հաշվարկվել են 345.7 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 133,848.5 հազար դրամ: 2025 թվականի հուլիսից-դեկտեմբեր ժամանակահատվածի համար ընթացիկ ծախսերը կազմելու են մոտ 211.7 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 81,967.8 հազար դրամ: Առաջին տարվա համար ընթացիկ ծախսերից բացի՝ լրացուցիչ կպահանջվի ևս 134.0 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 51,880.8 հազար դրամ՝ ավտոմեքենայի, կահույքի, տեխնիկայի ձեռքբերման, դեպոզիտի և միջնորդավճարի համար: 2025 թվականի դեսպանության բացման հետ կապված ծախսերից 81,967.8 հազար դրամը նախատեսվում է ծախսել պետական բյուջեով ԱԳՆ 1128 ծրագրի 11001 «Օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության իրականացում» միջոցառման համար նախատեսված միջոցներից, իսկ 51,880.8 հազար դրամը՝ պահուստային ֆոնդից: