Հայաստանի 9 քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ պահվում են հաշմանդամություն ունեցող 109 դատապարտյալ և կալանավորված անձ: Գրում է «Հետք»-ը։
Նրանց գերակշիռ մասն ունի ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում: Կալանավորված 5 անձ ունի ծանր և խոր, իսկ 16 դատապարտյալ՝ ծանր աստիճանի ֆունկցիոնալության խանգարում, ինչը նշանակում է, որ ունեն առողջական լուրջ խնդիրներ: Միայն «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում հաշմանդամություն ունեցող անձինք չկան:
Հայտնի չէ, թե 109 ազատազրկվածից քանիսն է հաշմանդամություն ստացել քրեակատարողական հիմնարկում: Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը քրեակատարողական հիմնարկներում առաջին անգամ հաշմանդամության խումբ ստացածների վերաբերյալ վիճակագրություն չի վարում: Նման վիճակագրություն ունենալը շատ կարևոր է բանտային կյանքի հետևանքները դիտարկելու համար, այնինչ Հայաստանում դա չի կարևորվում:
Ֆունկցիոնալության սահմանափակումը օրգանիզմի ֆունկցիաների և մարմնի կառուցվածքի, գործունեության և մասնակցության, միջավայրային գործոնների ազդեցության համատեքստում անձի հասարակական կյանքին մասնակցելու կարողության սահմանափակումն է:
Հարկ է նշել, որ եթե անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը ցածր է 4%-ից, ապա անձը չի ճանաչվում հաշմանդամություն ունեցող, քանի որ գնահատման արդյունքներով նա չունի ֆունկցիոնալության էական սահմանափակում կամ խնդիր իր առօրյա կյանքում: Սահմանափակման 5-24% միջակայքում անձը ևս չի ճանաչվում հաշմանդամություն ունեցող, քանի որ սահմանվում է ֆունկցիոնալության թեթև աստիճանի սահմանափակում: Սակայն, ըստ անհրաժեշտության, նրա համար մշակվում է ծառայությունների անհատական ծրագիր և ելնելով ֆունկցիոնալության գնահատման չափանիշներից ու գործիքներից՝ երաշխավորվում են ծառայություններ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։






