Այսօր՝ օգոստոսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21:20-ի սահմաններում «Գազ 53» մակնիշի առանց համարանիշի բեռնատարը Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 6 վրաերթի ենթարկվածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի ամբուլատոր բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը գիտակցության չգալով մահացել է։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Ճամբարակ ամբուլատոր կենտրոնի շտապօգնության բժիշկները։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։






