1.8 միլիարդով մետրոյի Աջափնյակ կայարանի միայն նախագիծն է կազմվել․ ահազանգում է մասնագետը. «Հետք»

25 Դեկտեմբերի, 2025

«Հետքը» գրում է. «Մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման մտադրության մասին քաղաքային իշխանությունները պարբերաբար հայտարարել են՝ սկսած 2019 թվականից։ Երևանի ավագանու 2023 թ․-ի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խոստացել է, որ 2024 թ․-ին սկսելու եւ 2028 թ․-ին ավարտելու է մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցումը։ 2025 թ․-ի դեկտեմբերի դրությամբ պատրաստ է միայն մետրոյի կայարանի նախագիծը։ Այդ փաստաթղթերի կազմումն էլ հարթ չի անցել։

Քաղաքապետարանի ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տրանսպորտի եւ մետրոյի ծրագրերի ղեկավար Տիգրան Մուշեղյանը պարզել է, որ մետրոյի նախագծման փաստաթղթերն ամբողջական չեն, իսկ նախագիծը կազմած ընկերությանը վճարվել է ավելին, քան անհրաժեշտ էր։ Հետագայում գնման պայմանագրում փոփոխություններ են կատարվել՝ աշխատանքի ծավալը փոքրացվել է, իսկ գինը՝ 1.8 միլիարդ դրամը, չի նվազեցվել։ Դրա հետևանքով Երևան համայնքը միլիոնավոր դրամների վնաս է կրել։ Պաշտոնյան դիմել է իրավապահներին, որից հետո Դատախազության հանձնարարությամբ Քրեական ոստիկանությունը օպերատիվ գործողություններ է սկսել։

2021 թ․-ի նոյեմբերի 9-ին Երևանի քաղաքապետարանի եւ ռուսական «Մետրոգիպրոտրանս» բաժնետիրական ընկերության միջեւ կնքվել է «Երևան քաղաքի Աջափնյակ թաղամասում մետրոպոլիտենի կայարանի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական աշխատանքների կատարման» պայմանագիր։ Պայմանագրի 1-ին հավելվածում նկարագրված են այն աշխատանքները, որ պետք է կատարի «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը։ 1 միլիարդ 848 միլիոն դրամով, ի թիվս այլնի, պետք է կազմվեին մետրոյի կայարանի «նախագծային փաստաթղթերը»։ Պայմանագրի անբաժան մաս համարվող հավելված 1-ի (տեխնիկական բնութագրի) 1.5 կետում նշված է․ «Նախագծման փուլականությունը»-«Նախագծային փաստաթղթեր»:

Կառավարության 2015 թ․-ի 596-Ն որոշմամբ սահմանված է․ «Նախագծային փաստաթղթերը, կախված ռիսկայնության աստիճանից, կարող են մշակվել մեկ` «Աշխատանքային նախագիծ» կամ երկու` «Նախագիծ» և «Աշխատանքային փաստաթղթեր» փուլերով:  Մետրոյի կայարանը 4-րդ կարգի ռիսկայնության օբյեկտ է, եւ փաստաթղթերը պետք է պատրաստվեին երկու փուլով («Նախագիծ» եւ «Աշխատանքային» փաստաթղթեր տարբերակով)։

Երեւանի քաղաքապետի տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը հայտարարել է, որ մետրոյի նոր կայարանի նախագիծը պատրաստվել է 2024 թ․-ի դեկտեմբերին։

Պետական եւ համայնքային գնումների մասին տեղեկատվություն հրապարակող պաշտոնական հարթակներում՝ gnumner.minfin.am եւ armeps.am, հրապարակված չէ մատուցված ծառայության հանձնման-ընդունման ակտը։ Առկա են պայմանագիրը եւ 5 առանձին համաձայնագրեր։ Համաձայնագրերը վճարումների մասին են, որոնցից 5-րդը ստորագրվել է 2023 թ․-ին։

«Հետքը» պարզել է, որ «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը կազմել է/պատրաստել է մետրոյի կայարանի միայն նախագիծը, որը փոխանցել է քաղաքապետարանին, սակայն շինարարությունը հնարավոր չէ իրականացնել առանց «աշխատանքային փաստաթղթերի»։ Այդ փաստաթղթերով է շինարարական կազմակերպությունն առաջնորդվում շինարարությունն անելիս, որտեղ կոնկրետ նշված են լինում յուրաքանչյուր կոնստրուկցիայի/շինության կառուցման տվյալները։

Քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տրանսպորտի եւ մետրոյի ծրագրերի ղեկավար Տիգրան Մուշեղյանը «Հետքին» հայտնեց, որ կնքված պայմանագրի տեխնիկական բնութագրով նախատեսված աշխատանքները կատարվել են ոչ լիարժեք, ինչի հետեւանքով տուժում է համայնքը։

««Մետրոգիպրոտրանս» ընկերությունը կատարել է միայն «Նախագիծ» փուլի ծավալին համապատասխանող աշխատանք, մինչդեռ պայմանագրով նախատեսված 1.8 միլիարդ դրամ ֆինանսական միջոցները նախատեսված էին նախագծային փաստաթղթերի թե՛ «Նախագիծ» և թե՛ «Աշխատանքային փաստաթղթեր» փաթեթների մշակման համար: Այսինքն՝ գործը մնացել է անավարտ»,- ասաց Տիգրան Մուշեղյանը։ Նա այս խախտման մասին տեղեկացել է 2025 թ․-ին՝ համայնքային ԾԻԳ-ում աշխատանքի անցնելուց կարճ ժամանակ անց։

Նշված բացթողման մասին Տիգրան Մուշեղյանը տեղեկացրել է ԾԻԳ-ի ղեկավարությանը և առաջարկել լրացուցիչ համաձայնագրով կատարել անհրաժեշտ ճշտում՝ համապատասխանեցնել տեխնիկական առաջադրանքը փաստացի կատարված աշխատանքի ծավալին։ «Արդյունքում կազմվեց թիվ 6 համաձայնագիրը: Սակայն, քանի որ ԾԻԳ-ի ղեկավարության կողմից գործնական որևէ քայլ չհետևեց պայմանագրով նախատեսված վճարման չափը կարգավորելու և այն փոքրացնելու ուղղությամբ, ապա դա դարձավ խախտումը քողարկելու փորձ` հարցը չդրվեց պատասխանատու ստորաբաժանման քննարկմանը, և արդյունքում նախագծողին վճարվեց պայմանագրով նախատեսված ամբողջ գումարը»,- նկատում է ԾԻԳ-ի պաշտոնյան, որը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն։

Դատախազությունից մեր գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրին, որ հաղորդման հիման վրա քրեական վարույթ չի նախաձեռնվել, փոխարենը՝ դատախազի որոշմամբ հաղորդումն ուղարկվել է ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ օպերատիվ ստուգողական գործողությունների։ Ներքին գործերի նախարարությունից էլ տեղեկացանք, որ Քրեական ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում։

Նոյեմբերի 18-ին գրավոր հարցմամբ դիմել ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել պայմանագրում կատարված փոփոխությունների վերաբերյալ։ Դեկտեմբերի 25-ի դրությամբ մեր գրավոր հարցման պատասխանը չենք ստացել։

Համայնքային ՀՈԱԿ-ի Տրանսպորտի եւ մետրոյի ծրագրերի ղեկավար Տիգրան Մուշեղյանը համոզված է, որ ռուսական ընկերության աշխատանքը 1.8 միլիարդ դրամ չարժե։ Այսինքն՝ այդ գումարով հնարավոր էր ե՛ւ նախագիծը պատրաստել, ե՛ւ աշխատանքային փաստաթղթերը, սակայն այսօր համայնքը փաստաթղթերի համար լրացուցիչ ծախս պետք է անի։ Ո՞րն է ստեղծված իրավիճակի պատճառը. Տիգրան Մուշեղյանի կարծիքով՝ Երևանի քաղաքապետարանի կողմից պայմանագրի կողմ հանդիսացող պատասխանատուների առնվազն ոչ պրոֆեսիոնալ մոտեցումն ու անփութությունը։

Նմանատիպ նյութեր

Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն Ազիզյան

Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն Ազիզյան

Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք: Այս մասին հայտնել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ Ըստ Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF) անսամբլային կանխատեսման՝ հուլիսի 6–13-ն Եվրոպայի վրա կրկին...

Ես համաձայն չեն նման խաղաղությանը, երբ երկիր ենք կորցնում․ Հարցում

  «Ձեզ համար է՞լ է պարզ, որ խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարող բերել, քանի որ Ազգային Ժողովում այս անգամ այդքան պատգամավոր չունի, որ խաղաղության պայմանագրի օգտին քվեարկեն»,- այս հարցն է տրվել Գյումրու բնակիչներին։ Կարծիքները՝...

ՌԴ-ում առանց վիզայի մուտք գործողների համար նոր թվային պահանջ է ուժի մեջ մտնում

ՌԴ-ում առանց վիզայի մուտք գործողների համար նոր թվային պահանջ է ուժի մեջ մտնում

Հուլիսի 1-ից սկսած՝ բոլոր առանց վիզայի օտարերկրյա քաղաքացիները պարտավոր կլինեն Ռուսաստան մուտք գործելիս օգտագործել «Госуслуги RuID» հավելվածը։ Այս մասին Риа Новости-ին ասել է Պետդումայի վերահսկիչ կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Գուսևը։ «Հուլիսի 1-ից սկսած՝...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները

ՀՀ Սահմանադրական դատարանում շարունակվում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։ Հիշեցնենք, որ ՍԴ դիմել էին ընտրությանը մասնակցող 18 քաղաքական ուժերից 7-ը՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» կուսակցությունների դաշինքները,...

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. Ազիզյան

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. Ազիզյան

Սևանա լիճը շարունակում է ուրախացնել իր դրական դինամիկայով։  Այս մասին գրել է Լեւոն Ազիզյանը. «Նախորդ օրվա համեմատ լճի մակարդակը բարձրացել է ևս 1 սմ-ով, ինչի արդյունքում արդեն գերազանցվել է 1993 թվականի ցուցանիշը։ Սա ևս մեկ կարևոր վկայություն է, որ 2026 թվականը Սևանա...