ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով կմեկնի Երևան՝ «նոր լիցք հաղորդելու ռուս-հայկական միջպետական հարաբերություններին»։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնում է ՌԴ խորհրդարանի վերին պալատի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ հարցը քննարկվել է Դաշնային խորհրդի նախագահի և Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հեռախոսազրույցում, որը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։
«Զրուցակիցները քննարկել են նաև Դաշնային խորհրդի նախագահի՝ իր հայ գործընկերոջ հրավերով Երևան կատարելիք պաշտոնական այցի մանրամասները՝ ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու անհրաժեշտության լույսի ներքո»,- ասվում է Դաշնության խորհրդի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Մատվիենկոյի խոսքով՝ «այցը պետք է բովանդակալից նախապատրաստվի»։
Այցի ժամկետը չի հաղորդվում։
ՀՀ ԱԺ մամուլի ծառայության հաղորդագրությունում նշվում է, որ զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին, ինչպես նաեւ ԱՊՀ ՄԽՎ խորհրդում և այլ հարթակներում համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: