Բյուջեն քաղաքացու գրպանն է, բայց իշխանությունն է որոշում՝ ինչպես ծախսել գրպանի փողը․ 168․am

24 Փետրվարի, 2025

168․am-ը գրում է․ Իշխանությունները ժողովրդի գլխին ինչ խաղ ասես՝ խաղում են, ասում են՝ ժողովրդի համար ենք անում։ Իրենց աշխատավարձերը բարձրացնում են, ասում են՝ ժողովրդի համար ենք անում, անում ենք, որ կաշառք չվերցնենք։ Տրանսպորտը թանկացնում են, հարկերը բարձրացնում են, ամեն ինչ թանկացնում են, ասում են՝ ժողովրդի համար ենք անում։

Ժողովրդի համար են անում, բայց վերջում տուժողը ժողովուրդն է։

Գույքահարկն անգամներով բարձրացրել են, ասում են՝ ժողովուրդը հարստացել է։ Եթե գույքահարկը բարձրացել է, նշանակում է՝ ձեր տան գինն է բարձրացել։

«Ես 2005թ. բնակարան եմ ձեռք բերել, նախորդ տարի մեր բնակարանը վաճառել եմ ձեռք բերված գնից 3 անգամ ավելի թանկ գնով։ Սա այն դասական դեպքն է, երբ մենք գումարը քաղաքացու աջ գրպանից վերցնում ու դնում ենք ձախ գրպանը։

Բարձր գույքահարկը նշանակում է՝ քաղաքացին նստած իր տան մեջ՝ հարստացել է, սրա մասին է խոսքը»,- խորհրդարանի ամբիոնից հայտարարում է Նիկոլ Փաշինյանը՝ փորձելով համոզել, թե գույքահարկի բարձրացումը քաղաքացու օգտին է. դրա արդյունքում բնակարանը թանկացել է։ Բայց մեկը մյուսի հետ բացարձակ կապ չունի, ժողովրդին խաբելու համար է ասում։ Տարիներ առաջ, երբ գույքահարկը չէր բարձրացել, էլի բնակարանների գները բարձրանում էին։ Նույնիսկ ավելի շատ, քան վերջին տարիներին, ու դա գույքահարկի հետ բոլորովին կապ չուներ։

Գույքահարկն ավելացել է, որովհետև գույքահարկի հաշվարկի բանաձևն են փոխել։

Նախկինում գույքահարկը հաշվարկվում էր բնակարանների կադաստրային արժեքով, որն անհամեմատ ավելի ցածր էր, քան շուկայական արժեքը։ Կադաստրային արժեքը վերանայել են՝ հավասարեցրել շուկայական արժեքին։

Հարկը սկսել են հաշվել շուկայականին մոտարկված արժեքից։ Դրա արդյունքում էլ բնակարանների գույքահարկերի վճարներն անգամներով ավելացել են։

Բայց դա բնակարանների թանկացման հետ կապ չունի։ Եթե նույնիսկ բնակարանները չթանկանային, միևնույն է՝ գույքահարկն ավելանալու էր։

Բնակարանների թանկացումը գույքահարկի ավելացման հետ կապ չունի, սակայն հետագայում անպայման ունենալու է։ Առաջիկայում, երբ բնակարանների շուկայական գների վերագնահատում անեն ու բարձրացնեն, գույքահարկն ավելի շատ կբարձրանա։

Ովքեր չեն կարողանա վճարել, խորհուրդ են տալիս վաճառել, գնալ ավելի էժան գույք գնել։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ չեք ուզում վաճառել, ձեր բնակարանները վարձով տվեք, գնացեք ծայրամասերում, գյուղերում ապրեք։

Ուզում են քաղաքի կենտրոնն ազատել՝ հարստացած ու հղփացած երիտհեղափոխականների համար։

Այնպես որ, գույքահարկի բարձրացման նպատակը ոչ միայն ավել փող հավաքելն է, այլև մարդկանց իրենց պապենական բնակարաններից վտարելը։

Գույքահարկի բարձրացումից հետո, քաղաքացիների վճարների հաշվին տեղական բյուջեների գումարները կրկնապատկվել են, երբեմն՝ եռապատկվել ու քառապատկվել։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե այդ գումարները ծախսվում են քաղաքացիների կարիքների վրա։ Ավելին, ասում է՝ օրենսդրական փոփոխություններ ենք արել ու համայնքներին պարտավորեցրել բյուջեի մի մասը ծախսել մասնակցային բյուջետավորման միջոցով։ Այսինքն՝ քաղաքացին որոշի, թե ինչի վրա ծախսի բյուջեի մի մասը։

Երևանում քաղաքային տրանսպորտի ուղեվարձը բարձրացրել են, մարդիկ պահանջում են տրանսպորտը թանկացնելու փոխարեն՝ սուբսիդավորել գույքահարկի գումարների հաշվին, կտրականապես մերժում են։

Հետո էլ ասում են՝ բյուջեն քաղաքացու գրպանն է, քաղաքացին է որոշում, թե ինչպե՞ս և ինչի՞ վրա ծախսի գույքահարկից հավաքված գումարները։

Տրանսպորտը թանկացնելու պատճառով մի իսկական քաոս է սկսվել՝ քաղաքացիների մի մասը բոյկոտում է թանկացումը, քաղաքային բյուջեն չի ստանում թանկացումից ակնկալվող գումարները։ Այնպես է ստացվել, որ թանկացումից հետո քաղաքային տրանսպորտից մուտքերը նույնիսկ պակասել են։ Քաղաքացիների գրեթե կեսը բոյկոտում է տրանսպորտի թանկացումն ու չի վճարում։ Բայց քաղաքային իշխանությունները նույն համառությամբ շարունակում են անտեսել քաղաքացիների պահանջները։ Մի բան էլ ուզում են հարկադիր միջոցներ կիրառել։

Այսքանից հետո փորձում են համոզել, թե տրանսպորտի թանկացումը ժողովրդի շահերից է բխում, ժողովրդի համար ու ժողովրդի օգտին են անում։

Եկամուտների համատարած հայտարարագրում են պարտադրում, ժողովուրդը դժգոհում է, ուզում են համոզել, որ հայտարարագրումն անում են ժողովրդին փող տալու համար։ Ժողովրդին փող տվողն առանց դրա էլ կտար։

Փողը տալու պատրվակով՝ փորձում են մեղմել դժգոհությունները, մինչև իրենց ուզածին հասնեն։

Այսօր մի քանի դրամ կտան՝ վաղը քթներից կբերեն։ Կպարտադրեն անգամներով ավելի շատ վերադարձնել, երբ սկսեն ուսումնասիրել հայտարարագրերը։ Հայտնի խոսք կա՝ «Ձրի պանիրը միայն թակարդում է լինում»։ Թակարդ են լարում ժողովրդի համար։

Բյուջեում փող չկա նախատեսված ծախսերը կատարելու համար, չնախատեսված ծախսերով են փորձում գայթակղել ժողովրդին, միլիարդավոր դրամների սոցիալական աջակցությունից են խոսում։ Ինչի՞ հաշվին, երբ բյուջեում դրա համար փող չկա։

Բյուջեում փող չկա, այդ պատճառով էլ փոքր բիզնեսին են խեղդում հարկերով։ Մի կողմից հայտարարում են, թե փոքր բիզնեսի 62 տոկոսի օրական շրջանառությունն ընդամենը 27 հազար դրամ է, ու դրանով բիզնեսը չի կարող գոյություն ունենալ, մյուս կողմից՝ կրկնակի ծանրացնում են հարկային բեռը, որպեսզի ընդհանրապես դադարեն գործել։

Եթե բիզնեսը 5 տոկոսի տակ չի կարողանում աշխատել ու ստիպված ստվեր է մտնում՝ գոյատևելու համար, ինչպե՞ս պետք է աշխատի 10 տոկոսի պարագայում։

Կարծում են՝ հարկերը բարձրացնելով՝ բիզնեսը դուրս կգա ստվերից։ Բայց այդպես չի լինում։ Դրա համար բազմաթիվ այլ մեխանիզմներ կան։ Հարկային բեռի կրկնապատկումը բոլորովին էլ դրանց մեջ չի մտնում։ Ստվերը բացահայտելու համար ոչ թե բեռն ավելացնում են, այլ հակառակը՝ նվազեցնում են, մյուս կողմից՝ էլ խստացնում են վարչարարությունը, որպեսզի բիզնեսին շահավետ լինի ստվերից դուրս գալը։

Իշխանությունների գրած օրենքների ու դրած անհարկի բարձր հարկերի պատճառով է, որ բիզնեսը ստիպված ստվեր է մտնում։ Բայց դա ո՛չ բիզնեսի, և ո՛չ էլ ժողովրդի շահերից է բխում։

Նմանատիպ նյութեր

Վեդիում ծորակի հարցի շուրճ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. 4 ձերբակալված կա

Վեդիում ծորակի հարցի շուրճ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. 4 ձերբակալված կա

Հունիսի 24-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում և համայնքային ոստիկանության գլխավոր...

Հայկ Մարությանի կուսակցությունն այլևս չի մասնակցի ՍԴ նիստերին

Հայկ Մարությանի կուսակցությունն այլևս չի մասնակցի ՍԴ նիստերին

Հայկ Մարությանի ղեկավարած «Նոր Ուժ» կուսակցությունը հայտարարել է, որ այլևս չի մասնակցելու Սահմանադրական դատարանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին։ Նման որոշում է կայացվել դատարանում իրենց դիմումը և հիմնավորումները...

Հերթական անգամ խոստովանեց` Արցախը հանձնել է գիտակցաբար․ Իշխան Սաղաթելյան

Հերթական անգամ խոստովանեց` Արցախը հանձնել է գիտակցաբար․ Իշխան Սաղաթելյան

«Ես նաև ասել եմ՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Այո՛, ես այն մարդն եմ, ով դա ասել է։ Եվ այդ ասելու արդյունքում է, որ մենք հասել ենք այս կետին։ Եվ սա լավ կետ է։ Իշխան Սաղաթելյանը հիշեցրել է Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը՝ պնդելով, որ այն հերթական...

IMEI համակարգի կարգավորում. հարցը տեխնոլոգիան չէ, այլ՝ պետական կարգավորման որակը․ Տիիգրան Ջրբաշյան

IMEI համակարգի կարգավորում. հարցը տեխնոլոգիան չէ, այլ՝ պետական կարգավորման որակը․ Տիիգրան Ջրբաշյան

IMEI համակարգի կարգավորում. հարցը տեխնոլոգիան չէ, այլ՝ պետական կարգավորման որակը։ Այս մասին գրել է  «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: «ՀՀ կառավարությունը ներկայացրել է բջջային սարքերի IMEI համարների գրանցման և վերահսկման միասնական...

Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

 Վալդայում հանդիպել են Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն: Նրանց քննարկման հիմնական թեման եղել է Ուկրաինայում պատերազմը: Կրեմլի փոխանցմամբ՝ նրանք քննարկել են նաև առևտրատնտեսական համագործակցությունը, համատեղ նախագծերի...