Հիմա երկու լուր կարդամ` համեմատենք: Մեկը այսօրվա է՝ այս իշխանության բրենդի մասին է՝ կոռուպցիայի, թալանի կամ կոռուպցիոն մեծ կասկածով լեցուն ԱՆԻՖ հիմնադրամի։ Կարդում եմ, որ «Ֆլայ Արնա»-ն՝ սնանկ է ճանաչվել: ԱՆԻՖ-ում կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ երեք քրեական վարույթ կա, այդ թվում՝ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության, առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու, «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդում» կատարված ուսումնասիրության արդյունքում ի հայտ եկած չարաշահումների վերաբերյալ։ Երկու տարի քննում են, բայց անգամ մեղադրյալ չկա։ Ինչո՞ւ չկա, որովհետև սա կապված է ուղիղ ՀՀ կառավարության հետ։ Հիշեցնեմ, որ ԱՆԻՖ-ում, որը նիկոլենք բացեցին, ձախողեցին ու լուծարեցին, ժողովրդի գրպանից մսխվել է, փոշիացվել է շուրջ 25 մլն դոլար։ 25 մլն դոլար չհասկացաք ինչի՝ գնաց, բայց մեղադրյալ դժվար էլ լինի, քանի որ այն կապվում է կառավարության՝ Նիկոլ Փաշինյանի, Տիգրան Ավինյանի ու նմանների անվան հետ։
Հիմա կարդում եմ մեկ այլ լուր, 10 օր առաջվա։ Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ Փաշինյանը ֆեյսբուքում գրառում էր անում, թե ՀՀ-ին է փոխանցել 2010 թվականի արտադրության «Ռենջ Ռովեր» ու ավելացնում է՝ էն որ ասում էի հատիկ առ հատիկ, սա է։ Հիմա չեմ անդրադառնա հարցին, որ Նիկոլ Փաշինյանի Մյունխեն այցը պետական բյուջեի վրա շատ ավելի թանկ է նստել, քան էն «Ռենջը», որը իբր հետ են բերել։ Հհիմա չեմ անդրադառնա նրան, որ Նիկոլ Փաշինյանի այդ այցը նաև անիմաստ ծախս է եղել պետության վրա, մսխվել է, որովհետև նա այնտեղ զբաղված էր ֆեյսբուքյան գրառումներ անելով ու անկարևոր բաներով։
Որքա՞ն է գնահատվում ժողովրդին վերադարձված այդ թալանը․ շուկայական հաշվարկով՝ մոտ 20 հազար դոլար։ Գիտե՞ք այդ՝ որպես թալան հետ բերված ավտոմեքենան ԱՆԻՖ-ով փոշիացված գումարի քանի տոկոսն է կազմում․ 0,15։ Գիտե՞ք ԱՆԻՖ-ով փոշիացված էդ գումրով քանի հատ էդ Ռենջից կարելի էր գնել․ 1250։ Այսինքն՝ մի հատ ավտոմեքենան են հետ բերել, իսկ ընդամենը մեկ հիմնադրանով, ընդամենը մեկ օբյեկտով քա՞նի հատ են այդ մեքենայից թալանել։ 1250-ը՝ 1-ի դիմաց։ Ժողովուրդ ջան մի կողմից մենք խոսում ենք ահռեի թալանի մասին, մյուս կողմից՝ այպես կոչված նախկին իշխանությունների օրոք թալանի վերադարձի մասին։ Համեմատելի ե՞ն․ իսկական թալանը տեսնո՞ւմ եք որն է։ Ես ընդամենը մեկ դեպքից խոսեցի։
Զանգում եմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, հարցնում եմ՝ ինչո՞ւ չի գործում կայքի արխիվը, որ կարողանամ համեմատել ՔՊ-ական պաշտոնյաների՝ 2018 թվականից ի վեր արած հայտարարագրերը․ ինձ պատասխանում են՝ խափանվել է ու չգիտենք երբ կկարգավորվի։ Ինչո՞ւ չի կարգավորվում․ գուցե նրա համար, որ չկարողանա՞նք համեմատել, թե Հրաչյա Հակոբյանը, Ալեն Սիմոնյանը, Սուրեն Պապիկյանը, Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը, Հայկ Կոնջորյանն ու մյուս-մեկելները պետական բյուջեի՝ մեր ու ձեր միջոցների հաշվին քանի հատ Ռենջ Ռովերի գումար են աշխատել, ինչ դղյակներ, ավտոներ, տներ։ Էս մարդիկ ձեր փողերով իրենց եվրոռեմոնտ են արել, տյունինգ են արել, ու ձեզ վերադարձրել են մի հատ քոսոտ Ռենջ․ վայելիր ժողովուրդ ջան, հերթ սահմանեք, թե 3 մլն վարչապետից որ օրը որ մեկդ է քշելու էդ 2010 թվի ավտոն։ Հա մի բան էլ ասեմ, էդ ավտոմեքենան որ իբր վերադարձրել են 10 մլն դրամի դիմաց, աճուրդի է դրվել 5 մլն դրամով ու եթե վաճառվի, գումարը, որպես թալանի վերադարձ, չեն բաժանելու ժողովրդին, այլ գնալու է պետական բյուջե ու ՔՊ-ականները պարգևատրվեն։
Հարցն այն է, որ մենակ ԱՆԻՖ-ը չէ, որով թալանել են պետական բյուջեն։ Չեմ դադարելու հիշեցնել Սնուփ Դոգի համերգի 6 մլն դոլարը, որով կարելի էր գնել 300 հատ Նիկոլի ասած Ռենջից։ Փոշիացրեցին։ Քեզ թալանում են ու մունաթ են գալիս, թե՝ հիշում ե՞ս որ ասում եի հատիկ առ հատիկ, «կալոս առ կալոս» վերադարձնում եմ։ Փաշինյանի սպասարկող ավտոմեքենան, Աննա Հակոբյանի ավտոմեքենան, նրանց թիկնազորի մեքենաները, Ալեն-մալենների ավտոների վրա քա՞նի հատ էդ թալանված Ռենջի գումար է ծախսվում՝ ամեն օր։
Մի ուշագրավ բան էլ այն է, որ երբ ուսումնասիրում ենք դատարաններում քննված և ավարտված գործերով պետությանը և համայնքներին պատճառված վնասների վերականգնումը, պարզվում է, որ դա ավելի քիչ է, քան միայն ԱՆԻՖ-ով պետությանը պատճառված վնասը։ Օրինակ, 2021 թվականին, համաձայն դատախազության, վերականգնվել է ընդամենը 97 մլն դրամի վնաս, 2022 թվականին՝ 332 միլիոն դրամի վնաս։ Երկու տարում սրանք վերականգնել են 430 մն դրամից պակաս։ Դա կազմում է 1 մլն դոլարից մի քիչ ավելի։ Միայն ԱՆԻՖ-ով փոշիացվել է 25 անգամ ավելի փող։ Իսկ էդ 1 մլն դոլար վնասի վերականգնման համար որքա՞ն է ծախսել պետությունը հակակոռուպցիոն կոմիտեների, հանձնաժողովների, դատախազության, դատարանների վրա։ Եթե էս սաղ հաշվենք, կպարզվի, որ ամեն 1 դրամ հետ բերեու վրա Նիկոլի անճար իշխանությունը ծախսել է մի 100 դրամ, ամեն մեկ դրամի դիմաց՝ 100 դրամ։ Իսկ վերադարձած մեկ դրամը ոչ թե ժողովրդին է վերադարձել, այլ բյուջե ու դարձել է պարգևավճար էդ մեկ դրամը բերողների համար։ Իրենք վայելում են բյուջեն, քեզ ասում են՝ տե՞ս 15 տարի առաջ արտադրված ավտոյի բանալիներն են․ ինչպես Տիգրան Կարապետիչը կասեր՝ առ քեզ էպիլատոր։
Ժողովուրդ ջան թալանը էս ա։ Փաշինյանը չի գնում պետական բյուջեի դարպասները բացում ու ասում՝ որիդ ինչքան պետք է վերցրեք, բայց երբ որին ինչքան պետք է պարգևավճար է տաիս, հավելավճար է տալիս, շքեղ գործուղումներ, թանկ թռիչքներ, ռեմոնտներ, այ թալան է, կոռուպցիա։
2022թ կոռուպցիայի կանխարգելման համաթվով Հայաստանը 63-րդ տեղում էր, Նիկոլը կառավարության նիստում ասաց՝ անընդունելի, 58-ից իջել ենք 63, պետք է հետևություն անենք։ Գիտե՞ք որ տեղն է զբաղեցրել 2024-ին՝ 63-64։ Սա էլ Նիկոլի արած հետևության արդյունքը․ այսինքն՝ վիճակը վատացել է, փողեր են դուրս գրել ու ծախսել կոռուպցիայի դեմ պայքարի համար, գրանտներ են ստացել, համաժողովներ են արել, ու կոռուպցիան աճում է, դրա դեմ պայքարը՝ դոփում տեղում։ Ես խոսեցի մենակ բյուջեն թալանելուց, չխոսեցի նրանից, որ այս տարի հատ-հատ բոլորիդ գրպանը մտել են արդեն ու պատրաստվում են մտնել հարկերի, տուրքերի, տուգանքների ավելացման ճանապարհով։ Բերեցի թալանի ընդամենը մեկ-երկու օրինակ, չանդրադարձա պատերազմի ժամանակ անխնա թալանին, Համահայկական հիմնադրամի փողերի մսխմանը, կորոնավիրուսի ժամանակ թեստերով, մահճակալների վրա ավելագրումներով, բուժման ծախսերը ուռճացնելով թալանին, պետապարատը հաստիքներով ուռճացնելով թալանին, պետական պարտքը մեծացնելով թալանին։ Սրանցից դեռ կխոսենք, մի դեպք չէ, որ մի անգամ խոսենք վերջանա-գնա։
Կարճ ասած՝ այս իշխանությունը թալանի պիտակը կպցրել է նախկիններին, արել է այնպես, որ հենց խոսեք թալան, կոռուպցիա, հասկանաք նախկիններին, նախկիններով ծածկել են իրենց արած թալանը։ Բայց իրականում ամենամեծ թալանով զբաղված են իրենք։ Ինձ թվում է՝ անգամ գիշերը չեն քնում, որ հասցնեն թալանել։ Պատկերացնում ե՞ք սրանց գնալուց հետո ինչեր են բացահայտվելու։ Վաղը պարզվելու է թե բենզինի մեջ, ծխախոտի մեջ, ադամանդի մեջ, հազար ու մի տենդերների ու այլ բաների մեջ ինչ ճանապարհներով ինչեր են արել։ Իրական թալանը կերևա միայն իրենց գնալուց հետո։
Գիտե՞ք, էս ամենը վերականգնելի է․ բայց սրանք թալանել են նաև անվերականգնելի բան՝ թալանել ու մեզնից խլել են մեր հայրենիքը, մեր Արցախի Հանրապետությունը, որի վերականգնումը արդեն երազանք է թվում։
Սևակ Հակոբյան