Ազգային ժողովում այսօր՝ մարտի 3-ին, Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստը կես ժամով ընդմիջվեց, բայց արդեն մեկ ժամից ավելի է, որ հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի աշխատասենյակում քննարկում է ընթանում:
Նշենք, որ հանձնաժողովի օրակարգում էր ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը, որն արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԺ-ի կողմից:
Ըստ ամենայնի, որոշակի հարցեր կան, որոնք չի հաջողվում համաձայնեցնել, պարբերաբար Արման Եղոյանի աշխատասենյակ ելումուտ է անում ԱԺ քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը:
Նշենք, որ այս հարցը պետք է ընդգրկվեր վաղը մեկնարկող ԱԺ հերթական նիստերի օրակարգում եւ հանձնաժողովի նիստն էլ առավոտյան է սկսվել, որպեսզի նախքան ԱԺ խորհրդի նիստը հանձնաժողովի որոշումը լիներ: Մինչեւ ԱԺ խորհրդի նիստը արդեն պետք է այս օրինագծի վերաբերյալ հանձնաժողովը որոշում կայացրած լիներ: Փաստացի, այս պահի դրությամբ դեռ որոշում չկա եւ կան հարցեր, որոնց շուրջ ճշգրտումների չեն կարողանում հասնել:
Օրենքի նախագծի քվեարկությունը հետաձգվել է: