Եվրախորհրդարանի պատգամավոր Նիլս Ուշակովսը Թուրքիային կոչ է արել առանձնացնել Հայաստանի հետ սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար բացելու պայմանավորվածությունը տարանջատել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացից: Այս մասին Ուշակովսը ասել է Հայաստանի խորհրդարանում ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստում ունեցած ելույթի ժամանակ։
«Կոչ ենք անում, որ Անկարան սահմանային հարցերն առանձնացնի Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների օրակարգից»,-ասաց Ուշակովսը:
2022 թվականի հուլիսի 1-ին Վիեննայում կայացել էր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի և Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի հանդիպումը։ Հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել բացել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։ Չնայած դրանից հետո երկու երկրների հատուկ բանագնացների, արտաքին գործերի նախարների և ղեկավարների միջև տեղի ունեցած մի շարք հանդիպումներին՝ մինչ այս պահն առարկայական տեղաշարժեր այս ուղղությամբ չկան, իսկ Թուրքիան դրանից հետո մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստան-Թուրքիա սահմանը կբացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման դեպքում։