«Բարձր գրականություն» շարքում քննարկվող հերթական գիրքը Վլադիմիր Նաբոկովի  հանրահայտ և սկանդալային «Լոլիտա» վեպն է: Գրականագատներ Արքմենիկ Նիկողոսյանի ու Աննա Չուլյանի կարծիքները վեպին վերաբերող շատ հարցերում չեն համընկնում, և  տեսակետների այդ տարբերությունը շատ ավելի հետաքրքիր ու գրավիչ է դարձնում նրանց զրույցը:

 

Վլադիմիր ՆԱԲՈԿՈՎ

 

Նաբոկովն իրեն համարում էր ամերիկացի գրող, որը ծնվել է Ռուսաստանում, կրթություն ստացել Անգլիայում, որտեղ, ի դեպ, ֆրանսիական գրականություն է ուսանել: Նա Միացյալ Նահանգներ էր տեղափոխվել 1940-ին քսան տարի Ռուսաստանում, տասնհինգ տարի Գերմանիայում, և մոտ երեք տարի Ֆրանսիայում ապրելուց հետո, իսկ կյանքի վերջին տասնվեց տարին հաստատվել էր Շվեյցարիայում: Մանկուց տիրապետել է ռուսերենին, անգլերենին և ֆրանսերենին: «Գլուխս խոսում է անգլերեն, սիրտս` ռուսերեն, իսկ ականջս` ֆրանսերեն»,-ասել է Նաբոկովը: Մինչև 1938 թվականը նա գրում էր ռուսերեն, ապա վերջնականապես անցավ անգլերենին: Տասնյոթ վեպի, երկու վիպակի, բազմաթիվ պատմվածքների, ինչպես նաև բանաստեղծությունների, դրամաների, էսսեների, ինքնակենսագրական գրքերի և թարգմանությունների հեղինակ է:

Նաբոկովի տեղը XX-րդ դարի խոշորագույն գրողների թվում անվիճելի է, բայց նրան համաշխարհային ճանաչում բերեց «Լոլիտան» (1955), որն արդեն դասական երկի համարում ունի, թեև մինչ օրս էլ շարունակում է վեճերի և տարակարծությունների տեղիք տալ:

 

Նաբոկովը գրում է այն եղանակով, որով պիտի գրվի արձանը, ասել է` թե մոլեգնորեն:

Ջոն Ափդայք

 

Լոլիտա

 

Վլադիմիր Նաբոկովի «Լոլիտան»` անչափահաս աղջկա հանդեպ հասուն տղամարդուն համակած ամենակուլ ճակատագրական կրքի այս հուզախռով պատմությունը, բոլոր ժամանակների ամենաաղմկահարույց գրքերից մեկի համբավն ունի: Ի՞նչ է սա, արդեն տասնամյակներ շարունակ ջանում են հասկանալ գրականագետները. կլինիկական դեպքի նկարագրությո՞ւն, մարտահրավեր կեղծ բարեպաշտությա՞նը, ֆրոյդիստական վարժանքնե՞ր գրականության ասպարեզում (թեև Նաբոկովը հեգնալի արհամարհանքով էր վերաբերում Ֆրոյդին), երգիծական պատո՞ւմ, թե՞ տրտմաթախիծ գիրք սիրո և մենության մասին: «Լոլիտա»-ի առեղծվածն անհնար է միանշանակորեն վերծանել:

 

Այս վեպը ես համարում եմ իմ լավագույն անգլերեն գրվածքը, և չնայած թեմայի ու իրադրությունների մեջ անկասկած հեշտասիրություն կա, սա զտարյուն արվեստի և անզուսպ խնդության գործ է:

Վլադիմիր Նաբոկով

 

Մեր դարի միակ համոզիչ սիրավեպը:

Vanity Fair

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ