13 06 2020

Ցուցումը ՀՀ-ից է եղել․ ցուցում տվողներն առաջինը գրեցին․ 5-րդ ալիքի տնօրեն․ 168.am

Ցուցումը ՀՀ-ից է եղել․ ցուցում տվողներն առաջինը գրեցին․ 5-րդ ալիքի տնօրեն․ 168.am

168.am-ը գրում է․ ««Ինձ Արցախից շատերը նամակներ էին գրում, ասում, որ կգնան, սոցփաթեթի բաժանորդագրությունից կհրաժարվեն, եթե «5-րդ ալիքի» հեռարձակումն Արցախում չվերականգնվի, ինչին ես պատասխանել եմ՝ ձեր իրավունքն է, ինչ ուզում եք՝ արեք: Այնպես որ, վերահաստատում եմ նախկին ասածս՝ եթե արցախցին ուզում է մեր ալիքը նայել, կնայի: Թող պայքարի իր իրավունքների համար»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով «5-րդ ալիք» հ/ը Արցախում հեռարձակման դադարեցման արցախյան իշխանությունների վերջնական որոշմանն արցախցիների արձագանքին՝ ասաց հ/ը գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը՝ հավելելով, որ ինքն արցախցիներին հորդորում է հ/ը արտադրանքը Յութուբով նայել, սակայն ողջ հարցն այն է, որ Յութուբում տեղադրվում են իրենց միայն քաղաքական և լրատվական հաղորդումները:

Հարություն Հարությունյանի խոսքով, սակայն, արցախցիները կապվել էին նաև իրենց դոկումենտալ կինոկոնտենտի հետ, որն իրենք իրավունք չունեն համացանցով հեռարձակելու, որովհետև դրա լիցենզիան հ/ը-ն ձեռք է բերել վերգետնյա հեռարձակմամբ ցուցադրելու համար:

«Հիմա, ասենք, արցախցիները զրկվեցին BBC-ի, Netflix-ի, HBO-ի լավագույն սերիալներից, ռուսական սերիալներից, փաստավավերագրական ֆիլմերից: Իրենք են զրկվել, մենք այդ խնդիրը չունենք, որովհետև մենք հայաստանյան հեռուստաալիք ենք»,- նկատեց Հարություն Հարությունյանը:

Մեր հարցին, թե հեռուստաալիքի հեռարձակման դադարեցումն արդյո՞ք հստակ քաղաքական որոշման արդյունք էր, և եթե այո, այստեղի՞ց էր ցուցում տրվել, թե՞ դա Արցախի Հանրապետության նորընտիր նախագահի նախաձեռնությունն էր, հ/ը գործադիր տնօրենը պատասխանեց՝ և, և:

«Այսինքն՝ պարզ է, որ ցուցումն այստեղից է եղել, որովհետև ցուցում տվողներն իրենք առաջինը գրեցին: Ո՞վ գիտեր, որ «5-րդ ալիքը» դադարեցվել է հեռարձակվել Արցախում: Ես չեմ կարծում, որ Արայիկ Հարությունյանը դադարեցնել է տվել հեռարձակումն ու զանգել Արման Բաբաջանյանին զեկուցել է, ու նա էլ անմիջապես գրել է այդ մասին: Այսինքն՝ Արման Բաբաջանյանը գիտեր, որ պետք է փակվի: Կամ նույն ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, որ հաջորդ օրն ասաց, որ հեռուստաալիքը կարգելափակվի… Իրեն որտեղի՞ց նման ինֆորմացիա»,- ասաց Հարություն Հարությունյանը:

Վերջինիս կարծիքով՝ հեռուստաալիքն Արցախում արգելափակվել է խմբակային որոշման արդյունքում:

«Ես հիմա չգիտեմ՝ ճնշո՞ւմ են գործադրել, թե՞ խնդրել են, հատուկ ծրագի՞ր է եղել, ես այդ մանրամասներին չեմ տիրապետում, բայց հստակ է, որ սա քաղաքական որոշման արդյունք է, որովհետև այդ պատճառաբանությունները, որ բերում են, թե իբր սոցփաթեթում «Արարատ» հ/ը-ն է եղել, և «5-րդ ալիքը» չի եղել, թույլ փաստարկ է, քանի որ սոցփաթեթում եղել է «Շարք» ՍՊԸ-ն, այսինքն՝ ապրանքանիշն է եղել, ոչ թե առանձին ալիքներ»,- ասաց հ/ը գործադիր տնօրենը՝ հավելելով, որ ինքն ուղարկել է բոլոր փաստաթղթերը, որոնցում հստակ է, որ «5-րդ ալիքն» «Արարատի» իրավահաջորդն է:

Հարություն Հարությունյանը վստահ է, որ իրենց ներկայացրած փաստաթղթերը չեն հետաքրքրում այդ որոշումը կայացնողներին. նրանց հանձնարարված է եղել փակել ալիքը, և նրանք դա արել են:

«Ես ասում եմ՝ այս ամեն ինչը նախավարժանք է, որ իրենք Արցախում իրականացնում են, հետո ավելի վատ բաներ կարող են անել: Սրանով իրենք ուզում են ստուգել ժողովրդի ռեակցիան, բայց չեմ կարծում, որ դա հեռուստաընկերություն փակելով էր պետք ստուգել»,- ասաց հ/ը ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ երբ Արցախում հեռարձակվում են բազմաթիվ հեռուստաալիքներ, այդ թվում նաև՝ ռուսական, ինչպե՞ս է լինում, որ հայկականը հանվում է այդ ցանկից:

«Ավելին ասեմ, կարծում եմ, թեպետ կստուգեմ, որ Արցախում տեղեր կան, որտեղ ադրբեջանական ալիքները ցույց են տալիս: Օրինակ, ադրբեջանական ռադիոն է նաև Արցախում հասանելի: Ես գոնե Արցախ գնալիս մեքենայի մեջ որսացել եմ ադրբեջանական ռադիոալիքը: Եթե արցախցիների համար ընդունելի է ադրբեջանական հաճախականությունների հասանելիությունը, իսկ հայկականը՝ ոչ… այդ դեպքում թող այդպես լինի, ի՞նչ ասեմ…»,- ասաց Հարություն Հարությունյանը:

Խոսելով քաղաքական շահարկումների մասին՝ «5-րդ ալիքի» գործադիր տնօրենն ասաց, որ իրենք որևէ շահարկում չեն արել, դա արել են պատգամավորները՝ Արման Բաբաջանյանն ու Անդրանիկ Քոչարյանը:

«Այս մարդիկ են առաջինը հայտարարել, և իրենք էլ պետք է ասեն՝ իրենց որտեղի՞ց նման ինֆորմացիա: Կարծում եմ՝ Արցախի իշխանություններն ըստ երևույթին ծանր են տարել, որ Արման Բաբաջանյանն առաջ է ընկել ու հայտարարել է հ/ը փակման մասին»,- նշեց Հարություն Հարությունյանը:

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ որոշումը կվերանայվի, հ/ը գործադիր տնօրենն ասաց, որ միշտ հնարավոր է անօրինական արած բանը շտկել, բայց ինքը չի կարծում, որ այս որոշումը կվերանայվի:

«Ինչ-որ առումով նաև ուրախ եմ սրա համար, որովհետև սրանով իրենք իրենց դեմքը ցույց տվեցին: Սա լավ մեսիջ էր՝ մեզ ուղղված, և նաև իրենց համար թող սա մեսիջ դարձնեն: Մի քանի ամսից այս հարցը քննվելու է, նայելու ենք իրար աչքերի մեջ: Հետաքրքիր է՝ ո՞նց են նայելու մեր աչքերի մեջ: Սա երկար չի շարունակվելու: Մի քանի ամիս հետո ցանկանալու են վերականգնել, թույլ չենք տալու: Այդ ժամանակ արդեն առաջ կգան պայմանագրային հարցեր: Եթե մենք ՍՊԸ էինք ու ձրի տալիս էինք մեր արտադրանքն արցախցիներին, ու արժանացանք նման վերաբերմունքի, այս դեպքում արդեն միգուցե մենք պետք է գնահատենք մեր աշխատանքը»,- ասաց Հարություն Հարությունյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ հեռուստաընկերությունն Արցախում արգելափակելու որոշումը կապ ունենա իր «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմի հետ, ֆիլմի հեղինակ Հարություն Հարությունյանն ասաց, որ շատ հավանական է համարում դա:

«Բոլորս տեսանք, թե այդ նույն պատգամավորներն ինչ սրերով դիմավորեցին այդ ֆիլմի պրեմիերան, պրեմիերայից հետո ինչ արտահայտություններ արեցին և մինչև հիմա չեն հանգստանում: Կարծում եմ՝ այո, հիմնական դերակատարությունը դա է ունեցել, որովհետև որպես հեռուստատեսություն՝ մեզ ինչի՞ համար էր պետք փակել: Տալիս ենք լրատվություն և լավ, բարձրարժեք ֆիլմերի կոնտենտ: Այո, կարծում եմ, որ այս ֆիլմի պատասխանն էր՝ հաշվի առնելով, թե ովքեր արտահայտվեցին այդ ֆիլմի մասին, ովքեր էին ընկել ցուգցվանգի մեջ»,- եզրափակեց հ/ը գործադիր տնօրենը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ